From Wikipedia, the free encyclopedia
«Կանաչ գիրք» (անգլ.՝ Green Book), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտ Դոն Շիրլիի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք կատարել են 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում։ Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգգո Մորտենսենն ու Մահերշալա Ալին։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում[5], ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ժողովրդի ընտրություն» գլխավոր մրցանակին[6][7]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։
2018 թվականի դեկտեմբերին «Կանաչ գիրք» կինոնկարն ընդգրկվել է 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում, որը հրապարակվել է Կինոարվեստի Ամերիկյան ինստիտուտի կողմից[9]։
2019 թվականի հունվարին ֆիլմը ստացել է ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի գլխավոր մրցանակը։ 2019 թվականի հունվարի 22-ին ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի մի շարք անվանակարգերում՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն մոնտաժ[10]։
Նյույորքցի պարծենկոտ Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգան նոր աշխատանք է փնտրում, քանի որ այն ակումբը, որտեղ նա աշխատում էր, փակվել է վերանորոգման պատճառով։ Սևամորթ դաշնակահար Դոն «Դոք» Շիրլին, որը վարորդ էր փնտրում իր ութշաբաթյա շրջագայության համար, նրան հրավիրում է հարցազրույցի։
Նրանք միասին ճանապարհորդում են ԱՄՆ-ի հարավով։ Ճանապարհին օգտվում են «Կանաչ գրքից», որը պարունակում էր սևամորթների համար անվտանգ տեղերի մասին տեղեկություններ։ Այս ճանապարհորդությամբ հերոսները բացահայտում են աշխարհը, և փոխվում է նրանց կյանքը։
Դերակատար | Դեր |
---|---|
Վիգգո Մորտենսեն | Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա |
Մահերշալա Ալի | Դոն Շիրլի |
Լինդա Քարդելինի | Դոլորես Վալելոնգա |
Դոն Սթարք | Ժյուլ Պոդելլ |
Սեբաստիան Մանիսկալկո | Ջոնի Վեներե |
Փի Ջեյ Բըրն | ձայնագրման պրոդյուսեր |
Բրայան Սթեփանեք | Գրեմ Քենդըլ |
Իքբալ Թեբա | Ամիթ |
Թոմ Վիրթու | Մորգան Անդերսոն |
2017 թվականի մայիսին Վիգգո Մորտենսենը սկսում է Փիթեր Ֆարելլիի նոր նախագծում գլխավոր դերակատարման բանակցությունները։ Ֆարելլին գրում է սցենարը Նիք Վալլելոնգայի (Ֆրենկի որդին) և Բրայան Քարրիի հետ։ Իսկ ֆիլմի պրոդյուսերներն են դառնում Ջիմ Բյորքը, Չարլզ Բ. Ուեսսլերը, Բրայան Քարրին, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգան[11]։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա։
2017 թվականի նոյեմբերի 30-ին Վիգգոն հաստատվում է Թոնիի դերում։ Իսկ դաշնակահար Դոն Շիրլիի դերը խաղում է Մահերշալա Ալին։ Ֆիլմի նկարահանումները սկսվում են այդ շաբաթ Նոր Օռլեանում[12][13][14]։ 2018 թվականի հունվարի 16-ին դերասանական կազմը համալրում է Սեբաստիան Մանիսկալկոն[15]։
«Կանաչ Գիրք»-ը թողարկվել է 2018 նոյեմբերի 16-ին, Միացյալ նահանգների 20 քաղաքներում, իսկ նոյեմբերի 21-ին առավել լայն շրջանակ է ընդգրկում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Նոր Օռլեանի կինոփառատոնի բացման ժամանակ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաև նոյեմբերի 9-ին՝ AFI Fest փառատոնի ժամանակ[17]։ Լոնդոնի կինոփառատոնում ֆիլմն ընդգրկված է եղել ծրագրում որպես ֆիլմ-անակնկալ[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.