Սուր շնչառական դիսթրես համախտանիշ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ), արտաքին շնչառական անբավարարության ծանր ձև է, որը բնութագրվում է թոքերի արագ և տարածուն բորբոքմամբ[1]։ Այն զարգանում է ալվեոլմազանոթային թաղանթի ուղղակի և/կամ համակարգային վնասման ժամանակ և բնութագրվում է թոքային հյուսվածքի դիֆուզ ինֆիլտրացիայով ու արտահայտված հիպօքսեմիայով[2]։ Հիմնական ախտանիշներն են շնչարգելությունը, հաճախաշնչությունը (տախիպնոե) և մաշկի կապտավուն երանգավորումը (ցիանոզ)[1]։ ՍՇԴՀ տանելուց հետո զգալիորեն նվազում է պացիենտների կյանքի որակը[1]։
Սուր շնչառական դիսթրես համախտանիշ | |
---|---|
ՍՇԴՀ-ով պացիենտի կրծքավանդակի ռենտգեն պատկեր, երևում են թոքերի երկկողմանի ինֆիլտրատներ | |
Տեսակ | մահվան պատճառ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Դիֆուզ թոքաբորբ, սեպսիս, շոկ, ասպիրացիա |
Հիվանդության ախտանշաններ | Շնչարգելություն, հաճախնչություն, ցիանոզ[1] |
Վնասում է | Թոքեր |
Բուժաքննություն | կրծքավանդակի ռենտգեն և CT |
Բժշկական մասնագիտություն | Անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 518.5 և 518.82 |
Հոմանիշներ | Մեծահասակների շնչառական դիսթրես համախտանիշ, «խոնավ թոքի համախտանիշ», շոկային թոք |
Ախտորոշում | Շնչառական ինդեքսի PaO2/FiO2 300 մմ․սս․-ից ցածր մակարդակ[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Սրտային անբավարարություն[1] |
Բուժում | Արհեստական օդափոխություն, Արտամարմնային թաղանթային օքսիգենացիա[1] |
Մահացություն | 30-50%[1] |
Սկիզբը | Մի շաբաթվա ընթացքում[1] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 3 միլիոն դեպք[1] |
Acute respiratory distress syndrome Վիքիպահեստում |
Պատճառներից են սեպսիսը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ), տրավմաները, թոքաբորբը և ասպիրացիան[1]։ Առաջացման մեխանիզմը ներառում է թոքաբշտերի (ալվեոլների) պատի դիֆուզ վնասում, սուրֆակտանտի անբավարարություն և դիսֆունկցիա, իմուն համակարգի ակտիվացում և մակարդման համակարգի խանգարումներ[3]։ ՍՇԴՀ-ի հետևանքով թոքերը ի վիճակի չեն իրականացնել գազափոխանակություն թթվածնի և ածխաթթու գազի միջև[1]։ Ախտորոշումը կատարվում է շնչառական ինդեքսի հիման վրա՝ PaO2/FiO2 (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշմումը հարաբերած ներշնչած թթվածնի ֆրակցիային)։ Եթե այդ ցուցանիշը փոքր է 300 մմ․սս․-ից, չնայած որ արտաշնչման վերջում դրական ճնշումը (անգլ․՝positive end-expiratory pressure (PEEP)) կազմում է > 5 սմ H2O, ապա հաստատվում է ՍՇԴՀ[1]։ Ախտորոշումը դնելուց պարտադիր պետք է բացառել սրտային անբավարարությամբ պայմանավորված թոքերի այտուցն ու շնչառական անբավարարությունը[4]։
Բուժումը ներառում է թոքերի արհեստական օդափոխության սարքի միջոցով օժանդակ շնչառության իրականացում և համախտանիշի հիմքում ընկած պատճառի վերացում[1]։ Արհեստական օդափոխությունը ցուցված է իրականացնել ցածր ծավալներով և ճնշումներով[1]։ Եթե թթվածնի մատակարարումը (օքսիգենացիա) անբավարար է, ապա կարելի է իրականացնել թոքերի «վերագործարկման հնարքը», ինչպես նաև կիրառել նյարդամկանային պաշարիչներ[1]։ Եթե այս բոլոր մեթոդները անարդյունավետ են, ապա ցուցված է իրականացնել արտամարմնային թաղանթային օքսիգենացիա (անգլ․՝ extracorporeal membrane oxygenation (ECMO))[1]։ Սուր շնչառական դիսթրես համախտանիշի մահացության աստիճանը կազմում է 35-50 %[1]։
Տարեկան հաշվարկով գրանցվում է ՍՇԴՀ-ի մոտ 3 միլիոն դեպք[1]։ Այս համախտանիշը առաջին անգամ նկարագրվել է 1967թ․[1]։ Այդ ժամանակ կիրառվում էր «մեծահասակների շնչառական դիսթրես համախտանիշ» տերմինը, որը տարանջատում էր ՍՇԴՀ-ն «նորածնային շնչառական դիսթրես համախտանիշ»-ից, սակայն միջազգային հանրությունը որոշեց սահմանել «սուր շնչառական դիսթրես համախտանիշ» տերմինը, որը կիրառելի է բոլոր տարիքային խմբերի համար[5]։ Սակայն, երեխաների շրջանում ախտորոշիչ չափանիշները մի փոքր տարբերվում են[4]։