Ծրագրավորում
From Wikipedia, the free encyclopedia
Ծրագրավորում, համակարգչային ծրագրի ստեղծման գործընթաց։ Ըստ Նիկլաուս Վիրտի հայտնի արտահայտության, «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»[1]։ Այլ խոսքով, ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։ Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես ամբողջ գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ։ Այստեղ մտնում են խնդրի վերլուծությունն ու ներկայացումը, ծրագրի նախագծումը, ալգորիթմների կառուցումը, տվյալների կառուցվածքային մշակումը, ծրագրի տեքստի գրառումը, ծրագրի կարգավորումն ու տեստավորումը, փաստաթղթավորումը, ուրվագծումը, վերջնական մշակումը։ Ծրագրավորումը հիմնվում է ծրագրավորման լեզուների օգտագործման վրա, որոնցով գրառվում են հրահանգները համակարգչի համար։
Ծրագրավորման միջավայրում տեքստային խմբագրիչը կարող է ունենալ հատուկ գործառնություն, այնպիսին, ինչպիսիք են անունների ինդեքսացումը, փաստաթղթերի պատկերումը, օգտագործողի ինտերֆեյսի վիզուալ ստեղծման միջոցները։ Տեքստային խմբագրիչի օգնությամբ ծրագրավորողը դուրս է բերում ստեղծվող ծրագրի տեքստի հավաքակազմն ու խմբագրումը, որն անվանում են ելակետային կոդ։ Ծրագրավորման լեզուն որոշում է ելակոդի շարահյուսությունն ու նախասկզբնական իմաստաբանությունը։