տեսակետ, որ յուրաքանչյուր սուբյեկտ ունի նույնականացնող հատկանիշներ From Wikipedia, the free encyclopedia
Էսենցիալիզմ կամ էականություն (լատ.` essence - բնահյութ, էություն, էական, է)[Ն 1], տեսակետ, ըստ որի առարկաներն ունեն մի շարք հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են իրենց ինքնության համար[2]։ Վաղ արևմտյան մտածողության մեջ, ըստ Պլատոնի իդեալիզմի, բոլոր իրերն ունեն այդպիսի «բնահյութ»` «գաղափար» կամ «ձև»[3]։ «Կատեգորիաներ» աշխատությունում Արիստոտելը նմանապես առաջարկել է, որ բոլոր առարկաներն օժտված են ինչ-որ մի սուբստանցով, որը, ինչպես Ջորջ Լակոֆն է ասել, «իրը դարձնում է այն, ինչ կա, և առանց որի այն չէր լինի այդպիսին»[4]։ Հակառակ տեսակետը` ոչ էսենցիալիզմը, հերքում է նման «բնահյութ» պնդելու անհրաժեշտությունը։
Էսենցիալիզմն ի սկզբանե վիճելի է եղել։ Սոկրատյան երկխոսություններից Պարմենիդես երկխոսության մեջ, Պլատոնը պատկերում է Սոկրատեսին, որը կասկածի տակ է դնում այդ գաղափարը, առաջարկելով, որ եթե ընդունում ենք այն գաղափարը, որ յուրաքանչյուր գեղեցիկ բան կամ պարզապես գործողություն բնահյութ է պարունակում գեղեցիկ կամ արդար լինելու համար, ապա պետք է ընդունենք նաև «մազերի, ցեխի և կեղտի առանձին բնահյութերի առկայությունը»[5]։
Կենսաբանության և այլ բնական գիտությունների մեջ էսենցիալիզմը ծառայել է որպես տաքսոնոմիայի հիմնավորում, առնվազն մինչև Չարլզ Դարվինի ժամանակները[6]. էսենցիալիզմի դերն ու նշանակությունը կենսաբանության մեջ շարունակում է մնալ քննարկման առարկա[7]։
Մեր ժամանակներում գիտության, գեղագիտության, էվրիստիկայի, հոգեբանության և սեռի վրա հիմնված սոցիոլոգիական ուսումնասիրությունների ակադեմիկոսներն առաջարկում են իրենց գաղափարները էսենցիալիզմի դրոշի ներքո։
Էսենցիան (բնահյութը, էականը) բնութագրում է նյութը կամ ձևը` պլատոնական իդեալիզմի ձևերի և գաղափարների իմաստով։ Այն մշտական է, անփոփոխ և հավերժական, և առկա է բոլոր հնարավոր աշխարհներում։ Դասական հումանիզմն ունի մարդու մասին էսեցիալիստական պատկերացում՝ հակվելով հավերժական և անփոփոխ մարդկային բնության գաղափարին։ Սա քննադատության են ենթարկել Կիրկեգորը, Մարքսը, Հայդեգերը, Սարտրը, Բադիուն և շատ այլ էկզիստենցիալ, մատերիալիստ և հակահումանիստ մտածողներ։ Էսենցիալիզմն, իր լայն իմաստով, ցանկացած փիլիսոփայություն է, որն ընդունում է բնահյութի (essence) գերակայությունը։ Ի տարբերություն էկզիստենցիալիզմի, որը դնում է «կեցությունը» որպես հիմնարար իրականություն, էսենցիալիստական գոյաբանությանը պետք է մոտենալ մետաֆիզիկական տեսանկյունից։ Էմպիրիկ գիտելիքը մշակվում է հարաբերապաշտական տիեզերքի փորձից, որի բաղադրիչներն ու ատրիբուտները սահմանվում և չափվում են ինտելեկտուալ կառուցված օրենքներով։ Այսպիսով, գիտնականի համար իրականությունը հետազոտվում է որպես բազմազան էակների էվոլյուցիոն համակարգ, որի կարգը որոշվում է պատճառականության սկզբունքով։
