Կալիտեյա
From Wikipedia, the free encyclopedia
Կալիտեյա[1][2] (հուն․՝ Καλλιθέα[3]), քաղաք Հունաստանում, Աթենքի հարավային արվարձանը։ Գտնվում է ծովի մակարդակից 25 մ բարձրության վրա[4], Եգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցի Փալիրոն ծովախորշի ափին, Աթենքյան հարթավայրում, Աթենքի կենտրոնից և Օմոնիասի հրապարակից 4 կմ հարավ-արևմուտք, «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Միավորված համայնքի վարչական կենտրոնը մտնում է Ատտիկայի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Հարավային Աթենքի ծայրամասային միավորում[3]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 100 641 մարդ[3], համարվում է աթենական ագլոմերացիայի ամենախիտ բնակեցված համայնքը։ Մակերեսը 4,749 կմ² է[4]։ Խտությունը 21 192,04 մարդ/կմ² է[3]։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ դիմարխ է ընտրվել Դիմիտրիոս Կարնավոսը (Δημήτριος Κάρναβος)։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք, մեծ քաղաք և արվարձան |
Մտնում է | Կալիտեյա մունիցիպալիտետ |
ԲԾՄ | 25 մետր |
Բնակչություն | ▼97 616 մարդ (2021) |
Տարածք | 4,75 կմ² |
Սահմանակցում է | Տավրոս և Պալաիո Ֆալիրո |
Հեռախոսային կոդ | 210 |
Փոստային ինդեքսներ | 176 xx |
kallithea.gr | |
Սինգրու պողոտայով[3] արևելքում սահմանակցում է Նեոս-Կոզմոս շրջանի, Աթենքի համայնքների, Նոր Զմյուռնիայի և Պալեոն-Ֆալիրոնի հետ, իսկ արևմուտքից աթենքյան մետրոպոլիտենի առաջին գծով և Իլիսոս գետով սահմանակցում է Մոսխատոն-Տավրոս համայնքին։ Քաղաքին սպասարկում է Աթենքյան «Կալիտեյա» մետրոպոլիտենի առաջին գիծը։
Համայնքի զինանշանի վրա պատկերված է Թեսևսը՝ Էգևսի որդին, որը հին հունական դիցաբանության մեջ Կրետե ճանապարհորդելուց վերադառնալիս ափ է իջնում Կալիտեայում։ Հնագիտական գտածոները վկայում են մ.թ.ա. 4-րդ դարում Կալիտեյայի տարածքում գոյություն ունեցող մեծ գերեզմանատան մասին։ Փոքրասիական աղետից հետո Կալիտեյայում են բնակվել Փոքր Ասիայից եկած փախստականներ։
Կալիտեյայում է գտնվում Պանթեոնի համալսարանը և «Կալիտեա» ֆուտբոլային ակումբը, որը իր հարկի տակ մրցախաղերն անցկացնում է Կալիտեայի «Գրիգորիս Լամբրիկիս» մարզադաշտում։
Կալիտեյայի լողափին է տեղակայված Ֆալիրոնի Օլիմպիական համալիրը։ Մրցման համար նախատեսված 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծովափնյա վոլեյբոլի մրցույթներն անցկացնելու համար կառուցվել է սպորտային կենտրոն։ 2016 թվականին բացվում է Ստավրոս Նիարքոսի անվան մշակույթի կենտրոնը, որն իր մեջ է ներառում Ազգային գրադարանը և Ազգային օպերան։
1925 թվականին ստեղծվել է Կալիտեայի համայնքը, իսկ 1933 թվականին՝ միությունը[5]։