Ածանց
From Wikipedia, the free encyclopedia
Ածանցներ, արմատներին և բառերին լրացուցիչ իմաստներ տվող և նոր բառեր կազմող բաղադրիչներ։ Երկրորդական ձևույթներ են, որոնք ավելանալով արմատին բառ են կազմում, ավելանալով բառահիմքին փոխում են բառի նշանակությունը և նոր բառ կազմում։ Հայերենում ածանցն ավելանում է բառի սկզբից կամ վերջից, բայց որոշ լեզուներում այն կարող է ավելանալ նաև արմատի մեջ, որից էլ ածանցները բաժանվում են երեք խմբի՝ նախածանց, միջածանց և վերջածանց[1]։ Դրանք բառակազմական երկրորդական ձևույթներ են, որոնք, ավելանալով արմատին կամ բառին, փոխում են նրա իմաստը կամ խոսքիմասային պատկանելությունը, ավելացնում նոր իմաստ։ Դրանք երկրորդական ձևույթներ են՝ ի տարբերություն բառակազմական հիմնական ձևույթների՝ արմատների։
Որոշ ածանցներ բառիմաստին երանգ են տալիս (տատ + իկ = տատիկ, տաք + ուկ=տաքուկ)։ Լինում են նաև քերականական ածանցներ, որոնք քերականական իմաստներ են մուծում բառի մեջ (հարգել–հարգվել, ցանկալ–ցանկանալ)։
Ըստ տեղադրման լինում են՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ։ Հայերենը գրեթե զուրկ է միջածանցներից։ Կան լեզուներ (օրինակ՝ թյուրքական, ուգրո-ֆիննական և այլն), որոնք միայն վերջածանցներ ունեն։ Նախածանցները դրվում են արմատից առաջ (մակ + դիր, արտ + ա + կարգ, գեր + արագ և այլն), վերջածանցները՝ արմատից հետո (հող + ային, մայր + ական, աշխատ + ավոր + ություն են), իսկ միջածանցները՝ արմատի մեջ (համեմատության համար՝ լատիներենում vici և vinco - հաղթում եմ)։ Որոշ մասնագետներ միջածանց են համարում առհասարակ բառի մեջ (ոչ անպայմանորեն արմատի մեջ) եղած ածանցները։ Իրենց քանակով ու գործածությամբ հայերենում գերիշխում են վերջածանցները, պակաս թիվ են կազմում նախածանցները, որոնք էլ ավելի քիչ են եղել նախագրային ու մեսրոպյան շրջանում։ Մի շարք նախածանցներ ստեղծել են հունաբան դպրոցի ներկայացուցիչները։ Այդ նախածանցների զգալի մասը գործածվում է ժամանակակից հայերենում (գեր, մակ, արտ, ենթ, տրամ ևն)։ Բառակազմական դերով ու գործունեությամբ բոլոր ածանցները հավասարազոր չեն. կան առավել տարածված ու կենսունակ, սակավ կենսունակ, ինչպես նաև այնպիսի ածանցներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց դերն ու նշանակությունը, հասնում մեռած կամ քարացած վիճակի[2]։
Նախապես ածանց տերմինը գործածվել է «վերջնամասնիկով կազմված (ածանցական) բառ» իմաստով։ Մանուկ Աբեղյանի ջանքերով այն ներկայումս գործածվում է «բառակազմական մասնիկ» նշանակությամբ[3]։
Ածանցի հավելումը, կցումը, միացումը բառին կամ արմատին անվանվում է ածանցում, որի հետևանքով փոխվում է բառի նշանակությունը կամ կազմվում է նոր բառ։ Հայերենում հատուկ է ածանցումը բառասկզբում և հատկապես բառավերջում։ Ածանցումն առավել տարածված է հնդեվրոպական և թյուրքական լեզուներում։ Բառին կամ արմատին կարող են ավելանալ հաջորդաբար մեկից ավելի ածանցներ։ Ածանցի ամեն մի հավելում կոչվում է բառակազմական քայլ։ Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր կամ ածանցյալներ[4]։