Նախնադար
From Wikipedia, the free encyclopedia
Նախնադար, մարդկության պատմության ժամանակաշրջան, որն ընդգրկում է մարդու առաջացումից մինչև գրի հայտնագործումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սակայն քանի որ գիրը տարբեր ազգությունների մոտ ի հայտ է եկել տարբեր ժամանակաշրջաններում, նախնադար հասկացությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առանձնահատուկ է։ Նախնադարը բաժանվում է՝
- Քարի դար
- պղնձի քարի դար
- բրոնզի դար
- երկաթի դար. Նախնադար եզրույթը կարող է գործածվել՝ բնութագրելու համար տիեզերքի կամ Երկիր մոլորակի արարման ժամանակները, սակայն առավել հաճախ այդ եզրույթով բնորոշվում է այն ժամանակաշրջանը, երբ Երկրի վրա ի հայտ է եկել կյանքը, իսկ առավել որոշակի՝ մարդանման արարածները[1][2]։
Ուսումնասիրողներից շատերը որպես նախնադարի սկիզբ ընդունում են մարդու կողմից առաջին քարե գործիքների օգտագործումը մոտավորապես 3.3 միլիոն տարի առաջ։ Ինչ վերաբերում է նախնադարի ավարտին, պետք է ասել, որ գրային ամենավաղ համակարգերը ի հայտ են եկել մոտավորապես 5,300 տարի առաջ, բայց հազարավոր տարիներ են պետք եղել, որ գիրը տարածվի աշխարհով մեկ։ Մարդկային որոշ մշակույթներ մինչև 19-րդ դարն անգամ զուրկ են եղել դրանից, իսկ որոշները զուրկ են նույնիսկ ցայսօր։ Ընդ սմին՝ վերջինների պատմության նկատմամբ նախնադար եզրույթը հազվադեպ է գործածվում ընդհանրականորեն ընդունված իմաստով։
Միջագետքի շումերները, Ինդոսի գետահովտի քաղաքակրթությունները, հին եգիպտացիները եղել են առաջին քաղաքակրթությունները, որ ստեղծել են իրենց գիրը և պատմական արձանագրումներ են կատարել; Դա տեղի է ունեցել վաղբրոնզեդարյան ժամանակներում։ Հարևան քաղաքակրթությունները որոշ ժամանակ անց հետևել են նրանց։ Մնացածներից շատերը նախնադարի ավարտին հասել են երկաթի դարում։ Նախնադարի եռափուլ բաժանումը քարի, բրոնզի և երկաթի դարերի գործածական, կիրառելի է եվրասիական և հյուսիսաֆրիկյան բազմաթիվ ժողովուրդների, սակայն՝ աշխարհի ո՛չ այն մասերի նկատմամբ, որտեղ մետաղագործությունը տարածվել է եվրասիական մշակույթների հետ շփման արդյունքում (խոսքը վերաբերում է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներին, Օվկիանիային, Ավստրալիային, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածաշրջաններին)։ Բացառությամբ ամերիկյան նախակոլումբոսյան որոշ քաղաքակրթությունների, այդ տարածաշրջաններում գրի գործածությունն ու նախնադարի ավարտը հասել է համեմատաբար ոչ ուշ ժամանակների. օրինակ՝ Ավստրալիայի պատմության մեջ նախնադարի ավարտ ընդունված է համարել 1788 թվականը։
Կան դեպքեր, երբ ինչ-որ մի մշակույթ չի ստեղծել իր գիրը, սակայն նրա վաղ պատմության իրադարձությունների վերաբերյալ գրառումներ կան այլ ժողովրդի գրերով. նման դեպքերում գործածվում է տվյալ մշակույթի պրոտոպատմություն եզրույթը։ Քանի որ ըստ նախնադարի ընդհանրականորեն ընդունված բնորոշման[3]՝ մարդկության պատմության այդ ժամանակաշրջանի վերաբերյալ պատմական գրառումներ, արձանագրություններ չկան, ուստի մարդկության նախապատմական շրջանի իրադարձությունների թվագրումը կարևորագույն նշանակություն է ստանում։ Իսկ վաղ պատմական դեպքերի թվագրման հստակ եղանակներ մշակվել են միայն տասնիններորդ դարից սկսած[4]։