Վահանավանք
From Wikipedia, the free encyclopedia
Վահանավանք նաև Հովհաննավանք[1], միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննավանք (այլ կիրառումներ)
Վահանավանք | |
---|---|
Վահանավանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Սյունիքի մարզ, Կապանի մոտ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սյունյաց թեմ |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 11-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Vahanavank Վիքիպահեստում |
Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։
Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին։
Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։
1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ[2]։ 2006-2009 թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։ Համալիրի երկհարկ եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը, վերականգնվել է խորհրդային տարիներին։