Պլատոնի փիլիսոփայության մեջ (մասնավորապես՝ Տիմեոս և Ֆիլեբուս երկխոսություններում ), ասվում է, որ իրերն առաջացել են դեմիուրգի գործողությունների արդյունքում, ով աշխատում է քաոտիկ սուբստանցը դասավորված էությունների ձևավորելու համար։ Բնահյութի (essence) շատ սահմանումներ վերաբերում են իրերի ձևավորման հին հունական հիլոմորֆիկ ըմբռնմանը։ Ըստ այդ տեսության` ցանկացած իրի կառուցվածքն ու իրական գոյությունը կարելի է հասկանալ արհեստավորի կողմից արտադրված արտեֆակտի անալոգիայով։ Արհեստավորին պետք է փայտանյութ կամ փայտ ( hyle ) և մոդել, հատակագիծ կամ գաղափար իր մտքում, ըստ որի փայտը մշակվում է, որպեսզի նրան տրվի նշված ուրվագիծը կամ ձևը ( morphe ):
Արիստոտելն առաջինն է օգտագործել hyle և morphe տերմինները («Մետաֆիզիկա»)։ Ըստ նրա պարզաբանման` բոլոր սուբյեկտներն ունեն երկու ասպեկտ՝ «նյութ» և «ձև»։ Հենց այդ կոնկրետ պարտադրված ձևն է, որը ինչ-որ բան է տալիս սուբյեկի ինքնությանը` սխոլաստիկական իմաստով դրա ներքին էությունը (quiddity) կամ «ինչը» (այսինքն՝ «ինչ է դա»)։
Պլատոնն առաջին էսենցիալիստներից մեկն էր, որը դրեց իդեալական ձևերի հայեցակարգը՝ վերացական էություն, որի առանձին օբյեկտները պարզապես ֆաքսիմիլեներ (ճշգրիտ վերատպություն) են։ Օրինակ` շրջանագծի իդեալական ձևը կատարյալ շրջանն է, մի բան, որը ֆիզիկապես անհնար է ստանալ, այնուամենայնիվ, այն շրջանները, որոնք գծում և դիտում ենք, ակնհայտորեն իդեալական ձևի հետ ընդհանուր գաղափար ունեն։ Ըստ Պլատոնի` այդ գաղափարները հավերժական են և շատ ավելի բարձր, քան իրենց դրսևորումները, և որ մենք հասկանում ենք այդ դրսևորումները նյութական աշխարհում՝ համեմատելով և կապելով դրանք իրենց համապատասխանող իդեալական ձևի հետ։ Պլատոնի ձևերը դիտվում են որպես էսենցիալիստական դոգմայի նախահիմք պարզապես այն պատճառով, որ դրանք առարկաների ներքին և համատեքստայինի դեպք են՝ վերացական հատկություններ, որոնք դրանք դարձնում են այնպիսին, ինչպիսին կան[Ն 2]։ Պլատոնը կարծում էր, որ տիեզերքը կատարյալ է, և որ նկատված անկատարությունները պայմանավորված են մարդու ընկալման սահամանափակ լինելով։ Պլատոնի համար երկու իրականություն կար՝ «բնահյութային» (կամ իդեալական) և «ընկալվող»։
Արիստոտելը (Ք.ա. 384–322 թթ.) բնահյութ (essence) տերմինը կիրառել է այն բանի նկատմամբ, ինչն ընդհանուր է մի կատեգորիայի իրերի համար և առանց որի նրանք չեն կարող լինել այդ կատեգորիայի անդամներ (օրինակ՝ ռացիոնալությունը մարդու բնահյութն է, առանց ռացիոնալության արարածը չի կարող լինել մարդ)։ Արիստոտելի փիլիսոփայության իր քննադատության մեջ Բերտրան Ռասելն ասել է, որ բնահյութի մասին իր հայեցակարգը մետաֆիզիկա է փոխանցել այն, ինչը միայն խոսքային հարմարություն էր, և որ այն շփոթում է լեզվի հատկությունները աշխարհի հատկությունների հետ։ Փաստորեն, իրի «բնահյութը» բաղկացած էր այն բնորոշող հատկություններից, առանց որոնց մենք չէինք կարող օգտագործել դրա անվանումը[8]։ Թեև բնահյութ հայեցակարգը «անհույս կերպով խճճված էր», այն դարձել է յուրաքանչյուր փիլիսոփայության մի մասն առ այսօր[8]։
