Անդրեյ Մարկով
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Անդրեևիչ Մարկով (ռուս.՝ Андрей Андреевич Марков, հունիսի 2 (14), 1856, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 20, 1922(1922-07-20)[1][2][3], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս մաթեմատիկոս։ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1890)։ 1886 թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկով
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878)։ Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթեմատիկական անալիզին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880 թվական) տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովն ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովն զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։