Մարսողություն
From Wikipedia, the free encyclopedia
Մարսողություն, սննդի խոշոր անլուծելի մասնիկների քայքայումն է փոքր ջրալույծ մասնիկների, որոնք կարող են անցնել արյան պլազմայի հեղուկ միջավայր։ Որոշ օրգանիզմներում այդ փոքր միացությունները կլանվում են բարակ աղիքից արյան հունի մեջ։ Մարսողությունը կատաբոլիզմի ձև է և, կախված նրանից, թե ինչպես է ճեղքվում սնունդը, այն բաժանվում է երկու գործընթացների՝ մեխանիկական և քիմիական մարսողություն։ Մեխանիկական մարսողության ժամանակ սննդի խոշոր մասնիկները ենթարկվում են ֆիզիկական ճեղքման և վեր են ածվում ավելի փոքր մասնիկների, որոնց կարող են քայքայել մարսողական ֆերմենտները։ Քիմիական մարսողության ժամանակ, ֆերմենտները քայքայում են սնունդը՝ դարձնելով օրգանիզմում օգտագործման համար մատչելի։
Մարդու մարսողական համակարգում սնունդը անցնում է բերան, որտեղ սկսվում է նրա մեխանիկական մարսումը՝ ծամելու և թքով շաղախվելու գործողությամբ։
Թքագեղձերի կողմից արտադրված թուքը պարունակում է թքի ամիլազ ֆերմենտը, որի ազդեցությամբ սկսվում է սննդի կազմում գտնվող օսլայի ճեղքավորումը։ Թուքը նաև պարունակում է լորձ, որը փափկեցնում է սնունդը և հիդրոկարբոնատ, որը ապահովում է ամիլազի գործունեության համար կատարյալ рН (հիմնային)։ Բերանի խոռոչում սնունդը օսլայով ճեղքվելուց հետո վեր է ածվում ոչ մեծ գնդային զանգվածի, որին անվանում ենք բոլուս։ Ապա այն սկսվում է կերակրափողով շարժվել ներքև դեպի ստամոքս պերիստատիկայի միջոցով։ Ստամոքսահյութի ազդեցությամբ ստամոքսում սկսվում է սպիտակուցների մարսողությունը։ Ստամոքսահյութը հիմնականում պարունակում է աղաթթու և պեպսին։ Ստամոքսի լորձաթաղանթի կողմից արտադրվում է նաև լորձ, որը գործում է որպես վահան այս քիմիական միացությունների քայքայիչ ազդեցությունից ստամոքսի պատը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ կատարվում է նաև սպիտակուցների մարսողություն, որի ժամանակ նրանց մեխանիկական խառնումը կատարվում է պերիստատիկայի միջոցով՝ մկանային ալիքների կծկմամբ, որոնք շարժվում են ստամոքսի պատի երկայնքով։ Սա թույլ է տալիս սննդի զանգվածին լրացուցիչ խառնվել մարսողական ֆերմենտների հետ։ Որոշ ժամանակ անց (սովորաբար մարդկանց մոտ 1–2 ժամ, շների մոտ՝ 4–6 ժամ, տնային կատուների մոտ՝ 3–4 ժամ) ստացվում է հեղուկ շիլայանման զանգված՝ քիմեն։ Երբ բացվում է սֆինկտերի պիլորիկ փականը այդ զանգվածը անցնում է տասներկումատնյա աղի, որտեղ այն խառնվում է ենթաստամոքսային գեղձի արտադրած մարսողական ֆերմենտների և լյարդի արտադրած լեղու հետ, այնուհետև անցնում է բարակ աղիներով՝ շարունակելով մարսողությունը։ Երբ քիմենը ամբողջությամբ մարսվում է՝ այն ներծծվում է արյան մեջ։ Սննդանյութերի 95%–ի ներծծումը կատարվում է բարակ աղիներում։ Ջուրը և հանքային աղերը հետ ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում, որտեղ рН–ը թույլ թթվային է՝ 5,6-6,9։ Որոշ վիտամիններ, ինչպես օրինակ բիոտինը կամ վիտամին K–ն (K2MK7), որոնք արտադրվում են հաստ աղիքի մանրէները, նույնպես ներծծվում են արյան մեջ հաստ աղիքում։ Կենսագործունեության արգասիքները հեռացվում են օրգանիզմից ուղիղ աղիքով դեֆեկացիայի ժամանակ[1]։