From Wikipedia, the free encyclopedia
Լա՛յման Ֆրենք Բա՛ում կամ Լ. Ֆրենք Բաում (մայիսի 15, 1856[1][2][3][…], Չիտտենանգո, Մադիսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 6, 1919[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, կախարդական Օզ երկրի «ստեղծողը»։ Մանկական գրականության աշխարհահռչակ դասական, ում գրքերը բազում անգամներ էկրանավորվել են և որից սերվել են շատ ընդօրինակումներ և ծաղրանմանակումներ։
Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, որը հաջողության էր հասել Փենսիլվանիայի «նավթային տենդի» ժամանակ։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝ Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի Փիքսքիլի ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։
Վաղ հասակից է սկսել գրել։ Նկատելով որդու ձգտումները՝ հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «Ռոզա Լոուն ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր։ 20 տարեկանում տարվում է նոր զբաղմունքով՝ ընտանի թռչունների բուծմամբ։ 1880 թվականի մարտից սկսում է հրատարակել թռչնաբուծության մասին ամսագիր, իսկ 1886 թվականին գրում է իր առաջին գիրքը համբուրգյան հավերի մասին։ Տարվել է նաև թատրոնով, բայց շուտով թողել այն։
Հոր մահը, ընտանիքի սնանկացումը, դրան հաջորդած հրդեհը (որի արդյունքում նա կորցրել է թատերական ողջ գույքը) ստիպում են Ֆրենք Բաումին ընտանիքի հետ 1880 թվականին տեղափոխվել Դակոտա, իսկ ապա հաստատվում են Չիկագոյում։ 1882 թ. Բաումը ամուսնանում է և ունենում է երեք զավակ։
1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը։ 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.