Շիրակավան (մայրաքաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Շիրակավան (Երազգավորս, Երազգավորք), միջնադարյան քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թվականներին, ներկայիս Բաշ-Շորագյալ գյուղը Թուրքիայում։ Գտնվում էր Ախուրյան ու Կարս գետերի միացման անկյունում, մասնավորապես Ախուրյան գետի աջ ափին՝ Անի քաղաքից ոչ հեռու։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակավան (այլ կիրառումներ)
Remove ads
Պատմություն
Դեռևս Ք.ա. 3-2-րդ դարերում այս տարածքում եղել է բնակավայր։ Այդ մասին վկայում է վրաց մատենագիր Լեոնտի Մրովելին, նշելով, որ Արտաշես Ա-ի օրոք վրաց թագավորն ու հյուսիսային լեռնականները հարձակվում են Հայաստանի վրա, կողոպտում Շիրակավանը և այլ բնակավայրեր[1]։ Շիրակավան մայրաքաղաքի մասին թեև շատ քիչ, բայց վկայություններ կան Սեբեոսի, Ստեփանոս Ասողիկի, Սամվել Անեցու, Վարդան Արևելցու և այլ մատենագիրների աշխատություններում[2]։
Սեբեոսը իր «Պատմության» մեջ, այսինքն 7-րդ դարում, Շիրակավանը հիշատակվում է որպես գյուղ։ Սա հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունն էր։ 869 թվականին Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի գլխավորությամբ գումարված դավանաբանական ժողովը տեղի է ունեցել Շիրակավանում։ Այդ փաստը վկայում է, որ դեռևս մայրաքաղաք հռչակվելուց առաջ այն կարևոր բնակավայր է եղել[1]։
9-րդ դարում՝ Բագրատունյաց թագավորության օրոք, այնտեղ կար ամրոց, պաշտպանական այլ կառույցներ, իսկ 3 կմ հեռավորության վրա գտնվում էր Տիգնիս ամրոցը, որ հետագայում Անի մայրաքաղաքի պաշտպանական կարևոր հենակետ էր դարձել[1]։
Բագրատունյաց թագավորություն իր գոյության 160 տարիների ընթացքում փոխել է 4 մայրաքաղաք։ Սմբատ Ա-ի և Աշոտ Երկաթի օրոք, մոտ 40 տարի, թագավորության արքայանիստն ու մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում` Շիրակավան անունով[3]։ Պատմիչ Վարդան Արևելցին գրում է, որ Սմբատ Բագրատունին Շիրակավանում կառուցել է ս. Ամենափրկիչ եկեղեցին և այնտեղ էլ օծվել է։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1950-ական թվականները[1]։ Սմբատ Ա-ն և Աշոտ Երկաթը իրենց գահակալության շրջաններում ռազմական տեսակետից ամրապնդել է արքայանիստը։ Շիրակավանում կային բերդեր և մի շարք պաշտպանական կառույցներ։ Աբաս թագավորի օրոք (928-953 թթ.) թագավորության մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխվել է Կարս[2]։
Պատմական տարբեր ժամանակահատվածներում քաղաքը բազմիցս ավերվել է թյուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, թուրքմենների, պարսիկների կողմից։ 11-րդ դարում թյուրք-սելջուկների արշավանքի ժամանակ՝ 1064 թվականին, Շիրակավանը ավերվել է։ Այնուհետև Բարսեղ եպիսկոպոսի մի արձանագրության վկայությամբ 12-րդ դարի երկրորդ կեսին քաղաքը վերականգնվել և զարգացում է ապրել Զաքարյանների իշխանապետության օրոք։ Սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից վերածվել է սովորական գյուղի[2]։
Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, ենթարկվելով հնչյունափոխության, դարձել է Բաշ-Շորագյալ։ Ռուսական կայսրությանը միացվելուց հետո, այն մտել է Կարսի մարզի մեջ և որոշակիորեն զարգացում ապրել, առաջադիմել։ 20-րդ դարի սկզբին հայաբնակ մեծ գյուղ էր. 208 տուն՝ 1601 բնակչությամբ։ 1877 թվականին գյուղում բացվել է Սահակյան վարժարանը։ Արշակ Ասլամազյանը գյուղում կառուցել է ջրաղաց՝ Գերմանիայից իր բերած սարքավորումներով։ Վերջինս, ոգևորվելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներով և նրա խորհուրդներով, Շիրակավանում ձեռնարկում է պեղումներ, որի արդյունքում հայտնաբերում է հսկայական նյութ[1]։
Պեղումներ իրականացնելու կամ որպես հյուր Շիրակավան են այցելել Աշխ. Քալանթարը, Հ. Օրբելին, Տարագրոսը, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Ավ. Իսահակյանը։ Վերջինիս հայրենի Ղազարապատ գյուղը մոտ էր Շիրակավանին[1]։
1920-1921 թթ. Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը ոչնչացվել և անհետացել են։ Բաշ-Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում[3]։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads