Կյուրեղագիր
From Wikipedia, the free encyclopedia
Կյուրեղագիր, կիրիլիցա, այբուբեն, որն օգտագործվում է Եվրասիայում, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ասիայում։ Հիմնված է վաղ կիրիլյան այբուբենի վրա, որ ստեղծվել է 9-րդ դարում Բուլղարական առաջին կայսրությունում՝ Պրեսլավի գրադպրոցում[2][3][4]։ Այն հիմք է դարձել մի շարք այբուբենների համար, որ օգտագործվում են սլավոնական ազգերի մեծամասնության և ռուսերենի ազդեցությունը կրած որոշ ոչ սլավոնական ազգերի լեզուներում։ 2011 թվականի տվյալներով՝ Եվրոպայում և Ասիայում շուրջ 252 միլիոն մարդ օգտագործում է կյուրեղագիրը՝ որպես պաշտոնական գրային համակարգ իրենց մայրենի լեզուների համար, որոնց կեսը բնակվում է Ռուսաստանում։ 2007 թվականի հունվարի 1-ին Բուլղարիայի՝ Եվրոպական Միությանը միանալուց հետո կյուրեղագիրը դարձել է Եվրոպական Միության երրորդ գրային համակարգը լատիներենի ու հունարենի այբուբեններից հետո[5]։
Կյուրեղագիր | |
---|---|
Տեսակ | գիր |
Լեզուներ | հին սլավոներեն եկեղեցական սլավոներեն ռուսերեն բուլղարերեն մակեդոներեն ուկրաիներեն ղրղզերեն և այլն |
Ստեղծման վայր | Հարավարևելյան Եվրոպա |
Տարածք | Բելառուս Բոսնիա և Հերցեգովինա (նաև լատինատառ) Բուլղարիա Ղազախստան (մինչև 2025) Ղրղզստան Հյուսիսային Մակեդոնիա Մոնղոլիա (նաև մոնղոլական այբուբեն) Չեռնոգորիա (նաև լատինատառ) Ռուսաստան Սերբիա (նաև լատինատառ) Տաջիկստան Մերձդնեստր (դե յուրե Մոլդովայի մաս) Ուկրաինա |
Գրելաձևը | ձախից աջ |
Ստեղծվել է | IX դ. (ժամանակակից տեսքով XVI դ. վերջ) |
Հեղինակ | Կլիմենտ Օրխիդսկի (հավանաբար) Կյուրեղ և Մեթոդիոս (ըստ ավանդության) |
Կարգավիճակ | գործող |
Ժառանգված համակարգ | փյունիկական գիր, հունարենի այբուբեն |
Անվանվել է | Կյուրեղ[1] |
ISO 15924 | Cyrl |
Cyrillic alphabet Վիքիպահեստում |
Կյուրեղագիրն ստեղծվել է հունական ունցիալ գրի հիման վրա[6], որին հին գլագոլիցայից ավելացվել են տառեր, ներառյալ մի քանի կցագրեր։ Այդ հավելյալ տառերն օգտագործվել են հին սլավոներենի այն հնչյունների համար, որոնք չեն եղել հունարենում։ Այբուբենը կոչվել է բյուզանդացի երկու քարոզիչ եղբայրների[7]՝ սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անուններով, որոնք նախկինում ստեղծել էին գլագոլիցան։ Ժամանակակից գիտնականները կարծում են, որ կյուրեղագիրը մշակվել է Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտների կողմից։
18-րդ դարի սկզբում Ռուսաստանում օգտագործվող կյուրեղագիրն էական փոփոխությունների է ենթարկվել Պետրոս I-ի կողմից, որը նոր էր վերադարձել իր մեծ դեսպանությունից Արևմտյան Եվրոպայում։ Տառերի նոր գրելաձևերը մոտեցվել են լատիներենին, մի քանի արխայիկ տառեր հանվել են, իսկ որոշ տառեր մշակվել են անձամբ Պետրոս Մեծի կողմից (օրինակ՝ Я տառը, որը ոգեշնչվել է լատիներեն R տառից)։ Արևմտաեվրոպական տպագրական մշակույթը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել կյուրեղագրի վրա[8]։