ամերիկացի ինժեներ և գյուտարար From Wikipedia, the free encyclopedia
Դուգլաս Էնգելբարտ (անգլ.՝ Douglas Carl Engelbart, հունվարի 30, 1925[1][2], Պորտլենդ[3][4][5] - հուլիսի 2, 2013[6][7][8], Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9])[18], մարդ-մեքենա ինտերֆեյսի առաջին հետազոտողներից մեկը և համակարգչային մանիպուլյատորի՝ մկնիկի[19] գյուտարարը։ Նրա այլ գյուտերի շարքին են դասվում նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, հիպերհղումը, տեքստային խմբագրիչը, առցանց խմբային կոնֆերանսները[18][20]։
Էնգելբարտը եղել է ավելի քան 25 աշխատանքների հեղինակ, ստացել է 20 գյուտերի արտոնագրեր, բազմաթիվ պարգևներ (1987 թվականին՝ PC Magazine Lifetime Achievement Award, 1990 թվականին՝ ACM Software System մրցանակ և այլն)։ Կյանքի վերջին տարիներին Էնգելբարտը Ֆրոդ Հեգլանդի (անգլ.՝ Frode Hegland) հետ միասին աշխատել է համացանցի հիպերտեքստի բնույթը բարելավելու նախագծի վրա։
Դուգլաս Էնգելբարտը ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, Կարլ Լուիսի և Շառլոտա Ամելիա Մունսոն Էնգելբարտի ընտանիքում։ Ունեցել է շվեդական, նորվեգական և գերմանական արմատներ[21]։
Դուգլասը ընտանիքում երեք երեխաներից երկրորդն է եղել։ Քույրը՝ Դորիանան Դուգլասից մեծ էր 3 տարով, եղբայրը՝ Դևիդը, Դուգլասից փոքր էր 14 ամսով։ Երբ Դուգլասը 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ջոնսոն Կրիկի բնակավայր, որից մեկ տարի անց Դուգլասի հայրը մահացել է։
1942 թվականին Դուգլասը ավարտել է Պորտլենդի Բենջիամին Ֆրանկլինի անվան դպրոցը և ընդունվել է Օրեգոնի համալսարան[22]։ Ուսումնառության ընթացքում՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, զորակոչվել է ԱՄՆ ռազմածովային ուժեր և 2 տարի ծառայել Ֆիլիպիններում՝ որպես կապավոր։ Իր ծառայության ընթացքում Էնգելբարտը առաջին անգամ կարդացել է Վենիվար Բուշի «Ինչպես կարող ենք մենք մտածել» (անգլ.՝ As We May Think) հոդվածը, որը ոգեշնչել է նրան[23]։ Պատերազմից զորացրվելուց հետո, 1948 թվականին, նա ավարտել է ուսումը և ստացել էլեկտրատեխնիկի բակալավրի աստիճան։ Օրեգոն նահանգում գտնվելու ընթացքում նա Sigma Phi Epsilon[24][25] սոցիալական եղբայրության անդամ է եղել։
1948 թվականին Դուգլասին հրավիրել են աշխատելու Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեի Էիմսի հետազոտական կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը[26]։ Հեռանալով Էիմսի հետազոտական կենտրոնից, Դուգլասն ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրա։ 1953 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Master of Science, M.Sc.), իսկ 1955 թվականին՝ գիտությունների դոկտորի աստիճան[26]։
Դուգլասն ազատ ժամանակ սիրել է ոտքով զբոսանքներ, արշավների և ազգային պարերի գնալ։ Նման զբոսանքներից մեկում էլ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ֆիշ Բալարդին (1928-1997)[27], որը նոր էր ավարտել կրթությունը և աշխատելու էր որպես պրոֆեսիոնալ թերապևտ։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի մայիսի 5-ին Պորտոլայի պետական պարկում։ Դրանից կարճ ժամանակ անց Էնգելբարտը թողել է Էյմսի հետազոտական կենտրոնը և կրթությունը շարունակել Բերկլիի համալսարանում։
1997 թվականին կնոջ՝ Ֆիշ Բալարդի մահացից տարիներ անց՝ 2008 թվականի հունվարի 26-ին Էնգելբարտը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը՝ Օ՛Լիրի Կարեն Էնգելբարտը գրող և պրոդյուսեր էր[28][29]։
