Սիրավեպ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրավեպ, գրական ժանր։ Այս ժանրի ստեղծագործությունների կենտրոնում երկու մարդկանց հարաբերություններն ու ռոմանտիկ սերն են, ինչպես նաև ենթադրում է «հուզական բավարարվածություն ու լավատեսական եզրափակում»[1]։ Սիրավեպն ունի բազմաթիվ ենթաժանրեր՝ ֆենտեզի, պատմավեպ, գիտական ֆանտաստիկա, միստիկա։
Որոշ հետազոտողների կարծիքով այս ժանրի աղբյուրները 18-19-րդ դարերի արևմտաեվրոպական գեղարվեստական ստեղծագործություններն են, մասնավորապես Սեմյուել Ռիչարդսոնի «Պամելան կամ փոխհատուցված առաքինություն» սենտիմենտալ վեպը (անգլ.՝ «Pamela, or Virtue Rewarded», 1740) և Ջեյն Օսթինի վեպերը[2]։ Օսթինի տպավորության տակ գրել է դետեկտիվի ժանրում ստեղծագործող և պատմական ռոմանիզմի հետևորդ Ջորժեթ Հեյերը, որի գրքերի գործողությունները տեղի են ունենում Ջեյն Օսթինի ժամանակաշրջանում։ Հեյերի առաջին սիրավեպը «Սև թիթեռնիկ» (անգլ.՝ «The Black Moth») ստեղծագործությունն է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1751 թվականին, այն տպագրվել է 1921 թվականին։ 1930-ական թվականներին Mills and Boon բրիտանական ընկերությունն սկսել է հրատարակել էսկապիստական գրականություն կանանց համար։ ԱՄՆ-ում առաջին իսկական սիրավեպը դարձել է Քեթլին Վուդիվիսի «Բոց և ծաղիկ» գիրքը (անգլ.՝ «The Flame and the Flower»), որը տպագրվել է 1972 թվականին Avon Books հրատարակչությունում։
Ժանրը հայտնի է ԱՄՆ-ում (այն կազմել է 2004 թվականին վաճառված փափուկ շապիկով գրքերի 55 %-ը), Եվրոպայում, Ավստրալիայում։ Համաձայն 2014 թվականին կատարված հարցումների՝ Ռուսաստանում այն ընտրել են հարցվածների 13 %-ը[3]։ Սիրավեպերը լույս են տեսնում 90 լեզուներով։ Գրքերի մեծ մասը, սակայն, գրված են անգլալեզու հեղինակների կողմից։ Չնայած սիրավեպերի մեծ ժողովրդականությանն ու լավ վաճառքին, ժանրը հաճախ նաև ենթարկվում է քննադատության և ծաղրի։