Եգիպտական ծագումով փիլիսոփա Պլոտինոսը (204–270 մ.թ.) Հռոմեական կայսրություն բերեց իդեալիզմը որպես նեոպլատոնիզմ, և դրա հետ մեկտեղ այն հայեցակարգը, որ ոչ միայն բոլոր գոյություն ունեցողները բխում են «առաջնային բնահյութից», այլև այն, որ միտքը էմպիրիկ տվյալները ոչ թե պասիվորեն է ստանում, այլ ակտիվորեն մասնակցում է ընկալման օբյեկտները ձևավորելու կամ դասավորելու գործընթացին։
Ֆեմինիզմի տեսության և գենդերային ուսումնասիրությունների մեջ գենդերային էսենցիալիզմը տղամարդկանց և կանանց ֆիքսված բնահյութեր (essence) վերագրելն է. գաղափար, որ տղամարդիկ և կանայք սկզբունքորեն տարբեր են, ինչը շարունակում է մնալ վիճաբանության առարկա[9][10]։ Գեյերի/լեսբուհիների իրավունքների պաշտպան Դիանա Ֆուսը գրել է. «Էսսենցիալիզմն ամենից հաճախ ընկալվում է որպես հավատ իրերի իրական, իսկական բնահյութի, անփոփոխ և հաստատուն հատկությունների նկատմամբ, որոնք սահմանում են տվյալ էության «ինչ» լինելը»[11]։ Ենթադրվում է, որ կանանց էությունն ունիվերսալ է և ընդհանուր առմամբ նույնացվում է այն հատկանիշների հետ, որոնք դիտվում են որպես հատուկ կանացի[12]։ Կանացիության այս գաղափարները սովորաբար կենսաբանական են և հաճախ թաթախված են հոգեբանական բնութագրերով, ինչպիսիք են դաստիարակությունը, կարեկցանքը, աջակցությունը և ոչ մրցունակ լինելը և այլն։
Ֆեմինիստ տեսաբան Էլիզաբեթ Գրոսն իր 1995 թվականի «Տարածություն, ժամանակ և այլասերվածություն. էսսեներ մարմինների քաղաքականության մասին» հրապարակման մեջ ասում է. որ էսենցիալիզմը «ենթադրում է համոզմունք, որ այդ հատկանիշները, որոնք սահմանվում են որպես կանացի բնահյութ, բոլոր ժամանակներում ընդհանուր են բոլոր կանանց համար։ Այն ենթադրում է փոփոխության տատանումների և հնարավորությունների սահմանափակում. հնարավոր չէ, որ սուբյեկտն իր բնահյութին հակասական գործի։ Նրա բնահյութն է ընկած կանանց միմյանցից տարբերող բոլոր ակնհայտ տատանումների հիմքում։ Էսենցիալիզմը, հետևաբար, վերաբերում է ֆիքսված բնութագրերի, տրված ատրիբուտների առկայությանը, և հակառակ պատմական գործառույթներին` սահմանափակում է հնարավոր փոփոխությունները և, հետևաբար, սոցիալական վերակազմավորումը»[12]։
Գենդերային էսենցիալիզմը համատարած է ժողովրդական մշակույթում, ինչպես ցույց է տրված «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» (1992)[13] Նյու Յորք Թայմսի թիվ 1 բեսթսելլերում, բայց այս էսենցիալիզմը սովորաբար քննադատվում է կանանց ուսումնասիրությունների ներածական դասագրքերում, ինչպիսին է «Կանայք. պատկերներ և իրականությունները»[9]։
