Կենսապոլիմերներ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսապոլիմերներ, բարձրամոլեկուլային բնական միացություններ, կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիմքն են և կարևոր դեր են խաղում կենսագործունեության պրոցեսներում։ Կան կենսապոլիմերների երեք հիմնական դասեր, որոնք դասակարգվում են մոնոմերի հիման վրա՝ պոլինուկլեոտիդներ (ՌՆԹ կամ ԴՆԹ), որոնք երկար պոլիմերներ են կազմված նուկլեոտիդներից, պոլիպեպտիդներ, կարճ պոլիմերներ, որոնք կազմված են ամինաթթուներից և պոլիսախարիդներ, որոնք կազմված են մոնոսախարիդներից[1][2][3][4]։
Գոյություն ունեն երկու տեսակի կենսապոլիմերներ - կանոնավոր (որոշ պոլիսախարիդներ) և անկանոն (սպիտակուցներ, նուկլեինաթթուներ)։ Կենդանի օրգանիզմում հանդիպում են նաև խառը կենսապոլիմերներ գլիկոպրոտեիդները, լիպոպրոտեիդները, գլիկոլիպիդները և այլն։ Նուկլեինաթթուները բջջում իրականացնում են գենետիկական ֆունկցիաներ և ըստ քիմիական բաղադրության բաժանվում են դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուների (ՌՆԹ)։
Վերջիններս լինում են. վիրուսային, տրանսպորտային, ինֆորմացիոն և ռիբոսոմային։ ԴՆԹ-ում (որոշ դեպքերում և ՌՆԹ-ում) մոնոմերային միավորների (նուկլեոտիդների) հաջորդականությունը որոշում է օրգանիզմի կառուցվածքը և նրանում կատարվող կենսաքիմիական պրոցեսները։ Սպիտակուցները բջջում կատարում են մի շարք կարևոր ֆունկցիաներ. կարգավորման, կծկման, իրականացնում են բջջում կատարվող փոխանակման ռեակցիաները, շինանյութ են ներբջջային կառուցվածքներից մեծ մասի համար։ Նուկլեինաթթուները և սպիտակուցները հետերոպոլիմերներ են։ Նուկլեինաթթուները կազմված են 5 տիպի նուկլեոտիդից, մոլային զանգվածը 2,5 • 104 մինչև 109 տիրույթում է։
Կենսապոլիմերների հետազոտության համար կիրառվում են ֆիզիկա-քիմիական և օպտիկական մեթոդներ, ինչպես, օրինակ, էլեկտրոնային միկրոսկոպը, սպեկտրի կլանումը, օպտիկական ակտիվությունը, լյումինեսցենցումը, վիսկոզիմետրիան։