Բհագավադգիտա
From Wikipedia, the free encyclopedia
Բհագավատ Գիտա ( Բհագավատ-գիտա , կամ պարզապես « Գիտա » , սանսկրիտ՝ भगवद् गीता Bhagavad Gītā IAST «Երանելու երգը» [1] ), հին հնդկական կրոնա–փիլիսոփայական հուշարձան սանսկրիտերենով, «Մահաբհարաթա» գրքի վեցերորդ մասը, բաղկացած է 18 գլուխներից և 700 քառյակներից[2] [3]: Հին հնդկական փիլիսոփայության հիմնական տեքստերից մեկը։
«Բհագավադգիտան» հաճախ անվանում են «Գիտա–ուպանիշադ» կամ «Յոգա–ուպանիշադ»՝ մատնանշելով նրա կարգավիճակը որպես ուպանիշադ և պատկանելիությունը Վեդանտային։ Հին հնդկական փիլիսոփայության մեջ ուպանիշադների և Վեդանտա-սուտրայի հետ միասին «Բհագավադգիտան» Վեդանտայի[4] երեք հիմնական տեքստերից մեկն է։ «Բհագավադգիտան» գրված է ավանդական սանսկրիտական չափագրմամբ։ Շլոկայի չափով գրված երգերը սովորաբար երգում են, որտեղից էլ «Բհագավադգիտա» անունը, որը թարգմանում է որպես «աստվածային երգ», «Երանելու երգ»։
«Բհագավադգիտայի» տեքստը բաղկացած է Կրիշնայի և Արջունայի միջև փիլիսոփայական զրույցից, որը տեղի է ունենում Կուրուկշետրայի մարտադաշտում, պանդավների ու կաուրավների միջև ճակատամարտից առաջ։ Ռազմիկ և պանդավների հինգ իշխան-եղբայներից Արջունան որոշիչ ճակատամարտից առաջ կասկածի տակ է դնում կռվի նպատակահարմարությունը, քանի որ այն մահ է բերելու շատ մարդկանց։ Սակայն նրա կառապան Կրիշնան համոզում է Արջունային մասնակցել ճակատամարտին՝ բացատրելով նրան իր պարտականությունները որպես զինվոր և իշխան, առաջ բերելով վեդանտայի և յոգայի տարբեր փիլիսոփայական համակարգեր[2][3]։
Զրույցի ընթացքում Կրիշնան բացահայտում է իր աստվածային էությունը։ Իր ամենակարողությունը ցույց տալով՝ Կրիշնան անվանում է իրեն Բարձրյալ, վերջնական փիլիսոփայական ճշմարտություն և բացարձակ բարություն, իսկ բհակտի յոգան՝ նվիրման ուղի, բարձրագույն հոգևոր պրակտիկա։ Կրիշնային Բարձրյալ կոչելով՝ Արջունան սկսում է տասնութօրյա ճակատամարտը։
Դարեր շարունակ «Բհագավադգիտան» համարվում է ամենակարդացվող սրբազան գրքերից մեկը և մեծ ազդեցություն ունի հնդկական հասարակության կյանքի և մշակույթի վրա։ Այն նաև ազդեցություն է ունեցել արևմտյան մշակույթի վրա՝ գրավելով Գյոթեի, Էմերսոնի, Ալդոս Հաքսլիի, Ռոմեն Ռոլլանի և այլ մտավորականների ուշադրությունը։
Հրաչյա Աճառյանի թարգմանությամբ «Բհագավադգիտա կամ երանելու երգը» գիրքը հայերեն հրատարակվել է 1911 թվին Էջմիածնում[5]։