Վեզուվի ժայթքում (79)
From Wikipedia, the free encyclopedia
Վեզուվի ժայթքում (79), 79 թվականի օգոստոսի 24-ին Նեապոլի մոտ տեղի ունեցած Վեզուվ հրաբխի ամենաաղետալի ժայթքումներից մեկը։ Այդ աղետի հետևանքով հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիան քաղաքները (8 հազար բնակիչ), գտնվելով հրաբխի մոտակայքում, ամբողջովին ոչնչացվել են[1][2]։ Վեզուվը ժայթքել է մինչև 33 կմ բարձրության հսկայական շիկացած ամպ, որը բաղկացած էր փոշուց, մոխրից և ծխից։ Ժայթքման ընթացքում շրջապատին տրվել է մեծ ջերմային էներգիա, որը գերազանցում էր այն էներգիային, որ անջատվել է Հերոսիմայի վրա ատոմային ռումբի պայթյունի հետևանքով[2][3]։
Համակարգված պեղումները Պոմպեյում սկսվել են 1860 թվականին, որոնց ժամանակ հայտնաբերվել են քաղաքի բնակիչների 40 մարմինները, որոնք թաղված էին մոխրի տակ[3]։ Հնէաբանները պարզել են, որ Վեզուվի շրջակայքը լրիվ ոչնչացվել է[3][4]։ Հռոմեական քաղաքական գործիչ, գրող Պլինիոս Կրտսերը եղել է աղետի ականատեսը և դա նկարագրել է իր նշումներում[4]։
...«վիթխարի սև ամպը արագ շարժվում էր...և նրանից դուրս էին գալիս կրակի երկար, ֆանտաստիկ լեզուները, որոնք հիշեցնում էին կայծակի բռնկումները, միայն շատ ավելի մեծ»...[5]
Նրա մորեղբայրը՝ Պլինիոս Ավագը, բնության ահեղ երևույթը ավելի լավ հետևելու համար նավով չափից ավելի է մոտեցել աղետի վայրին, և Ստաբիոնում՝ արդեն ցամաքի վրա, դարձել է իր հետաքրքրասիրության և մարդկանց օգնելու ձգտման զոհը, թունավորվելով ծծմբի գոլորշիներով[6]։
Հրաբխի ժայթքումը պատճառ է դարձել Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիան քաղաքների, ինչպես նաև մի քանի փոքր գյուղերի և տների կործանման։ Պեղումների ժամանակ պարզվել է, որ քաղաքները ամբողջովին պահպանվել են իրենց սկզբնական տեսքով։ Մոխրի բազմամետրանոց շերտի տակ գտնվել են փողոցներ, տներ ամբողջական կահավորանքով, մարդկանց և կենդանիների մնացորդներ, որոնք չեն հասցրել փրկվել։ Պոմպեյ քաղաքի 20 հազար բնակիչներից շենքերում և փողոցներում զոհվել է 2 հազար մարդ։ Բնակիչների մեծամասնությունը քաղաքից հեռացել էր աղետից առաջ, սակայն գտածոները վկայում են նաև քաղաքից դուրս զոհերի մասին, այդ իսկ պատճառով տուժածների հստակ քանակը հայտնի չէ։ Իտալացի հնագետները սահմանել են, որ ժայթքման ժամանակ Պոմպեյի բնակիչների գլուխները բառացիորեն պոկվել են՝ նրանց արյունը եռացել է և վերածվել է գոլորշու[7]։