Շուշիի շրջան (Արցախ)
From Wikipedia, the free encyclopedia
Շուշիի շրջան, Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շուշիի շրջանի մակերեսը կազմում է 381 կմ², բնակչությունը՝ 4.324 մարդ (2005 թ.[4])։ Շրջկենտրոնը Շուշի քաղաքն է՝ 1918-1920 թթ. Արցախի ինքնահռչակ պետության մայրաքաղաքը։ Մակերևույթն ամբողջապես լեռնային է և ծածկված անտառներով և թփուտներով։ Նրա հարավային՝ Հադրութի շրջանին սահմանակից հատվածում վեր է խոյանում Քիրս լեռը, որի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը, ունի 2748 մ բարձրություն[5]։ Շրջանի տարածքով են անցնում Կարկառ գետի արևելյան վտակը՝ Շուշինկան և արևմտյան վտակ Ղայբալին։ Շրջանի գեղատեսիլ վայրերից է Հունոտի կիրճը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Շուշի (այլ կիրառումներ) և Շուշիի շրջան (այլ կիրառումներ):
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Մտնում է | Արցախ |
Վարչկենտրոն | Շուշի |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 5189 մարդ (2015)[1] |
Տարածք | 383 կմ² |
Ժամային գոտի | UTC+4[2] |
Հեռախոսային կոդ | 26 |
Ավտոմոբիլային կոդ | 58 |
Շուշիի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակցում է Ասկերանի, հարավ-արևելքում Հադրութի, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջաններին, հյուսիս-արևելքում՝ Ստեփանակերտ քաղաքին։
2009 թվականի տվյալներով Շուշիի շրջանում կա 8 գյուղական բնակավայր, որոնք միավորված են 6 համայնքներում և մեկ քաղաքային համայնք՝ Շուշի քաղաքը[6]։ 2020-ի Արցախյան 2-րդ պատերազմի արդյունքում Շուշի քաղաքն ու Քարին-Տակ գյուղը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ 2023-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Բարդաձոր, Եղծահող, Կանաչթալա, Հինշեն, Տասը-Վերստ և Լիսագոր գյուղերն ընկան պաշարման մեջ, կտրվելով Արցախի մնացած մասից և Հայաստանից, և զրկվելով գազից, ջրից ու էլեկտրականությունից։