Սկսած 1980-ականներից, որոշ ֆեմինիստ գրողներ առաջ են քաշել գենդերային և գիտական էսենսացիալիստական տեսություններ։ Էվելին Ֆոքս Քելլերը[14], Սանդրա Հարդինգը[15] և Նենսի Թուանան[16] պնդում էին, որ ժամանակակից գիտությունն իր էությամբ հայրիշխանական է և անհամատեղելի կանանց բնույթի հետ։ Այլ ֆեմինիստ գիտնականներ, ինչպիսիք են Էնն Հիբներ Կոբլիցը[17], Լենոր Բլումը[18], Մերի Գրեյը[19], Մերի Բեթ Ռուսքայը[20] և Պնինա Աբիր-Ամը և Դորինդա Աուտրամը[21], քննադատել են այդ տեսությունները՝ գիտական հետազոտությունների բազմազան բնույթը և տարբեր մշակույթներում և պատմական ժամանակաշրջաններում կանանց փորձառությունների ահռելի տարբերությունն անտեսելու համար։
Նախքան էվոլյուցիան որպես գիտական տեսություն մշակվելը, գոյություն ուներ կենսաբանության էսենցիալիստական տեսակետ, որը բոլոր տեսակներն անփոփոխ էր համարում ժամանակի ընթացքում։ Պատմաբան Մերի Պ. Ուինզորը պնդում է, որ կենսաբանները, ինչպիսին Լուի Աղասին էր 19-րդ դարում, կարծում էին, որ տաքսոնները, ինչպիսիք տեսակը և սեռն են, ֆիքսված են՝ արտացոլելով Արարչի մտահղացումը[22]։ Էվոլյուցիայի որոշ կրոնական հակառակորդներ շարունակում են լինել կենսաբանության մասին այս տեսակետի կողմնակից։
Կարգաբանական կենսաբանության պատմաբանների վերջին աշխատանքները, սակայն, կասկածի տակ են դրել նախադարվինյան մտածողների այս տեսակետը։ Ուինզորը, Ռոն Ամունդսոնը և Ստաֆան Մյուլլեր-Ուիլը, բոլորն էլ պնդում են, որ իրականում սովորական կասկածողները (ինչպիսիք են Լինեյը և իդեալական մորֆոլոգները) շատ հեռու են էսենցիալիստ լինելուց, և ըստ երևույթին, կենսաբանության մեջ այսպես կոչված «էսենցիալիզմի պատմությունը» (կամ «առասպելը») նախադարվինյան ժամանակաշրջանի փիլիսոփաների արտահայտած տեսակետների խառնման արդյունք է` Արիստոտելից սկսած մինչև Ջոն Ստյուարտ Միլ և Ուիլյամ Հյուել` օգտագործելով կենսաբանական օրինակներ՝ կենսաբանության մեջ տերմինների կիրառմամբ (ինչպես տեսակները)[23][24][25]։
Մշակութային և ռասայական էսենցիալիզմն այն տեսակետն է, որ մարդկային «ցեղերի» հիմնարար կենսաբանական կամ ֆիզիկական բնութագրերն առաջացնում են անհատականություն, ժառանգություն, ճանաչողական ունակություններ կամ «բնածին տաղանդներ», որոնք հատուկ են ռասայական խմբի բոլոր անդամներին[Ն 3][Ն 4]: 20-րդ դարի սկզբին շատ մարդաբաններ քարոզում էին այս տեսությունը, որ ռասան ամբողջովին կենսաբանական երևույթ է, և որ սա մարդու վարքագծի և ինքնության հիմքն է[28]։ Սա, զուգորդված այն համոզմունքի հետ, որ լեզվական, մշակութային և սոցիալական խմբերը հիմնովին գոյություն ունեն ռասայական գծերով, հիմք են հանդիսացել մի ձևակերպման, ինչն այժմ կոչվում է գիտական ռասիզմ[29]։
