Հելենա Մոջեևսկա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հելենա Մոջեևսկա (լեհ.՝ Helena Modrzejewska, հոկտեմբերի 12, 1840[1][2][3], Կրակով, Կրակովի Հանրապետություն, Լեհաստան[4] - ապրիլի 8, 1909[5][3], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ դերասանուհի։
1865 - 1869 թթ. հանդես է եկել Կրակովի, 1869 - 1876 թվականներին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաիտոստի» թատրոններում։ Հյուրախաղերով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Մոջեևսկայի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարտ (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մոջեևսկան եղել է նաև Ս․ Վիսպյանսկու դրամաների լավագույն դերակատարուհիներից։
Remove ads
Կենսագրություն
Հելենա Մոջեևսկան ծնվել է Կրակովի Հանրապետությունում, 1840 թվականի հոկտեմբերի 12-ին[8][9]։ Ծննդյան անունը գրանցվել է որպես Յադվիգա Բենդա, սակայն հետագայում մկրտվել է որպես Հելենա Օփիդ՝ իր կնքահոր ազգանունով[8]։

Մոջեևսկայի ծագումը հայտնի չէ: Նրա մայրը՝ Յոզեֆա (Միսել) Բենդան, եղել է կրակովցի հարուստ վաճառական Շիմոն Բենդայի այրին[10]։ Իր ինքնակենսագրության մեջ Մոջեևսկան պնդում է, որ իր հայրը Մայքլ Օպիդ անունով երաժիշտ էր[11]։ Բենդա ընտանիքում իսկապես աշխատել է Միխալ Օփիդ անունով երաժշտության ուսուցիչ, որը հետագայում դարձել է Հելենայի կնքահայրը, սակայն Օփիդը չի ճանաչել Յոզեֆա Բենդայի երկու կրտսեր երեխաների հայրությունը[10]։
Կան ապացույցներ ըստ որոնց Հելենան և նրա ավագ եղբայրը՝ Ադոլֆը ծնվել են Յոզեֆայի և հարուստ և ազդեցիկ լեհ ազնվական արքայազն Վլադիսլավ Հիերոնիմ Սանգուշկոյի սիրավեպի արդյունքում[8][10]։ Հելենան ունեցել է կրտսեր քույր՝ Յոզեֆինան և մի քանի խորթ եղբայրներ Յոզեֆայի առաջին ամուսնությունից։ Հելենային և Յոզեֆինային հիմնականում մեծացրել է իրենց մորաքույր Թերեզան:
Մոջեևսկայի ինքնակենսագրության մեջ լուսաբանվել են նրա առաջին ամուսնության մանրամասները՝ նախկին խնամակալ Գուստավ Սիմայերի (լեհ.՝ Gustaw Zimajer) հետ։ Գուստավը եղել է դերասան և երկրորդ կարգի գավառական թատերախմբի ղեկավար[12]։ Գուստավի հետ Մոջեևսկայի ամուսնության ամսաթիվն անորոշ է։ Տարիներ անց Մոջեևսկան պարզել է, որ նրանք օրինական ամուսնացած չեն եղել, քանի որ Գուստավը դեռևս ամուսնացած է եղել իր առաջին կնոջ հետ, երբ իրենք ամուսնացել են[13]։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ որդին Ռուդոլֆը (հետագայում՝ Ռալֆ Մոջեևսկի) և դուստրը՝ Մարիլկան, որը մահացել է մանուկ հասակում[14]։

Գուստավ Սիմայերն օգտագործել է «Գուստավ Մոջեևսկի» բեմական անունը[15]։ 1861 թվականին բեմական դեբյուտը կատարելիս Հելենան ընտրել է այս անվան կանացի տարբերակը և հադես եկել որպես Հելենա Մոջեևսկա (Modrzejewska)[16]։ Հետագայում, արտերկրում հանդես գալով, նա պարզեցրել է իր անունը «"Modjeska"», որն անգլախոս հանդիսատեսին ավելի հեշտ էր արտասանել[17]։
Լեհական դերասանական կարիերայի սկզբում Մոջեևսկան խաղացել է Բոխնիայի, Նովի-Սոնչի, Պշեմիսլի, Ժեշուվի և Բերեժանիի բեմերում: 1862 թվականին առաջին անգամ հայտնվել է Լվովում՝ Յուլիուշ Սլովացկու «Բալադինա» դրամայում խաղալով «Սկիրկայի» դերը։ 1863 թվականից հանդես է եկել Իվանո-Ֆրանկիվսկում, Չեռնովցիում։
1865 թվականին Սիմայերը փորձել է Հելենայի համար պայմանագիր կնքել Վիեննայի թատրոնների հետ, սակայն ծրագիրը տապալվել է գերմաներենի վատ իմացության պատճառով։ Ավելի ուշ այդ տարի Հելենան հեռացել է Սիմայերից՝ վերցնելով իրենց որդուն՝ Ռուդոլֆին և վերադարձել Կրակով[18], որտեղ չորս տարրի թատերական գործունեությամբ է զբաղվել, այնուհետև, 1868 թվականին հանդես է եկել Վարշավայում, որտտեղ գտնվելու ութ տարիների ընթացքում ամրապնդել է թատերական աստղի իր կարգավիճակը: Նրա խորթ եղբայրները՝ Յոզեֆը և Ֆելիքս Բենդան Լեհաստանում նույնպես գնահատված դերասաններ են եղել։

Մի պատահարի արդյունքում երևում են տասնիններորդ դարի լեհական հասարակության սահմանափակումները: Մոջեևսկայի Վարշավայի ներկայացումներից մեկում միջնակարգ դպրոցի տասնյոթ աշակերտ նրան նվիրել են կարմիր-սպիտակ լեհական ազգային գույների ժապավենով կապած ծաղիկների փունջ: Աշակերտներին ռուսական կայսերական իշխանությունները մեղադրել են հայրենասիրական ցույց անցկացնելու մեջ։ Նրանց հեռացրել են իրենց դպրոցից և արգելել ընդունվել որևէ այլ դպրոց։ Աշակերտներից մեկը՝ Իգնասի Նոյֆելդը, այնուհետև կրակել է ինքն իրեն. Մոդրժեևսկան մասնակցել է նրա հուղարկավորությանը[19]։
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads