Կտուց անապատ
From Wikipedia, the free encyclopedia
Կտուց վանք, հայկական եկեղեցի պատմական Վասպուրական նահանգում՝ Վանա լճի Կտուց կղզում։
Կտուց անապատ | |
---|---|
Կտուց վանքի Սուրբ Կարապետ եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք, ավերակներ և պատմության հուշարձան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Վանի մարզ և Tuşba? |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 15-րդ դար |
Կառուցման ավարտ | 1894 - մինչև Մեծ Եղեռն |
Հիմնադրված | 15-րդ դար |
Ktuts monastery Վիքիպահեստում |
Ըստ ավանդության, հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հռոմից վերադառնալիս՝ այստեղ ամփոփելով իր հետ բերած Կենաց փայտի մի մասը և յոթ սրբերի մասունքները, կառուցել յոթ եկեղեցի ու իր աշակերտներից մեկին առաջնորդ կարգել։ Կտուց անապատի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 11-րդ դարին։ 1462 թվականին անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգել է սուրբ Հովհաննես Կարապետ և սուրբ Խաչ եկեղեցիները։ 15-րդ դարում Կտուց անապատը դարձել է գրչության նշանավոր կենտրոն և ծաղկում ապրել հայտնի գրիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի գործունեությամբ։
1462 թվականին Խաչատուրը Հայսմավուրք է ընդօրինակել, որտեղ հիշատակում է իրեն օգնած բազմաթիվ միաբանների (ձեռագիրը նկարազարդել է Վասպուրականում հռչակված Մինաս ծաղկողը)։ Խաչատուրի գործը շարունակել է Հովհաննեսը, որից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1470 թվականի է։ Հայտնի են նաև Մինաս և Բարսեղ գրիչները (1770–1780-ական թվականները)։ 16-րդ դարում Կտուց անապատանկում է ապրել։
17-րդ դարում Լիմ անապատի միաբանների մի մասը տեղափոխվել է Կտուց կղզի, վերակենդանացրել Կտուց անապատ., կառուցել բնակելի ու տնտեսական շենքեր, նորոգել հները։ 1712 թվականին Կտուց անապատի վանահայր Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է Կտուց անապատի ընդհանուր տեսքը սուրբ Կարապետ եկեղեցին (ճարտարապետ՝ Խոշխաբար Բաղիշեցի)։ Սրբատաշ ֆելզիտով կառուցված, մեկ զույգ գմբեթակիր մույթերով եկեղեցու աղոթասրահը արլ-ից ավարտվում է յոթանիստ խորանով։ Եկեղեցին ունեցել է որմնանկարներ (20-րդ դարի սկզբին մույթերի վրա դեռևս նկատելի էին Աբգար թագավորի և Կոստանդին կայսրի պատկերները)։
1740 թվականին եկեղեցու ճակատին կից Կարապետ Դատիկ եպիսկոպոսը քառամույթ գավիթ է կառուցել, որի հս. պատից մուտք է բացվում դեպի ուղղանկյուն խորանով Ս. Հրեշտակապետաց մատուռը, որտեղ պահվել են Կտուց անապատ-ի ձեռագրերը։ Համալիրի հարմում գտնվում են միջանցքի շուրջը երկշար դասավորված մութ ու ցածր խցերը, արլ-ում՝ հյուրատունը, իսկ հարավում՝ վանահոր բնակարանը։ 19-րդ դարում Կտուց անապատի թեմն ունեցել է ութ գյուղ։ Կտուց անապատը ամայացել է Մեծ եղեռնի ժամանակ։