Ենթաոստայնային արյունազեղում
From Wikipedia, the free encyclopedia
Ենթաոստայնային արյունազեղում (ԵՈԱ, նաև՝ սուբարախնոիդալ արյունազեղում), արյան կուտակումը ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։
Ենթաոստայնային արյունազեղում | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Պատճառ | Անոթալայնանք[1] |
Հիվանդության ախտանշաններ | փսխում[2] և լուսավախություն[2] |
Բուժաքննություն | CT |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն, նյարդաբանություն[1] և Նյարդավիրաբուժություն[3] |
ՀՄԴ-9 | 430, 852.0 և 852.1 |
ՀՄԴ-10 | I60, P10.3 և S06.6 |
Բուժում | clipping?[4] և endovascular coiling?[4] |
Subarachnoid hemorrhage Վիքիպահեստում |
ԵՈԱ-ի դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ[5]։ Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի ՀՇ հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով։ Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով՝ զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել կրկնությունը և բարդությունների զարգացումը։ Անոթալայնանքների դեպքում վիրահատական բուժումն առաջարկվել է 1930-ական թվականներին։ 1990-ական թվականներից սկսած անոթալայնանքները բուժվում են ավելի քիչ ինվազիվ միջամտությամբ, որը կատարվում է մեծ անոթների միջով գործիքների ներմուծման միջոցով[5]։
ԵՈԱ-ն կաթվածի ձևերից մեկն է և կազմում է կաթվածի դեպքերի 1-7 տոկոսը[6]։ Այն անհետաձգելի վիճակ է և կարող է հանգեցնել մահվան կամ ծանր հետևանքների, նույնիսկ եթե հայտնաբերվել և բուժվել է վաղ շրջանում։ ԵՈԱ-ի դեպքերի գրեթե կեսը ավարտվում է մահացու ելքով, իսկ 10-15% դեպքերում մահը վրա է հասնում մինչև հիվանդանոց հասցնելը[5]։ Կենդանի մնացածների մոտ հաճախ դիտվում են նյարդաբանական և ճանաչողական խանգարումներ[7]։