Նացիստական եվգենիկայի ծրագրից հետո, հակագաղութային շարժումների աճին զուգընթաց, ռասայական էսենցիալիզմը կորցրեց իր լայն ժողովրդականությունը[30]։ Մշակույթի և պոպուլյացիայի գենետիկայի նորաստեղծ ոլորտը խաթարեցին ռասայական էսենցիալիզմի գիտական դիրքը, ինչը թույլ տվեց ռասայական մարդաբաններին վերանայել իրենց եզրակացությունները ֆենոտիպային տատանումների աղբյուրների վերաբերյալ[28]։ Արևմուտքում ժամանակակից մարդաբանների և կենսաբանների մի զգալի մասը սկսեցին անվավեր համարել ռասայի գենետիկ կամ կենսաբանական դիտարկումը[31]։
Պատմականորեն, այն համոզմունքները, որոնք պնդում են, որ սոցիալական ինքնությունները, ինչպիսիք են էթնիկ պատկանելությունը, ազգությունը կամ սեռը, որոշում են մարդու էական (էսենցիալ) հատկանիշները, շատ դեպքերում հանգեցրել են կործանարար կամ վնասակար հետևանքների։ Ոմանք պնդում են, որ էսենցիալիստական մտածողությունն ընկած է շատ պարզունակ, խտրական կամ ծայրահեղական գաղափարախոսությունների հիմքում[32]։ Հոգեբանական էսենցիալիզմը փոխկապակցված է նաև ռասայական նախապաշարմունքների հետ[33][34]։
Բժշկական գիտություններում էսենցիալիզմը կարող է հանգեցնել ինքնության դերի չափից ավելի շեշտադրմանը, օրինակ՝ ենթադրելով, որ աֆրոամերիկացի բնակչության հիպերտոնիայի տարբերությունները պայմանավորված են ռասայական տարբերություններով, այլ ոչ թե սոցիալական պատճառներով, ինչը հանգեցնում է կեղծ եզրակացությունների և պոտենցիալ անհավասար վերաբերմունքի[35]։ Հին հասարակական տեսությունները հաճախ կոնցեպտուալ էսենցիալիստական են եղել[36]։
Ռազմավարական էսենցիալիզմը, որը հետգաղութային տեսության հիմնական հասկացությունն է, ներդրվել է 1980-ականներին հնդիկ գրականագետ և տեսաբան Գայատրի Չակրավորտի Սպիվակի կողմից[37]։ Այն վերաբերում է քաղաքական մարտավարությանը, երբ փոքրամասնությունների խմբերը, ազգությունները կամ էթնիկ խմբերը մոբիլիզացվում են ընդհանուր գենդերային, մշակութային կամ քաղաքական ինքնության հիման վրա։ Թեև այս խմբերի անդամների միջև կարող են լինել խիստ տարաձայնություններ, և նրանք իրենց միջև շարունակական բանավեճերի մեջ են, երբեմն նրանց համար ձեռնտու է ժամանակավորապես ինքնա- «էսենցիալիզացվել», չնայած այն հիմնված է սխալ տրամաբանության վրա[36], և պարզեցված ձևով առաջ քաշել իրենց խմբային ինքնությունը որոշակի նպատակների հասնելու համար, ինչպիսիք են հավասար իրավունքները կամ հակագլոբալացումը[38]։
Պատմագրության մեջ էսենցիալիզմը որպես ուսումնասիրության ոլորտ ենթադրում է որոշակի ազգի կամ մշակույթի էական մշակութային հատկանիշների խորաթափանցություն և թվարկում՝ հավատալով, որ ժողովուրդը կամ մշակույթը կարելի է հասկանալ այս կերպ։ Երբեմն նման էսենցիալիզմը հանգեցնում է գովելի ազգային կամ մշակութային ինքնության պնդումների կամ դրա հակառակը՝ ենթադրյալ էսենցիալ հատկանիշների վրա հիմնված մշակույթի դատապարտմանը։ Հերոդոտոսն, օրինակ, պնդում է, որ եգիպտական մշակույթն ըստ էության կանացիացված է և ունի «փափկություն», որը հեշտացրել է Եգիպտոսի նվաճումը[39]։ Թե որքանով էր Հերոդոտոսը էսենցիալիստ, բանավեճի առարկա է. նրան վերագրվում է նաև աթենական ինքնության հայեցակարգը[40] կամ հույների և պարսիկների միջև եղած տարբերությունները, որոնք նրա «Պատմություններ» աշխատության առարկան են[41]։
