From Wikipedia, the free encyclopedia
Ռեվիզիոնիզմ (լատին․՝ revisio - վերանայում), զանազան գաղափարների, սկզբունքների և տեսությունների գործադրմամբ մարքսիզմ-լենինիզմի արմատական դրույթների վերանայման գործելակերպ[1]։
Սույն եզրույթը հաճախ օգտագործվում է մարքսիստների կողմից, որոնց համոզմամբ նման վերանայումներն անհիմն են և դեմ են մարքսիզմի գաղափարախոսությանը։ Մարքսիստները տարբերում են ռեվիզիոնիզմ աջից, որը մարքսիստական դրույթները փոխարինում է ռեֆորմիստական հայացքներով, և «ձախից», որն, ըստ նրանց, «նենգափոխում է դրանք անարխիստական, բլանկիստական և վոլյունտարիստական դիրքորոշմամբ»։
Ռեվիզիոնիզմը երևան է եկել 19-րդ դարի 70-ական թվականներին մարքսիզմի դիրքերում կանգնած գերմանական ս-դումայի կուսակցությունում։
1879 թվականներին Կ․ Հյոխբերգը, Է․ Բեռնստայնը և Կ․ Շրամը հանդես եկան հեղափոխական տեսության հիմնական դրույթների վերանայման պահանջներով։ Ա․ Բեբելին, Վ․ Նիբկնեխտին, Վ․ Բրակքեին և ուրիշներին ուղղված հատուկ շրջաբերական նամակում Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը արմատականորեն դատապարտում էին ռեվիզիոնիզմի առաջին նկրտումները։ Որպես ուղղություն, ռեվիզիոնիզմը ձևավորվել է Մարքսի և Էնգելսի մահից հետո, երբ 90-ական թվականներին Բեռնստայնը հանդես եկավ մարքսիզմի վերանայման ամբողջական ծրագրով[2]։
20-րդ դարի սկզբներին ռեվիզիոնիզմը տարածվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի և այլ երկրների ս-դումայի շարժման մեջ (Կ․ Կաուցկի, Օ․ Բաուեր, Է․ Վանդերվելդե, Ֆ․ Շայդեման, Կ․ Լեզին, Մ․ Պրոկոպովիչ, Լ․ Մարտով, Լ․ Տրոցկի և ուրիշներ)։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ռևիզիոնիստները հանդես եկան մարքսիզմի բոլոր բաղկացուցիչ մասերի վերանայմամբ։ Փիլիսոփայական ասպարեզում նրանք, ըստ էության, ժխտում էին դիալեկտիկական մատերիալիզմի գիտականությունը, ձգտում գիտական սոցիալիզմը միացնել կանտականությանը, բերկլիականությանը և մախիզմին։
Քաղաքատնտեսության մեջ՝ ելնելով տնտեսական զարգացման նոր տվյալներից, նրանք պնդում էին, որ խոշոր արտադրության կողմից մանր արտադրության դուրս մղումը դանդաղել է, իսկ գյուղատնտեսության մեջ որևէ շարժ ընդհանրապես տեղի չի ունենում, իսկ տրեստները և կարտելները հնարավորություն են տալիս կապիտալիզմին վերացնել ճգնաժամերը և այդ պատճառով «կապիտալիզմի կործանման» հաշվարկներն իրական չեն, քանի որ նկատվում է նրա այսպես կոչված հակասությունների մեղմացման միտում։
Ըստ ռեվիզիոնիզմի քաղաքական ազատությունը, ժողովրդավարությունը, համընդհանուր ընտրական իրավունքը վերացնում են դասակարգային պայքարի անհրաժեշտությունը։ Սոցիալիստական շարժման հիմնախնդիրը ռեվիզիոնիզմը հանգեցնում է մասնակի ռեֆորմների համար մղվող պայքարի։ Ուսմունքին անհայտորեն դեմ է արտահայտվել Վլադիմիր Լենինը, ինչպես նաև մի շարք սոցիալիստական գործիչներ, ինչպիսիք են Գեորգի Պլեխանովը, Ռոզա Լյուքսեմբուրգը, Կարլ Լիբկնեխտը, Կլարա Ցետկինը և այլք։
Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ 1920-40-ական թվականներին միջազգային կոմունիստական շարժման մեջ դրսևորվեց «աջ» (աջ թեքում մի քանի կոմունիստական կուսակցություններում) և «ձախ» («ձախ կոմունիզմ») ռեվիզիոնիզմը։ Մարքսիզմ-լենինիզմի վերանայման փորձ կատարվեց նաև 1950-ական թվականներին։ 50-ական թվականների վերջին տարածում գտավ ռեվիզիոնիզմը աջից, որը փորձում էր հեղափոխական շարժումը տանել սոցիալ-ռեֆորմիստական ուղիով։ Կոմունիստներն առանձնակի վտանգ էին տեսնում Նադի և Լոշոնցիի ռևիզիոնիստական խմբի մեջ, որը 1956 թվականին, կոմունիստական դրածո վարչախմբի դեմ հունգարական հեղափոխության ալիքը բացեց։ Արդի ռեվիզիոնիզմը մարքսիզմ-լենինիզմը համարում է հնացած, գտնելով, որ այն կորցրել է նշանակությունը հասարակական զարգացման համար։
Ռևիզիոնիստները ժխտում են մարքս-լենինյան կուսակցության ղեկավար դերը՝ պահանջելով այն մարտական հեղափոխական կազմակերպությունից վերածել բանավիճային ակումբի։ Դատապարտելով աջ ռեվիզիոնիզմի՝ որպես գլխլավոր վտանգ, կոմունիզմի գաղափարախոսները քննադատում էին այն և իրենց շարքերը մաքրում ռեվիզիոնիզմի ակտիվ կողմնակիցներից։ 60-70-ական թվականներին կոմունիստական շարժման մեջ դրսևորվել է «ձախից»։
Ձախ ռեվիզիոնիզմը հատկապես տարածվել է մաոիզմի մեջ։ Ժամանակակից աջ ռեվիզիոնիզմը հանդես է գալիս մարքսիզմ-լենինիզմի բոլոր դրույթների դեմ։ Ի վերջո, այն ժխտում է սոցիալիստական հեղափոխության անհրաժեշտությունը և հավանություն տալիս կապիտալիզմը բարեփոխելու գաղափարին։ Ռևիզիոնիստները պնդում են, որ արդի գիտատեխնիկական հեղափոխությունը լիովին վերափոխում է հասարակության կառուցվածքը, վերացնում դասակարգային հակամարտությունները, կապիտալիզմը վերածում մարդասիրական հասարակության։
Աջ ռևիզիոնիստները պնդում են, որ կատարվել է «սոցիալիզմի նվաճումների լճացում», առաջ էն քաշում նրա «մարդասիրացման», «մարդկային դեմքով սոցիալիգմ»-ի ստեղծման պահանջներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.