From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ալֆրեդ Քիսինջեր (անգլ.՝ Henry Alfred Kissinger, մայիսի 27, 1923[1][2][3][…], Ֆյուրտ, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[4] - նոյեմբերի 29, 2023[5], Քենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6]), ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1973 թվական)։ Քիսինջերը ներկայում գլխավորում է Kissinger Associates խորհրդատվական ընկերությունը։ Նա իրական քաղաքականության կողմնակից է, մեծ դեր է ունեցել ԱՄՆ 1966-1977 թվականների արտաքին քաղաքականությունում, եղել է ԱՄՆ-Խորհրդային Միություն հարաբերություններում լիցքափաթման նախաձեռնողն ու իրականացնողը։
Քիսինջերը ծնվել է Գերմանիայի Ֆյուրտ քաղաքում հրեական կրոնական ընտանիքում։ Իսկական անունը Հայնց Ալֆրեդ Քիսինջեր է, որը ավելի ուշ ԱՄՆ-ում փոխվելու է Հենրի Քիսինջերի։ Հայրը՝ Լուիս Քիսինջերը դպրոցում ուսուցիչ է եղել, մայրը՝ Պաուլա Շտեռն Քիսինջերը՝ տնային տնտեսուհի, կրտսեր եղբոր անունը եղել է Վալտեր։ Քիսինջեր ազգանունը ծագում է Գերմանիայի Բադ-Քիսինջեն քաղաքի անվանումից։ Ընտանիքը նացիստների հետապնդումներց խուսափելու նպատակով 1938 թ. Արտագաղթում է ԱՄՆ՝ Նյու Յորք։ Ընտանիքի տեղափոխվելու գաղափարը պատականում է Պաուլային՝ մորը։ Գերմանիայում մնացած նրանց հարազատները գնդակահարվում են Հոլոքոստի ժամանակ։ Նյու Յորքում Քիսինջերների ընտանիքը տեղավորվում է Մանհեթենում, որտեղ գերմանական և հրեական մեծ համայնք կար։ Քիսինջերի մանկությունն անցնում է հենց այստեղ, և չնայած նա արագորեն ինտեգրվում է ամերիկյան մշակույթին, նրա մոտ խոսակցական ակցենտը պահպանվում է։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Նյու Յորքի համալսարանի քոլեջ։ 1943 թվականին զորակոչվում է բանակ՝ չհասցնելով ավարտել ուսումը, հենց այդ տարի էլ ստանում է ԱՄՆ քաղաքացիություն։ Զինվորական ծառայությունից հետո Քիսինջերն ավարտում է Հարվարդի համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում արվեստների ոլորտում։ Քիսինջերի դիպլոմային աշխատանքը՝ «Պատմության նշանակությունը», 388 էջ էր և ամենաերկարն է Հարվարդի պատմության մեջ։ 1954 թ. նա Հարվարդում ստանում է արվեստների մագիստրոսի, ինչպես նաև փիլիսոփայության դոկտորի կոչում։
Հարվարդն ավարտելուց հետո Քիսինջերը մնում է համալսարանում որպես դասախոսական խորհրդի անդամ, ինչպես նաև տարբեր ծրագրերի մենեջեր։ 1954 թ. ստեղծվում է «Պաշտպանական հետազոտությունների ծրագիրը», որի նպատակը տարբեր քաղաքական գործիչների և ռազմական բարձրագույն պաշտոնյաների հետ խորհրդատվության անցկացումն էր։ Քիսինջերը այս ծրագրի ղեկավարն էր 1958-1971 թվականներին։ 1958 թ. Հարվարդում ստեղծվում է Միջազգային հարաբերությունների կենտրոնը, որը ԱՄՆ կառավարության և համալսարանի միջև անմիջական կամուրջ է դառնում։ Կենտրոնը բարդ քաղաքական և դիվանագիտական առաջադրանքներ կատարող մասնագետներ էր պատրաստում։ Քիսինջերը կենտրոնի տնօրենի օգնական է նշանակվում և մինչ 1960-ակաանները ի պաշտոնե լուրջ դերակատարում է ունենում ակադեմիական և քաղաքական շրջանակի միջև կապերի հաստատման ուղղությամբ։ Հարվարդին զուգահեռ՝ աշխատում էր նաև կառավարական մի շարք գործակալություններում։ 1955-1956 թվականներին «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» մասնավոր կազմակերպության՝ միջուկային զենքի և արտաքին քաղաքանության ոլորտի ուսումնասիրությունների գծով տնօերնն էր։ Այս ժամանակահատվածում գրում է «Միջուկային զենքը և արտաքին քաղաքականությունը» աշխատությունը, որը դառնում է բեսթսելլեր, ինչի արդյունքում նա դառնում է հայտնի անձ։ 1960-ականներին Քիսինջերն աշխարհում ամենից շատ ընդունվող, հարգված և ազդեցիկ ռազմավարական հարցերով փորձագետներից մեկն էր համարվում[28]։ Քիսինջերը աջակցում էր Նյու Յորքի նահանգապետ Նելսոն Ռոկֆելլերին և նրա խորհրդականն էր, երբ վերջինս ԱՄՆ նախագահի թեկնածու էր 1960, 19684, 1968 թվականներին։ 1968 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ռիչարդ Նիքսոնը նրան նշանակում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական։ 1969 թ․ Նիքսոնի երդմնակալությունից հետո Քիսինջերը հրաժեշտ է տալիս Ռոկֆելլերին։ Վերջինս, ի նշան արված աշխատանքի և բարեկամության, Քիսինջերին պարգևատրում է 50 հազար դոլարով [29]։ Քիսինջերը Նիքսոնի նախագահության տարիներին զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Դա առաջին դեպքն էր, երբ նույն անձը միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում։ Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին շարունակում է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում։ Նիքսոնը Քիսինջերի աջակցությամբ առավել կենտրոնացած է դարձնում արտաքին քաղաքяկանությունը։ Քիսինջերը բարդացնում է ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը՝ ստեղծելով մի շարք հանձնաժողովներ և հաստիքներ։ Խորհուրդը, Քիսինջերի միջոցով դառնալով նախագահին առավել մոտ կանգնած կառույց, ավելի շատ արտոնություններ է ստանում և սկսում է միջամտել Պետդեպարտամենտի կողմից կայացվող որոշումներին, որին Նիքսոնը չէր վստահում։ Իր քաղաքական գործունեության ընթացքում Քիսինջերը մշտապես գտնվել է ԱՄՆ-ի՝ ԽՍՀՄ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Հյուսիսային Վիետնամի և այլ երկրների հետ ունեցած բանակցությունների կենտրոնում։ Քիսինջերը նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբաբերություններում լարվածության զգալի նվազմանը։ Նա կարողանում է կազմակերպել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մերձեցումը, նրան է պատկանում նաև ԱՄՆ-ի՝ Հարավային Ամերիկայում հակակոմունիստական ռեժիմներին աջակցելու գաղափարը, մասնավորապես՝ Չիլիում 1973 թվականին Պինոչետիի հեղաշրջումը։ 1973 թվականին Քիսինջերը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ Փարիզյան խաղաղության համաձայնագրում դերակտարման համար, որի արդյունքում ժամանակավորպես դադարում է Վիետնամական պատերազմը։
Քիսինջերը ղեկավարել է 2001 թվականի սեպտեմբերի 11 ահաբեկչությունները ուսումնասիրող հանձնաժողովը։ 2007 թ. սեպտեմբերի 25-ին Քիսինջերը ԱՄՆ մի շարք նախկին պետքարտուղարների հետ համատեղ նամակ է գրում, որով ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր արվում չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[30]։ Ըստ ամերիկյան հեղինակովոր Foreign Policy հանդեսի՝ միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների շրջանում 2015 թվականին անցկացված հարցման՝ Քիսինջերը ճանաչվել է ԱՄՆ վերջին 50 տարվա ամենաարդյունավետ պետքարտուղարը[31][32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.