Էսենցիալիզմը գործել է գաղութատիրության, ինչպես նաև գաղութատիրության քննադատության մեջ։
Հետգաղութատիրական տեսաբանները, ինչպիսին է Էդվարդ Սաիդը, պնդում էին, որ էսենցիալիզմն «արևմտյան» պատմագրության և ազգագրության «որոշիչ եղանակն» էր մինչև XIX դարը և նույնիսկ դրանից հետո դրսևորվելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պատմագրության մեջ՝ որպես եվրակենտրոնություն, չափից ավելի ընդհանրացում և ռեդուկցիոնիզմ[42]։
Այսօր պատմաբանների, հասարակագետների և հումանիստների մեծամասնությունը մերժում է էսենցալիզմի հետ կապված մեթոդաբանությունը[43][44], թեև ոմանք պնդում են, որ էսենցալիզմի որոշ տեսակներ կարող են օգտակար լինել կամ նույնիսկ անհրաժեշտ[43][45]։
Կառլ Պոպերը փիլիսոփայական ռեալիզմի երկիմաստ տերմինը բաժանում է էսենցիալիզմի և ռեալիզմի։ Նա ամեն անգամ օգտագործում է էսենցիալիզմը, երբ նկատի ունի նոմինալիզմի հակառակը, իսկ ռեալիզմը միայն ի հակադրություն իդեալիզմի։ Ինքը՝ Պոպերը, ռեալիստ է՝ ոչ թե իդեալիստ, բայց մեթոդաբանական նոմինալիստ է, ոչ թե էսենցիալիստ։ Օրինակ՝ «լակոտը երիտասարդ շուն է» արտահայտությունները պետք է կարդալ աջից ձախ՝ որպես «Ինչպես ասել երիտասարդ շուն» հարցի պատասխան, բայց երբեք ձախից աջ՝ որպես «Ի՞նչ է լակոտը» հարցի պատասխան[46]։
Տարբերություն կա մետաֆիզիկական էսենցիալիզմի (տե՛ս վերևում) և հոգեբանական էսենցիալիզմի միջև, վերջինս վերաբերում է ոչ թե աշխարհի վերաբերյալ իրական պահանջին, այլ ճանաչողությունների մեջ սուբյեկտները ներկայացնելու ձևին[48] (Մեդին, 1989)։ Այս ոլորտում ազդեցիկ է Սյուզան Գելմանը, ով ուրվագծել է բազմաթիվ տիրույթներ, որոնցում երեխաները և մեծահասակները ընկալում են սուբյեկտների դասերը, մասնավորապես կենսաբանական սուբյեկտները, էսենցիալիստական տերմիններով, այսինքն, այնպես, կարծես նրանք ունեն հիմքում ընկած անփոփոխ էություն, որը կարող է օգտագործվել այդ դասի անդամների միջև չնկատված նմանությունները կանխատեսելու համար[49][50] (Toosi & Ambady, 2011): Այս պատճառահետևանքային կապը միակողմանի է. սուբյեկտի դիտելի հատկանիշը չի սահմանում հիմքում ընկած էությունը[51] (Dar-Nimrod & Heine, 2011):
