Քեյնսականություն
From Wikipedia, the free encyclopedia
Քեյնսականություն (անգլ.՝ keynesianism), տնտեսագետների գերակշռող մեծամասնության փիլիսոփայական, գաղափարական և վերլուծական հայացքները, ինչպես նաև նրանց կողմից ընդունվող կարծիքները զբաղվածության և տնտեսության կայունացման գործնական ուղիների տեսության մասին[1]։
Քեյնսականության հիմնադիրն է 20-րդ դարի խոշորագույն տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը։ Նա ուսումնասիրության հիմնական օբյեկտ դարձրեց ազգային տնտեսությունը որպես մեկ ամբողջություն, իր ուշադրության կենտրոնում ունենալով սպառումը, խնայողությունը, ներդրումները, զբաղվածությունը և այլն։
Քեյնսական ուսմունքն իրենից ներկյացնում է տնտեսագիտական մտքի նորդասական ուղղության հիմնարար մեթոդաբանական սկզբունքների շարունակությունը, քանի որ թե՛ Քեյնսը, թե՛ իր հետևորդները, առաջնորդվելով զուտ տնտեսագիտական տեսության գաղափարով, ելնում են հասարակության տնտեսական քաղաքականության ոլորտում նախ և առաջ տնտեսական գործոնների առաջնահերթ նշանակությունից, բնորոշելով դրանք արտահայտող քանակական ցուցանիշները և նրանց միջև կապերը, որպես կանոն, սահմանային և ֆունկցիոնալ վերլուծության մեթոդների, տնտեսամաթեմատիկական մոդելավորման հիման վրա[2]։
Ուսումնասիրելով մակրոտնտեսական հիմնական փոփոխականները, Քեյնսն իր առջև խնդիր էր դրել պարզելու դրանց միջև գործող պատճառա-հետևանքային կապերը և փոխհարաբերությունները։ Այս մոտեցմամբ Քեյնսը դրեց ժամանակակից մակրոտնտեսագիտության հիմքերը։ Նա առանձնացնում էր երեք հիմնական փոփոխականներ՝ տրված, անկախ և կախյալ։
Տրված փոփոխական էր աշխատանքի որակը և քանակը, կիրառվող տեխնոլոգիան, մրցակցության աստիճանը, սպառողական ճաշակը և այլն։ Անկախ փոփոխականներ էին սպառման սահմանային հակումը, կապիտալի սահմանային արտադրողականությունը, տոկոսի նորման։ Կախյալ էին զբաղվածությունը և ազգային եկամտի` աշխատավարձի միավորով արտահայտված ծավալները։
Քեյնսի անկախ փոփոխականների ուսումնասիրությունը դարձավ տնտեսագիտության առանցքային հարցերից մեկը։
Քեյնսն առաջ քաշեց այն դրույթը, որ կապիտալիստական համակարգը զուրկ է հավասարակշռության ներքին մեխանիզմից։ Այդ պատճառով էլ համախառն պահանջարկի կրճատման ժամանակ այն չի վերադառնում արտադրության և զբաղվածության նախկին մակարդակին, հետևաբար տնտեսությունը երկար ժամանակ կարող է գտնվել ճգնաժամային իրավիճակում։ Բացի այդ, ժամանակակից քաղաքականության կարևորագույն գիծը նա համարել է դեմոկրատիան, դրա համար էլ հիմնախնդրի լուծման համար այնպիսի եղանակներ է առաջարկել, որոնք կարող էին անընդունելի լինել ժամանակաշրջանի գիտության և պրակտիկայի համար, բայց ընդունելի` դեմոկրատական հասարակության համար, որը մտահոգված է սոցիլական հիմնախնդիրներով[3]։
Քեյնսականները մերժում էին սպառողական վարքագծի ռացիոնալությունը, օպտիմալացման սկզբունքները։ Քեյնսի մակրոտնտեսական մոդելները հիմնված էին խմբային և ոչ թե` անհատական վարքագծի վրա։ Տնտեսագիտության մեջ քեյնսականների կատարած արմատական փոփոխությունն էր նաև այն, որ նրանք մերժեցին «Սեյի օրենք»ի գործողության մեխանիզմի կենսունակությունը։ Քեյնսականության գաղափարակիրներ էին ամերիկացի տնտեսագետներ Ս. Վայնթրաուբը, Դ. Դավիդսոնը, Ա. Լեյոնխուֆտը, անգլիացի տնտեսագետներ Ն. Կալդորը, Ջ. Ռոբինսոնը, Պ. Սրաֆֆան։
Քեյնսյան տեսության գաղափարական հիմնադրույթներից էր «արդյունավետ ահանջարկ»ի հայեցակարգը, որը բխում էր «դրամական տնտեսության» գաղափարի տրամաբանությունից (Monetary economy[4]): Արդյունավետ պահանջարկի գաղափարի էությունն այն էր, որ իրական ազգային եկամուտը որոշվում է արդյունավետ պահանջարկի մեծությամբ։
Ջ.Քեյնսին հաջողվել է ստեղծել սպառման, խնայողության և ներդրումների փոխհարաբերության այլընտրանքային մոտեցում։ Նա հիմնավորեց, որ խնայողությունների և ներդրումների հավասարությունն անկայուն բնույթ ունի, իսկ տոկոսադրույքը ճկուն չէ խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար։
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տեսության նման, քեյնսականությունը և նորդասական տնտեսագիտությունը զերծ չէին թերություններից, որոնց հաղթահարման և դրանք իրականությանը համապատասխանեցնելու միտումով ձևավորվեց նորդասական սինթեզը։ Սինթեզի էությունն էր՝ քեյնսյան և նորդասական տեսության միավորումը մեկ ընդհանուր տեսության մեջ։ Այս ուղղությունը հիմնականում արտացոլում էր անգլո-ամերիկյան տնտեսագետների հայացքները։ Նորդասական սինթեզի դրույթը Հանսեն-Սամնուելսոնի մոդելն է, որը հայտնի է «քեյնսյան խաչ» անունով։ Մոդելը հիմնվում է այն գաղափարի վրա, որ կարճաժամկետում գները ճկուն չեն և չեն արձագանքում ամբողջական պահանջարկի փոփոխություններին։ Ամբողջական ծախսերի աճը հանգեցնում է թողարկման ծավալների և ազգային եկամտի ավելացմանը։ Պ. Սամուելսոնը նշել է, որ նորդասական սինթեզը եկամուտների բաշխման շուկայական մեխանիզմը մեկնաբանող դրույթների առողջ միջուկի և քեյնսյան տնտեսագիտության հիմնական սկզբունքների համադրությունն է։