Ապոլոնի աստերոիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Ապոլոններ, կամ Ապոլոնի աստերոիդներ Երկրին մոտեցող աստերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (1862) Ապոլոն։ Այս խմբի աստերոիդներ են հանդիսանում այն մարմինները, որոնք հատում են Երկրի ուղեծիրը (պերիհելին փոքր է 1,017 ա. մ.) և ունեն ոչ պակաս քան 1 ա. մ. մեծ կիսաառանցք։ Նրանցից մեծամասնության ուղեծրերը ընկած են Վեներայի և Յուպիտերի միջև, սակայն կան նաև բացառություններ։ Այսպես ամենից մոտը Արեգակին մոտենում է 2005 HC4 (0,071 ա. մ., հինգ անգամ ավելի մոտ քան Մերկուրին), իսկ ամենա հեռուն Արեգակից հասնում է 1999 XS35 (35,2 ա. մ., ավելի հեռու քան Նեպտունը)։
- Այս հոդվածը աստերոիդների խմբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ապոլլոն (այլ կիրառումներ)։
Ապոլոնները ունեն անկանոն ձև և համեմատաբար փոքր չափեր, այլ խմբերի ներկայացուցիչների համեմատ։ Նրանցից ամենամեծը (1866) Սիզիֆուսն է, որն ունի մոտ 8,2 կմ տրամագիծ։
Այս խմբի աստերոիդները պարբերականորեն հատում են Երկրի ուղեծիրը, հետևաբար հանդիսանում են վտանգավոր։ 1960-ականների վերջում Երկրից համեմատաբար մոտ էր անցնում Իկարուսը։ 1970-ականներին գիտնականները սկսեցին ավելի ակտիվորեն որոնել Ապոլոններ։ Մասնավորապես, այս խմբի մի քանի նոր աստերոիդներ հայտնաբերվեցին Էլեանոր Հելինի և Յուջին Շումեյկերի կողմից։
1998 թվականին, համատեղ ջանքերով ԱՄՆ Ռազմա-Օդային ուժերը, ՆԱՍԱ-ն և Մասսաչուսեթսյան տեխնոլոգիական ինստիտուտը ստեղծեցին ԼԻՆԵԱՐ ծրագիրը (անգլ.՝ LINEAR), որի նպատակն էր մերձերկրյա աստերոիդների որոնումը։ Նրանց մեծամասնությունը հանդիսանում են Ապոլոններ։ 2006 թվականին Երկրի մոտակայքում, 432 հազ. կմ հեռավորության վրա (սա մի փոքր մեծ է մինչև Լուսին ընկած հեռավորությունից), անցավ ԼԻՆԵԱՐ ծրագրի շրջանակներում հայտնաբերված Ապոլոններից մեկը՝ 2004 XP14:
2012 թվականի փետրվարի 25-ի տվյալներով հայտնի են 4662 Ապոլոններ[1]։