Հեպատիտ
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ, լյարդային հյուսվածքների բորբոքում[1]։ Որոշ մարդկանց մոտ հեպատիտը ընթանում է անախտանիշ, այն դեպքում երբ ոմանց մոտ նկատվում է մաշկի դեղնություն, աչքի սպիտակուցային թաղանթի (սկլերա) դեղնություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում, դիարեա (լուծ), դյուրհոգնելիություն, ցավ որովայնում[2][3]։ Հեպատիտները լինում են կարճաժամկետ (սուր՝ մինչև 6 ամիս) և երկարաժամկետ (քրոնիկ՝ 6 ամիս և ավելի)[2][4]։ Սուր հեպատիտը կարող է ինքնուրույն անցնել, վերածվել քրոնիկ ձևի, ավարտվել սուր լյարդային անբավարարությամբ[5]։ Ժամանակի ընթացքում քրոնիկ հեպատիտը հանգեցնում է լյարդի ցիռոզի, քրոնիկ լյարդային անբավարարության և լյարդի քաղցկեղի[1]։
Հեպատիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | հեպատիտ B-ի վիրուս, հարբեցողություն, թունավորում, Աուտոիմունություն, hepatitis delta virus?, հեպատիտ Ա վիրուս, Հեպատիտ C վիրուս և hepatitis E virus? |
Հիվանդության ախտանշաններ | Դեղնախտ, անորեքսիա, որովայնային ցավ և լյարդի մեծացում |
Հետևանք | Լյարդի ցիռոզ |
Վնասում է | լյարդ |
Բուժաքննություն | արյան բիոքիմիական հետազոտություն և բիոպսիա |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն, հեպատոլոգիա, վարակաբանություն, ներքին հիվանդություններ և ընտանեկան բժշկություն |
Hepatitis Վիքիպահեստում |
Հեպատիտների (լյարդաբորբ) առաջացման ամենատարածված պատճառը վիրուսներն են[1][3]։ Այլ պատճառներից են ալկոհոլի մեծաքանակ օգտագործումը, որոշ դեղորայքներ, թույներ, այլ ինֆեկցիաներ, աուտոիմուն հիվանդություններ[1][3], ոչ ալկոհոլային հեպատիտը (NASH)[6]։ Գոյություն ունի վիրուսային հեպատիտների 5 տեսակ՝ A, B, C, D և E[1]։ Հեպատիտ A, E-ով հիմնականում վարակվում են ախտոտված սնունդ և ջուր օգտագործելու պարագայում[1]։ Հեպատիտ B-ն տարածվում է հիմնականում սեռական ճանապարհով, բայց երբեմն կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և ծննդաբերության ընթացում[1]։ Ինչպես հեպատիտ B-ն այնպես էլ C-ն փոխանցվում են արյան միջոցով, վարակում կարող է դիտվել ներերակային թմրամոլների մոտ՝ նույն ներարկիչից օգտվելու պարագայում[1]։ Հեպատիտ D-ով վարակվում են միայն այն մարդիք, որոնք արդեն վարակված են հեպատիտ B-ով[1]։
Հեպատիտ A, B, և D-ով վարակումը կարելի է կանխել իմունիզացիայի (պատվաստման) միջոցով[3]։ Դեղորայք օգտագործվում է քրոնիկ հեպատիտի բուժման նպատակով[2]։ Բուժումը իր մեջ չի ներառում ոչ ալկոհոլային հեպատիտի (NASH) վերացումը, սակայն առողջ ապրելակերպը, չափավոր ֆիզիկակակն բեռնվածությունը, ճիշտ սննդակարգը կարևոր են[6]։ Աուտոիմուն հեպատիտների բուժման ժամանակ օգտագործվում են իմուն համակարգը ճնշող դեղամիջոցներ[7]։ Լյարդի փոխպատվաստումը երբեմն կարող է լինել որպես բուժման վերջնական եղանակ[8]։
Ամբողջ աշխարհում 2015 թ-ի տվյալներով հեպատիտ A-ով հիվանդացել է 114 մլն մարդ, քրոնիկ հեպատիտ B-ով՝ 343 մլն և քրոնիկ հեպատիտ C-ով՝ 142 մլն[9]։ ԱՄՆ-ում ոչ ալկոհոլային հեպատիտով (NASH) գրանցվել է մոտ 11 մլն մարդ, իսկ ալկոհոլային հեպատիտով՝ 5մլն[6][10]։ Հեպատիտը հանգեցնում է տարեկան 1 մլն և ավելի մարդկանց մահվան, հիմնական պատճառը հեպատիտի արդյունքում առաջացաց ցիռոզը և լյարդի քաղցկեղն է[1][11]։ ԱՄՆ-ում հեպատիտ A-ն տարեկան հանդիպում է մոտ 2500 անձի մոտ և հանգեցնում է մոտ 75 մարդկանց մահվան[12]։ Հեպատիտ բառն ունի հունական ծագում՝ hêpar (լյարդ), -itis (բորբոքում)[13]։