Շիա իսլամ
From Wikipedia, the free encyclopedia
Շիա (/ˈʃiːə/; արաբ․՝ شيعة Shīʿah, from Shīʿatu ʿAlī, «Ալիի համախոհներ»), իսլամի ճյուղ, որի համաձայն Մուհամմադ մարգարեն Ղադիր Խումում տեղի ունեցած հավաքի ժամանակ իր իրավահաջորդ և իմամ (առաջնորդ) է նշանակել Ալի իբն Աբի Տալիբին[1]։ Սակայն Մուհամմադի մահից հետո Սաքիֆայում տեղի ունեցած հավաքի արդյունքում խալիֆ է դարձել Աբու Բաքրը։ Հենց սրանով էլ սկսվել է սուննի իսլամի հետ առաջին հակադրությունը․ սուննիները կարծում են, որ Մուհամմադը իրավահաջորդ չի նշանակել։ Նրանք նաև պնդում են, որ Աբու Բաքրը խալիֆ է նշանակվել շուրայի միջոցով (համայնքային համաձայնությամբ), և նրան համարում են մարգարեից հետո առաջին օրինական խալիֆը[2]։
|
Ի տարբերություն առաջին երեք Ռաշիդուն խալիֆների՝ Ալին Մուհամմադի տոհմից էր։ Իսկ Բանու Հաշիմը, ով նաև մարգարեի զարմիկն էր, համարվում է առաջին տղամարդը, ով ընդունել է իսլամն ու դարձել է մուսուլման[3]։
Շիա իսլամի կողմնակիցները կոչվում են Ալիի շիաներ կամ շիա (հավաքական), շիի (անհատապես)[4]։ Շիականությունը իսլամի երկրորդ խոշոր ճյուղն է․ 2000-ական թվականների տվյալներով շիա մուսուլմանները կազմել են աշխարհի բնակչության 10-15%[5]։ Շիա իսլամի ամենամեծ ճյուղը տասներկուականներն են (իսնաշարիներ)[6]․ 2012 թվականի տվյալներով կազմում են շիա մուսուլմանների 85%-ը[7]։
Շիա իսլամը հիմնված է Ղուրանի և հադիսներում Մուհամմադի թողած հաղորդումների վրա, ինչպես նաև հիմնված է իմամների ուսուցանած հադիսների վրա[8][9]։ Շիաները համարում են, որ Ալին Մուհամմադի իրավահաջորդ է նշանակվել աստվածային կամքով և նա նաև առաջին իմամն է։ Շիաները իմամաթի դոկտրինան տարածում են Մուհամմադի ընտանիքի անդամների վրա՝ Ահլ ալ-Բայթ (Տան մարդիկ)[10]։ Նրանց կարծիքով Մուհամմադի ժառանգորդների մեջ որոշ մարդիկ, ովքեր հայտնի են իբրև իմամներ, ունեն որոշակի հոգևոր և քաղաքական իշխանություն համայնքի նկատմամբ, անսխալական են և օժտված են այլ աստվածային հատկանիշներով[11]։ Չնայած կան բավականին շատ շիական դպրոցներ և ճյուղեր՝ ժամանակակից շիա իսլամը բաժանվում է երեք հիմնական խմբի՝ տասներկուականներ, իսմայիլականներ և զեյդիականներ, որոնցից ամենամեծ խումբը և ամենաազդեցիկը տասներկուականներն են[12][13][14]։