Յուպիտերի արբանյակներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտերի արբանյակներ, Յուպիտեր մոլորակի բնական արբանյակներ։ Այսօրվա դրությամբ հայտնի են Յուպիտերի 79 արբանյակ[1][2][3], սա Արեգակնային համակարգի մոլորակների մեջ առավելագույն ցուցանիշն է, եթե հաշվի չենք առնում Սատուրնի օղակներում հայտնաբերված փոքրիկ արբանյակները[4]։ Յուպիտերի ուղեծրում գտնվող մարմինների ընդհանուր զանգվածի մոտ 99,997% կազմում են չորս Գալիլեյան արբանյակները, բոլոր մնացած արբանյակները և օղակները միասին կազմում են ընդամենը 0,003%։
Արբանյակներից ամենամեծերն են չորս Գալիլեյան արբանյակները, որոնք իրարից անկախ 1610 թվականին հայտնաբերել են Գալիլեո Գալիլեյը և Սիմոն Մարիուսը։ 19-րդ դարի վերջից սկսած հայտնաբերվել են մոլորակի տասնյակ զգալիորեն ավելի փոքր արբանյակներ, որոնք անվանվում են Հռոմեական աստված Յուպիտերի կամ նրա Հունական տարբերակ Զևսի սիրուհիների և դստրերի անուններով։
Յուպիտերի արբանյակներից ութը ուղիղ շարժում ունեն, ուղեծրերը համարյա շրջանաձև են և թեքումը չափազանց փոքր է Յուպիտերի հասարակածային հարթության նկատմամբ։ Գալիլեյան արբանյակները ունեն համարյա գնդաձև ձև, և կարող են գնահատվել որպես առնվազն գաճաճ մոլորակներ։ Մյուս չորս կանոնավոր արբանյակները շատ ավելի փոքր են, և պտտվում են մոլորակին մոտ, այս արբանյակները ծառայում են մոլորակի օղակների համար որպես մասնիկների աղբյուր, որոնք արտանետվում են այս արբանյակներից երկնաքերերի հետ բախումների արդյունքում։
Յուպիտերի մյուս բոլոր արբանյակները անկանոն են և պտտվում են հակադարձ ուղղությամբ, ուղեծրերը շատ ավելի հեռու են մոլորակից, ունեն համեմատաբար մեծ ուղեծրի թեքում և էքսցենտրիսիտետ, այսինքն ուղեծրերը էլիպսային են։ Այս արբանյակները հավանաբար որսացվել են մոլորակի ձգողական դաշտի կողմից արեգակնային ուղեծրերից։