Կոյպերի գոտի
From Wikipedia, the free encyclopedia
Կոյպերի գոտի (երբեմն կոչվում է Էջվորտ - Կոյպերի գոտի), արեգակնային համակարգի շրջան, որը տարածվում է Նեպտունի ուղեծրից (30 ա.մ. Արեգակից) մինչև մոտավորապես 55 ա.մ. հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է աստերոիդների գոտուն, այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20-200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում փոքր մարմիններից, այսինքն` նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային ապարներից և մետաղներից, Կոյպերի գոտու մարմինները կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են սառույցներ), այնպիսիք, ինչպիսիք են մեթանը, ամոնիակը և ջուրը։ Մոտակա տիեզերքի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք գաճաճ մոլորակներ՝ Պլուտոնը, Հոմեան և Մակեմակեն։ Բացի այդ, ենթադրվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակների որոշ արբանյակներ, ինչպիսիք են Նեպտունի արբանյակ Տրիտոնը և Սատուրնի արբանյակ Ֆիբին, նույնպես առաջացել են այս շրջանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոյպեր (այլ կիրառումներ)
1992 թվականին Կոյպերի գոտու հայտնաբերումից ի վեր գոտու հայտնի մարմինների քանակն արդեն անցել է հազարը, և ենթադրվում է, որ Կոյպերի գոտու` 100 կմ գերազանցող տրամագծով ևս 70 000-ից ավել մարմիններ դեռ հայտնաբերված չեն։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ գիսաստղերի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է 200 տարուց) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումները, որոնք իրականացվում են` սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է ցրված սկավառակը` դինամիկ ակտիվ շրջան, որն ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 միլիարդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ Էրիսը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչև 100 ա.մ.)։
Պլուտոնը Կոյպերի գոտու խոշորագույն հայտնի մարմինն է։ Ի սկզբանե այն համարվում էր մոլորակ, բայց քանի որ պատկանում է Կոյպերի գոտուն, դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է Կոյպերի գոտու այլ մարմիններին, իսկ պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «պլուտինո» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի` այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբն անվանում են «պլուտոիդներ»։
Կոյպերի գոտին չպետք է շփոթել հիպոթետիկ Օորտի ամպի հետ, որը գտնվում է հազարավոր անգամ ավելի հեռու։ Կոյպերի գոտու մարմինները, ինչպես նաև ցրված սկավառակի և Օորտի ամպի մարմինները դասում են տրանսնեպտունային մարմիններին (ՏՆՄ)։