Արդարադատություն
From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատություն, իրավափիլիսոփայական տեսություն, որը նախատեսում է արդարություն և անաչառություն[1]։ Ինչպես փիլիսոփայության վրա հիմնված մյուս տեսությունները, արդարադատությունը ևս ունի հասկացությունների ամբողջություն, որոնցով էլ այս առարկան նկարագրում է օբյեկտիվ իրականությունը[2][3]։ Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, որն իր խոhափիլիսոփայական ընկալումներով տարբեր մշակույթներում ունի տարբեր նշանակություն։ Արդարադատության վաղ շրջանի տեսությունը հին հույն փիլիսոփա Պլատոնի «Պետություն» աշխատությունն է։ Միջնադարյան ժամանակահատվածում աստվածաբանական տեսության կողմնակիցները հակված էին այն գաղափարին, որ արդարությունն ի վերուստ տրված է Աստծուց։ 19-րդ դարի սկզբին լուսավորականության ժամանակաշրջանի իմաստասեր ու «դասական ազատականության» հայր Ջոն Լոքը մարդու բնական իրավունքները ճանաչում է որպես արդարադատության ածանցյալ[4]։ Սոցիոլոգները հակված են այն համոզմունքին, որ արդարությունը կարող է լիակատար լինել միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում։ 19-րդ դարի մի շարք ուտիլիտարիստական գաղափարների կրող մտածողներ՝ ի դեմս Ջոն Ստյուարտ Միլի, կարծում էին, որ արդարադատությունը իրավիճակային լավագույն հետևանքն ու ելքն է։
Էգալիտարիստները գտնում էին, որ արդարադատությունը կարող է գոյություն ունենալ միայն համակարգային հավասար պայմաններում։ Ամերիկացի փիլիսոփա Ջոն Ռաուլսն իր «Սոցիալական պայմանագրի տեսություն» աշխատությունում նշում է, որ արդարադատությունը՝ ի դեմս բաշխական արդարադատության, ինքնին համարվում է արդարության աշխարհահամակարգի անքակտելի տարրամասնիկը։ Գույքային իրավունքի տեսաբանները, ուսումնասիրելով հեղինակային արդարադատության դեոնթոլոգիական տեսակետը, հայտարարում են, որ սեփականության անձեռնմխելության վրա հիմնված արդարությունը առավելագույնս մեծացնում է տնտեսական համակարգի ընդհանուր ներուժը։ Վերականգնողական արդարադատությունը (նաև երբեմն կոչվում է «առողջացման արդարադատություն») արդարացի մոտեցում է, որի գերակա նպատակն է վերականգնել խնդրո առարկայի դրական կողմը՝ հաշվի առնելով առկախված խնդիրներն ու շահագրգիռ անձանց դիրքորոշումը[5]։