Գրիգոր Նարեկացի
հայ փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Նարեկացի (ոչ վաղ քան 945 և ոչ ուշ քան 951, Նարեկ, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն - ոչ վաղ քան 1003 և ոչ ուշ քան 1011, Նարեկավանք, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Սրբացվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։
Գրիգոր Նարեկացի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 945 և ոչ ուշ քան 951 |
Ծննդավայր | Նարեկ, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1003 և ոչ ուշ քան 1011 |
Վախճանի վայր | Նարեկավանք, Ռշտունիք, Վասպուրականի թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ և աստվածաբան |
Լեզու | գրաբար |
Ժանրեր | քնարապատմողական |
Ազգականներ | Անանիա Նարեկացի[1] |
Գրիգոր Նարեկացի Վիքիքաղվածքում | |
Գրիգոր Նարեկացի Վիքիդարանում | |
Grigor Narekatsi Վիքիպահեստում |
Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում[2]։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), Մատյան ողբերգության պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» պոեմի մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։
Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդը պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։