Ամորտիզացիա
From Wikipedia, the free encyclopedia
Ամորտիզացիա (մաշվածքամարում), հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցում ստացվող արդյունքին։ Այն․
- իրական ակտիվի (օրինակ՝ հիմնական արտադրական ֆոնդերի) արժեքի մասի ամենամյա դուրսգրումը, մարումը, մեքենաների, սարքավորման, շենքերի արժեքի փոխանցումը պատրաստի արտադրանքի վրա, վաղաժամկետ դուրսգրումը (մաշվածքից ավելի արագ) հնարավորություն է տալիս արագորեն թարմացնել, նորացնել հիմնական ֆոնդերը,
- վարկի փուլային մարումն է որոշակի գրաֆիկին համաձայն։
Հիմնական ֆոնդերի արժեքի մաս առ մաս փոխանցումը (մաշվելու համեմատ) դրանց միջոցով արտադրվող արդյունքին և այդ արժեքի օգտագործումը՝ աշխատանքի միջոցների մաշվածքը փոխհատուցելու համար։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։
Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա անհրաժեշտությունը բխում է վերարտադրության պրոցեսում հիմնական ֆոնդերի մասնակցության առանձնահատկություններից հիմնական ֆոնդերը գործում են արտադրության մի շարք պարբերաշրջանների ընթացքում՝ պահպանելով իրենց բնաիրային ձևը։ Արդյունքի յուրաքանչյուր միավորի արժեքը պարունակում է հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա, սւյսինքն՝ հիմնական ֆոնդերի սկզբնական (եթե կատարվել է վերագնահատում, ապա վերականգնման) արժեքի մի մասը։ Համապատասխանաբար, որոշակի մեծության հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա է պարունակում և ձեռնարկության տարեկան հասույթը։ Հիմնական ֆոնդերի օգտագործման ժամկետը լրանալուց հետո նրանց յուրաքանչյուր տարրի արժեքն ամբողջությամբ վերադառնում է դրամական ձևով, այսինքն՝ ավարտում է իր պտույտը, և հիմնական ֆոնդերը փոխհատուցվում են արժեքային արտահայտությամբ։ Բնաիրային ձևով հիմնական ֆոնդերը վերարտադրվում են մասնակիորեն (կապիտալ նորոգում) և ամբողջովին (նորացում)։ Հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։ Գիտականորեն հիմնավորված ամորտիզացիոն նորմաների սահմանումը ենթադրում է հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն ժամանակ աշրջանի (ծառայության ժամկետի) որոշումը՝ հաշվի առնելով ինչպես դրանց ֆիզիկական, այնպես էլ բարոյական մաշումը։ Գործող նորմաների կարևորագույն առանձնահատկությունն այն Է, որ գրեթե լրիվ հաշվի են առնում սարքավորումների բարոյական մաշումը, ինչպես նաև միջին նորոգման ծախսերը, որ տարեկան կատարվում են մեկ անգամից ոչ ավելի և իրենց տնտեսական բնույթով չեն տարբերվում կապիտալ նորոգումից։ Ամորտիզացիոն մասհանումները մտնում են արտադրանքի ինքնարժեքի մեջ՝ բաժանվելով երկու մասի՝ հիմնական ֆոնդերի լրիվ փոխհատուցման և դրանց մասնակի նորոգման համար։ Ընդ որում, առաջանցիկ տեմպերով աճում են հիմնական ֆոնդերի նորացման մասհանումները։
Հաշվապահական հաշվառման մեջ մաշվածությունը վերաբերում է նույն հայեցակարգի երկու ասպեկտներին. առաջինը՝ ակտիվի իրական արժեքի փաստացի նվազումը, ինչպես օրինակ՝ գործարանային սարքավորումների արժեքի նվազումը ամեն տարի, երբ այն օգտագործվում և մաշվում է, և երկրորդ՝ տեղաբաշխումը հաշվապահական հաշվառման մեջ։ ակտիվների սկզբնական արժեքի մասին հաշվետվություններ այն ժամանակաշրջանների համար, որոնցում օգտագործվում են ակտիվները[1]։
Այսպիսով, մաշվածությունը ակտիվների արժեքի նվազումն է և այն մեթոդը, որն օգտագործվում է նյութական ակտիվի (օրինակ՝ սարքավորումների) արժեքը վերաբաշխելու կամ «գրելու» համար դրա օգտակար ծառայության ժամկետի ընթացքում։ Ձեռնարկությունները ամորտիզացնում են երկարաժամկետ ակտիվները ինչպես հաշվապահական, այնպես էլ հարկային նպատակներով։ Ակտիվների արժեքի նվազումը ազդում է ձեռնարկության կամ կազմակերպության հաշվեկշռի վրա, իսկ ակտիվի մաշվածության մեթոդը, հաշվապահական առումով, ազդում է զուտ եկամտի և, հետևաբար, եկամուտների մասին հաշվետվությունների վրա, որոնք նրանք ներկայացնում են։ Սովորաբար, արժեքը բաշխվում է որպես ամորտիզացիոն ծախս այն ժամանակաշրջանների միջև, որոնցում ակնկալվում է, որ ակտիվը կօգտագործվի։