Բոտուլոտոքսին
Clostridium botulinum բակտերիայի կողմից արտադրվող նեյրոտոքսիկ սպիտակուց / From Wikipedia, the free encyclopedia
Բոտուլոտոքսին կամ բոտոքս, Clostridium botulinum բակտերիայի կողմից արտադրվող նեյրոտոքսիկ սպիտակուց[1]։ Այն կանխարգելում է նյարդամկանային սինապսներում աքսոնների վերջույթներից ացետիլխոլին նեյրոմիջնորդանյութի արտազատումը և առաջացնում թույլ կաթված։ Բակտերիայով վարակվելիս զարգանում է բոտուլիզմ հիվանդությունը։ Թույնը կիրառվում է նաև առևտրային նպատակներով բժշկության, կոսմետիկայի և գիտական հետազոտությունների մեջ։
Բոտուլոտոքսին | |
---|---|
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 149 կգ/մոլ (149,321գ/մոլ) գ/մոլ |
Դասակարգում | |
EINECS համար | 297-253-4 |
ЕС | 297-253-4 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բոտուլոտոքսինը հայտնի ամենաարագ ազդող մահացու թույնն է։ Մարդու համար միջին մահացու չափաքանակը (LD50) կազմում է 1.3–2.1 նգ/կգ ներերակային կամ միջմկանային ներարկման դեպքում և 10–13 նգ/կգ կուլ տալու պարագայում[2]։
Կա բոտուլոտոքսինի ութ՝ A-H, տեսակ։ A և B տեսակները կարող են մարդկանց մոտ հիվանդություններ առաջ բերել։ Դրանք օգտագործվում են նաև առևտրային նպատակներով և բժշկության մեջ[3]։ C–G տեսակները ավելի քիչ են տարածված։ E և F տեսակները կարող են մարդկանց հիվանդություն առաջացնել, մինչդեռ մյուս տեսակները առաջացնում են կենդանիների հիվանդություն[4]։ H տեսակը համարվում է աշխարհի ամենամահացու միացությունը. գրամի մեկ միլիարդերորդ (2նգ) մասը կարող է հանգեցնել չափահաս մարդու մահվան[5]։ Բոտուլոտոքսիններ A-ն և B-ն օգտագործվում են բժշկության մեջ տարբեր մկանային ջղաձգությունների (սպազմեր) և մկանների գերակտիվությամբ բնութագրվող հիվանդությունների բուժման համար։ Առևտրային ձևը, ի թիվս այլ ձևերի, վաճառվում է Բոտոքս ապրանքանիշի տակ[6][7]։