Մեգի Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեթ Նատալի Սմիթ (անգլ.՝ Margaret Natalie Smith, նաև Մեգի Սմիթ (անգլ.՝ Maggie Smith), դեկտեմբերի 28, 1934(1934-12-28)[1][1][1][…], Իլֆորդ, Միացյալ Թագավորություն[2][7]), անգլիացի դերասանուհի։
Ավելի քան 65 տարի ունեցել է ընդգրկուն, բազմազան կարիերա բեմին, կինոյում և հեռուստատեսությունում։ Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար[8], իսկ 2014 թվականին դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։
Սմիթն իր բեմական կարիերան սկսել է 1952 թվականին Օքսֆորդի թատրոնում և Բրոդվեյան առաջնելույթը կատարել «New Faces of '56»-ում։ Լոնդոնյան բեմին կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է «Evening Standard» թատերական մրցանակի՝ «Մասնավոր ականջ և հանրային աչք» (1962), «Հեդա Գաբլեր» (1970), «Վիրջինիա» (1981), «Աշխարհի ուղին» (1984) և «Երեք բարձրահասակ կանայք»(1994) ֆիլմերի համար։ Առաջադրվել է Թոնի մրցանակի «Մասնավոր կյանքեր» (1975) և «Գիշեր և ցերեկ» (1979) ֆիլմերի համար, իսկ 1990 թվականին արդեն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի՝ խաղալով «Lettice and Lovage» պիեսում։ Այլ բեմական դերերից են Ստրատֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնում ներկայացված «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն (1976), «Մակբեթ»-ը (1978), Ուեսթէնդյան թատրոնի ներկայացումներից «Նուրբ հավասարակշռությունը» (1997) և «Կյանքի շունչը» (2002)։
Էկրանին Սմիթն առաջին անգամ գովասանքի արժանացավ «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար, որի համար առաջին անգամ առաջադրվեց BAFTA-ի[9]։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «California Suite» ֆիլմում (1978)։ Նա այն վեց դերասանուհիներից մեկն է, ով մրցանակ է ստացել այդ երկու անվանակարգերում[10]։ Նա BAFTA մրցանակի ռեկորդակիր է․ ստացել է 4 անգամ՝ որպես լավագույն դերասանուհի՝ ներառյալ «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար և 3 Ոսկե գլոբուս։ 6 անգամ առաջադրվել է Օսկարի․ «Օթելլո»-ի (1965), «Ճանապարհորդություններ մորաքրոջս հետ» (1972), «Սենյակ՝ տեսարանով» (1986) և «Գոսֆորդ պարկ» (2001) ֆիլմերի համար։
Սմիթը 2001-2011 թվականներին Հարրի Փոթեր ֆիլմաշարում խաղացել է պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալի դերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Love and Pain and the Whole Damn Thing»-ը (1973), «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992), «Լավագույն էկզոտիկ Մարիգոլդ հյուրանոցը» (2012) և «The Lady in the Van» (2015)։ 2003 թվականին Սմիթն ստանում է Էմմի մրցանակ «Իմ տունն Ումբրիայում» ֆիլմի համար՝ դառնալով այն քիչ դերասանուհիներից մեկը, որն արժանացել է «մրցակից» մրցանակների[11][12]։ Նկարահանվել է լեդի Վիոլետ Քրոուլիի դերում «Դաունթաուն Էբբի»-ում (2010-2015), որի համար ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։ Նրա պատվավոր մրցանակներից են BAFTA հատուկ մրցանակը (1993), BAFTA Fellowship-ը (1996) և Լոնդոնի թատերական հասարակության հատուկ մրցանակը (2011)։ 2012 թվականին ստացել է Ստրատֆորդի շեքսպիրյան փառատոնի ժառանգության մրցանակ[13], իսկ 2016 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանների Բոդլեյ մեդալ[14]։