Օորտի ամպ
From Wikipedia, the free encyclopedia
Օորտի ամպ, ենթադրական գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը հանդիսանում է երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր։ Դիտարկումներով Օորտի ամպի գոյությունը չի ապացուցված, սակայն կան շատ անուղղակի փաստեր, որոնք բացահայտում են նրա գոյությունը։
Արեգակից մինչև Օորտի ամպը ընկած ենթադրյալ հեռավորությունը կազմում է 50.000 մինչև 100.000 ա. մ.[1] - մոտ մեկ լուսային տարի. Դա կազմում է մինչև Կենտավրոսի Պրոքսիմա (Արեգակին ամենամոտ աստղը) ընկած հեռավորության մոտ քառորդ մասը։ Կոյպերի գոտին և ցրված սկավառակը, երկու այլ հայտնի տրանսնեպտունային մարմինների տարածքները, հազարավոր անգամներ փոքր են Օորտի ամպից։ Օորտի ամպի արտաքին սահմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի ձգողության ուժի սահմանը[2] - Հիլլի գունդը, որը հաշվարկվել է մոտ 2,0 լուսային տարի Արեգակնային համակարգի համար։
Ինչպես ենթադրվում է Օորտի ամպը բաղկացած է երկու առանձին մասերից՝ արտաքին գնդաձև Օորտի ամպ և ներքին սկավառակաձև Օորտի ամպ։ Օորտի ամպի մարմինները մեծ մասամբ կազմված են ջրային, ամոնիակային և մեթանային սառույցներից։ Աստղագետները գտնում են, որ Օորտի ամպի մարմինները առաջացել են Արեգակի մոտ և հետագայում ցրվել են հեռավոր տիեզերք գազային հսկա մոլորակների ձգողականության ազդեցության հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման նախնական շրջաններում[1].
Չնայած այն բանին, որ Օորտի ամպի հավաստի դիտարկումենրի մասին չկան տեղեկություններ, աստղագետները գտնում են, որ այն հանդիսանում է Արեգակնային համակարգ ներխուժող բոլոր երկարաժամկետ գիսաստղերի և Հալլեյան տիպի գիսաստղերի, ինչպես նաև կենտավրոսներից և շատ Յուպիտերի ընտանիքի գիսաստղների աղբյուր[3]։ Օորտի ամպի արտաքին սահմանը ընդամենը համարվում է Արեգակնային համակարգի մոտավոր սահման, և այսպիսով, այն հեշտությամբ կարող է ընկնել ինչպես մոտ գտնվող աստղերի ձգողության ազդեցության տակ, այնպես էլ Գալակտիկայի ազդեցության տակ։ Այդ ուժերը երբեմն ստիպում են գիսաստղներին ուղղվել Արեգակնային համակարգի կենտրոնական մաս[1]։ Ելնելով նրանց ուղեծրերից, կարճաժամկետ գիսաստղերը կարող առաջանալ նաև ցրված սկավառակում, իսկ նրանցից որոշներն էլ Օորտի ամպում[1][3]։ Չնայած այն հանգամանքին, որ Կոյպերի գոտին և ավելի հեռու ընկած ցրված սկավառակը բազմաթիվ անգամ դիտվել և չափվել են, Օորտի ամպի մարմիններ, այս պահին կարող են ենթադրաբար համարվել միայն չորս մարմիններ՝ Սեդնան, (148209) 2000 CR105, (2006) SQ372 և (2008) KV42[4][5].