Հերցլ լեռ
From Wikipedia, the free encyclopedia
Հերցլ լեռ (եբրայերեն՝ הר הרצל Har Herzl), նաև Հար հա Զիքարոն, եբրայերեն՝ הר הזכרון Har Ha’Zikaron, Հիշողության լեռ), բլուր ծովի մակարդակից 834 մ բարձրության վրա, Երուսաղեմի արևմտյան մասում, Երուսաղեմի անտառի կողքին։ Լեռը կրում է ժամանակակից քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի անունը։ Հերցլի գերեզմանը գտնվում է բլրի գագաթին։
Հերցլ լեռ | |
---|---|
Տեսակ | լեռ և գերեզմանատուն |
Երկիր | Իսրայել[1] |
Վարչատարածքային միավոր | Երուսաղեմ և Երուսաղեմի մարզ[1] |
Լեռնաշղթա | Հուդայի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 834 մետր |
Ձևավորում | 1948 |
Անվանված է | Թեոդոր Հերցլ |
Հերցլ լեռան վրա տեղադրված է Իսրայել պետության գլխավոր ազգային հուշահամալիրը, ներառյալ Իսրայելի գլխավոր ազգային գերեզմանոցը, որտեղ թաղված են երկրի ղեկավարներն ու այն մարդիկ, ովքեր երկրի համար իրենց կյանքն են տվել, ինչպես նաև կրթական հաստատություններ։ Հուշահամալիրի հիմնադիրն ու վերահսկողը Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունն է։
Հերցլ լեռը շատ հիշարժան և ազգային տոնակատարությունների վայր է. իր տարածքի յուրաքանչյուր հատվածում կա մեծ հրապարակ հիշատակի արարողությունների անցկացման համար։ Պատերազմների ժամանակ զոհվածների պատվին անցկացվող պետական հիշատակի միջոցառումների մեծ մասը տեղի են ունենում Ազգային զինվորական և ոստիկանական գերեզմանոցներում։ Ամեն տարի Հերցլ լեռան վրա տեղի է ունենում հիշատակի կրակի վառման արարողություն, որի ժամանակ Քնեսեթի նախագահը հայտարարում է Զոհվածների հիշատակի օրվա ավարտը և Անկախության օրվա տոնակատարությունների մեկնարկը։