Առաջին ամուսնությունից Դուգլասը ունեցել է 4 երեխա՝ Գերդան, Դիանան, Քրիստինան, Նորմանը և 10 թոռ[30]։
Դուգլասի 85-ամյակի տոնակատարությունը նշվել է Նորարարության տեխնիկական թանգարանում[31]։
Էնգելբարտը մահացել է 2013 թվականի հուլիսի 2-ին երիկամային անբավարարության հետևանքով, Ատերտոնի (Կալիֆորնիայի նահանգ) իր տանը[32][33]։ Ըստ Դուգլաս Էնգելբարտի ինստիտուտի տվյալների՝ նրա մահը վրա էր հասել Ալցհայմերի հիվանդության դեմ երկարատև պայքարելուց հետո։ Այդ ախտորոշումը նրան հայտնի է եղել 2007 թվականից[30][34]։
Էնգելբարտը ասպիրանտության ընթացքում օգնել է California Digital Computer (անգլ.՝ CALDIC) նախագծի ստեղծմանը։ Դոկտորի աստիճան ստանալուց հետո Դուգլասը որպես պրոֆեսորի ասիստենտ, մնացել է Բերկլիում, որտեղ դասավանդել է մեկ տարի, իսկ այնուհետև, տվյալների պահպանման սարքերի ոլորտում հիմնել է ստարտափ՝ իր մի քանի հետազոտությունների կոմերցիայի համար։
1957 թվականին Էնգելբարտը սկսել է աշխատել Մենլո Պարկ քաղաքում գտնվող Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում (անգլ.՝ Stanford Research Institute): Սկզբում աշխատել է Հյուիթ Քրեյնի հետ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մագնիսական բաղադրիչների վրա, և էլեկտրոնային սարքերի փոքրացման աշխատանքների վրա, այնուհետև, աստիճանաբար ստացել է 1 տասնյակից ավելի արտոնագրեր (որոնցից մի քանիսը նրա դիպլոմային աշխատանքի արդյունքներն են եղել)։
1962 թվականին պատրաստել է զեկուցում, որտեղ խոսել է հետագա հետազոտությունների նախագծի մասին և ստացել է Մարդկային ինտելեկտի ուժեղացում. հայեցակարգային հենք (ֆրեիմվորք) (անգլ.՝ Augmenting Human Intellect: A Conceptual Framework) անվանումը[35]։ Զեկուցումը հավանության է արժանացել, և Դուգլասը ստացել է ֆինանսավորում ԱՄՆ պաշտպանության գիտահետազոտական ծրագրերի մշակման գործակալությունից։ Իր նոր հետազոտական կենտրոնում՝ ARC- ում (անգլ.՝ Augmentation Research Center), որը ստեղծվել էր Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, նա համախմբել է մի խումբ գիտնականների և ղեկավարել, այսպես կոչված, առցանց համակարգի մշակման աշխատանքները (անգլ.՝ oN-Line System կամ NLS):
Էնգելբարտը ARC իր թիմի հետ մշակել է համակարգչային ինտերֆեյսի տարրերը, այնպիսիք, ինչպիսիք են ռաստերային պատկերի արտածումը էկրանի վրա, համակարգչային մկնիկը, հիպերհղումը, համատեղ աշխատանքի ծրագրերը և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսի տվյալները։ Այս բոլորը մշակվել է դեռ այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը շատ հեռու էր համակագիչներից, և երբ ծրագրային ապահովումը գրված էր հիմնականում փակ, մասնավոր համակարգերի համար։
1967 թվականին Էնգելբարտը տվել է արտոնագիր ստանալու դիմում, որն էլ ստացել է 1970 թվականին, (արտոնագիր՝ 35415412) մետաղական անիվների վրա փայտե կաղապարով սարք պատրաստելու համար, որը նա Բիլ Ինգլիշի հետ մի քանի տարիներ առաջ էր նախագծել։ Արտոնագրում սարքը նկարագրվել է որպես «Ցուցադրման համակարգերի X-Y դիրքերի ինդիկատոր»[36]։ Հետագայում Էնգելբարտը պարզաբանել է, որ սարքը ստացել է «մուկ» մականունը, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի։
