Դավիդ բեն Գուրիոն
Իսրայելի առաջին նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ բեն Գուրիոն (եբրայերեն՝ דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן, պետք է արտասանել [daˈvɪd ben gurˈjo:n] ( լսել), ծնունդով Դեյվիդ Գրյուն, հոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1][2][3][…], Պլոնսկ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4] - դեկտեմբերի 1, 1973(1973-12-01)[2][3][5][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[6] և Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել[7]), Իսրայելի պետության հիմնադիր և Իսրայելի առաջին վարչապետ։
Բեն Գուրիոնը վաղ հասակից մոլի սիոնիստ էր, 1946 թվականին նա դարձավ Սիոնիստական գլխավոր առաջնորդ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր ղեկավար[10]։ 1935 թվականից որպես հրեական գործակալության ղեկավար, հետագայում նաև նախագահ, իսկ ավելի ուշ՝ հրեական գործակալության գործադիր, նա դե ֆակտո Պաղեստինում հրեական համայնքի առաջնորդն էր և շատ դեպքերում Հրեական անկախ պետության համար պայքարում առաջնորդել է համայնքը։ 1948 թվականի մայիսի 14-ին նա կարդաց Իսրայել պետության անկախության հռչակագիրը և առաջինը ստորագրեց այն։ Բեն Գուրիոնը առաջնորդել է Իսրայելը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում և հավաքագրել է հրեական տարբեր ռազմական միավորումներ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կազմում։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես «Իսրայելի հիմնադիր-հայր»[11]։
Պատերազմից հետո Բեն Գուրիոնը ծառայեց Իսրայելի առաջին վարչապետ և պաշտպանության նախարար։ Նրա վարչապետության օրոք կառուցվել են պետական ինստիտուտներ, իրականացվել են երկրի զարգացմանն ուղղված բազմաթիվ ազգային ծրագրեր։ Նա նաև համակարգում էր աշխարհով մեկ ցրված հսկայական թվով հրեաների ներգրավումը պետության կայացման գործին։ Նրա արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր Արևմտյան Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավումը։ Նա սերտորեն համագործակցում էր Կոնրադ Ադենաուերի կառավարության հետ Բոննում, ինչի արդյունքում Արևմտյան Գերմանիան մեծ գումարներ տրամադրեց Իսրայելին, ի փոխհատուցում նացիստական Գերմանիայում Հոլոքոստի ընթացքում հրեաների հալածանքների[12]։
1954 թվականին նա հրաժարական տվեց վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններից՝ մնալով Քնեսեթի անդամ։ 1955 թվականին, Պինհաս Լավոնի հրաժարականից հետո, նա նորից ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ավելի ուշ, 1955 թվականի ընտրությունների արդյունքում, նա կրկին դարձավ վարչապետ։ Նրա ղեկավարությամբ Իսրայելն ագրեսիվ պատասխան տվեց արաբական պարտիզանական հարձակումներին և 1956 թվականին, Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի ազգայնացումից հետո, բրիտանական և ֆրանսիական ուժերի հետ միասին ներխուժեց Եգիպտոս (Սուեզի ճգնաժամ)։
Նա պաշտոնից հեռացավ 1963 թվականին և թոշակի անցավ 1970 թվականին։ Այնուհետև նա տեղափոխվեց Նեգև անապատում գտնվող կիբուց, որտեղ և ապրեց մինչև իր մահը։ Թայմ ամսագիրը Բեն Գուրիոնին հետմահու ճանաչեց 20-րդ դարի 100 առավել կարևոր մարդկանցից մեկը։