Էսենցիալիզմն առաջացել է որպես հոգեբանության, մասնավորապես զարգացման հոգեբանության կարևոր հասկացություն[49][52]։ Գելմանը և Կրեմերը (1991) ուսումնասիրել են 4-7 տարեկան երեխաների էսենցիալիզմի դրսևորման աստիճանը։ Ըստ այդմ, երեխաները կարծում են, որ օբյեկտների հիմքում ընկած էսենցիաները կանխագուշակում են օբյեկտի տեսանելի վարքագիծը։ Երեխաները կենդանի օբյեկտների վարքագիծը նկարագրել են որպես ինքնառաջացող, իսկ ոչ կենդանի օբյեկտների վարքը՝ մեծահասակի կողմից օբյեկտի վրա ազդելու արդյունք։ Վարքագծի հիմքում ընկած պատճառահետևանքային մեխանիզմի ըմբռնումը ենթադրում է էսենցիալիստական մտածողություն[53] (Rangel and Keller, 2011): Ավելի փոքր տարիքի երեխաները չեն կարողացել բացահայտել վարքի պատճառահետևանքային մեխանիզմները, մինչդեռ ավելի մեծ երեխաները կարողացել են դա անել։ Սա խոսում է այն մասին, որ էսենցիալիզմը հիմնված է ճանաչողական զարգացման վրա։ Կարելի է պնդել, որ տեղի է ունենում փոփոխություններ այն ձևի մեջ, որով երեխաները ներկայացնում են սուբյեկտները՝ էսենցիայի հիմքում ընկած պատճառահետևանքային մեխանիզմը չհասկանալուց մինչև բավարար ըմբռնման դրսևորում[54] (Demoulin, Leyens & Yzerbyt, 2006):
Կա չորս հիմնական չափանիշ, որոնք կազմում են էսենցիալիստական մտածողությունը.
Հոգեբանական էսենցիալիզմի հետևանքները բազմաթիվ են։ Պարզվել է, որ նախապաշարմունքներ ունեցող անհատները հավանություն են տալիս մտածելու բացառիկ կարևոր ձևերին՝ ինչից կարելի է ենթադրել, որ էսենցիալիզմը կարող է հավերժացնել սոցիալական խմբերի մեջ մեկուսացումը[58] (Morton, Hornsey & Postmes, 2009):
Օրինակ, ազգության էսենցիալիզմը կապված է հականերգաղթային վերաբերմունքի հետ[59] (Rad & Ginges, 2018): Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում բազմաթիվ ուսումնասիրություններում Rad & Ginges (2018) ցույց են տվել, որ պարզ առումով մարդու ազգությունը զգալիորեն ամրագրված է ծննդյան պահին, նույնիսկ եթե այդ անձը որդեգրվել և մեծացել է մեկ այլ ազգության ընտանիքի կողմից և նրան երբեք չեն պատմել իր ծագման մասին։ Սա կարող է պայմանավորված լինել էսենցիալ-կենսաբանական մտածողության չափից ավելի ընդլայնմամբ, որը բխում է ճանաչողական զարգացումից[60]։
Յեյլի համալսարանից Փոլ Բլումը հայտարարել է, որ «ճանաչողական գիտության ամենահետաքրքիր գաղափարներից մեկն այն տեսությունն է, որ մարդիկ ունեն լռելյայն ենթադրություն, որ իրերը, մարդիկ և իրադարձություններն ունեն անտեսանելի բնահյութ, որը նրանց դարձնում է այնպիսին, ինչպիսին կան։ Փորձարար հոգեբանները պնդում են, որ էսենցիալիզմի հիմքում ընկած է ֆիզիկական և սոցիալական աշխարհների մեր ըմբռնումը, և զարգացման և միջմշակութային հոգեբաններն առաջարկել են, որ այն բնազդային է և ունիվերսալ։ Մենք բնածին էսենցիալիստներ ենք»[61]։
Գիտնականները ենթադրում են, որ էսենցիալիստների մտածողության կատեգորիկ բնույթը կանխատեսում է կարծրատիպերի օգտագործումը և կարող է թիրախավորվել կարծրատիպերի կանխարգելման կիրառման մեջ[62](Bastian & Haslam, 2006):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.