1968 թվականի դեկտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է Միասնական աշնանային համակարգչային կոնֆերաս։ Եվ հենց այդտեղ էլ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հետագայում անվանել են «Բոլոր ցուցադրումների մայր» (անգլ.՝ The Mother of All Demos)[37]: Այդ ցուցադրման գլխավոր գործող անձը եղել է Դուգլաս Էնգելբարտը՝ իր գործընկերների հետ։ Նրանք լայն հանրության դատին էին ներկայացրել անհատական համակարգիչների և ապագա վեբ միջավայրի իրենց նախատիպային նախագծերը։
Հենց սկզբից էլ բոլորին հասկանալի է եղել, որ այդ ցուցադրման ժամանակ պետք է կատարվի անսովոր մի բան, որն ընդմիշտ փոխելու էր տեխնոլոգիաների աշխարհը։ Էնգելբարտը ականջակալներով և խոսափողով, մեծ ոգևորությամբ բեմ է բարձրացել։ Նա նստել է ցուցադրման էկրանի առաջ, աշխատանքային սեղանի մոտ, որի վրա, բացի ստեղնաշարից, դրված էր ինչ-որ անհասկանալի սարք։ Նրա ամբողջ ցուցադրությունը նվիրված է եղել այն բանին, թե իր կարծիքով, ապագայում ինչպիսին պետք է լինի համակարգիչների հետ աշխատանքը։
Ցուցադրման առաջին մասը նա նվիրել է տեքստային փաստաթղթերի հետ աշխատանքի նոր հնարավորություններին։ Նա փոխել է ներքևի մասում գտնվող տեքստի չափը խոշորից մինչև ամենամանրը՝ վերևի մասում գտնվող տեքստը թողնելով անփոփոխ և՝ հակառակը։ Մասերի բաժանած էկրանի վրա ներկայացրել է տեքստ, գրաֆիկա և տեսահոլովակ։ Տեքստի մեջ ներկայացրել է այլ փաստաթղթերի հղումներ, որոնց միջոցով կարելի էր տեղաշարժվել։
Ամենաանսովորն այն էր, որ բոլոր գործողությունները Էնգելբարտը ղեկավարել է իր կողմից ստեղծված մանիպուլյատորի միջոցով, որը հետագայում ստացել է համակարգչային մկնիկ անվանումը։ Այն ուներ մեկ սեղմակ։ Սկզբում գիտնականը նախատեսել էր սարքի վրա դնել 5 սեղմակ՝ 5 մատներին համապատասխան, բայց դրանից մկնիկի պատյանը մեծ կստացվեր և հրաժարվել է այդ մտքից։ Մկնիկի տեղաշարժը ապահովվել է իրար մեջ ներդրված 2 փոխուղղահայաց սկավառակների միջոցով, որի շնորհիվ մկնիկը կարողանում էր տեղաշարժվել 4 ուղղությամբ, որը լրիվ համապատասխանում էր երկչափ կոորդինատային համակարգում օբյեկտի կոորդինատների փոփոխությանը։ Էկրանի վրա երևացող լուսային բիծը շարժում էր՝ սեղանի վրա մկնիկի շարժմանը զուգընթաց։ Մկնիկի միջոցով Էնգելբարտը նշել է տեքստի ցանկացած բառ, այն տեղափոխել փաստաթղթում մեկ այլ տեղ կամ մեկ այլ փաստաթուղթ։ Էնգելբարտն իր բոլոր գործողությունները մեկնաբանել է, և այդ ամբողջ ընթացքում՝ հաղթական ժպիտը դեմքին։
Տեքստի հետ աշխատանքի ցուցադրումները ավարտելով՝ Էնգելբարտն անցել է ցուցադրման երկրորդ մասին, որտեղ իր գործընկերոջ հետ հանրությանն է ներկայացրել այժմյան տեսակոնֆերանսների նախատիպը։ Դուգլասը և գործընկերը ականջակալներով և խոսափողներով նստել են տարբեր սեղանների առջև։ Նրանց դիմաց հեռուստախցիկներ էին։ Ցուցադրման ժամանակ Էնգելբարտը և իր գործընկերը հեռավորության վրա կարողացել են զրուցել, տեսնել միմյանց, միաժամանակ գործողություններ կատարել միևնույն փաստաթղթի վրա։ Դա բերել է շռնդալից հաջողության. ցուցադրման ավարտին ամբողջ դահլիճը ծափահարել է գետնականին և իր թիմին։ Այս ցուցադրումը գերազանցել է նույնիսկ ամենահամարձակ սպասումները, ցուցադրվել են վերջին տարիներին արված շատ գյուտեր։ Այդ թվում․
Սկսած 1980 թվականի վերջից Դուգլաս Էնգելբարտը ստացել է հետևյալ մրցանակներն ու մեդալները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.