Ֆրենսիս Բեկոն
Անգլիացի փիլիսոփա, պատմաբան քաղաքական գործիչ, Էմպիրիզիմի հիմնադիր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, 1st Viscount St Albans[9], հունվարի 22, 1561, Յորք Հաուս, Ստրենդ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա - ապրիլի 9 (19), 1626, Հայգեյթ, Միացյալ Թագավորություն), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր։ Նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ 1584 թվականին, 23 տարեկանում, ընտրվել է խորհրդարանի անդամ։[10] 1617 թվականից կնիքի լորդ-պահապան, ապա՝ լորդ-կանցլեր, Վերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ)։ 1621 թվականին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից։ Հետագայում ներման է արժանացել, սակայն չի վերադարձել պետական ծառայության՝ իր կյանքի վերջին տարիներին զբաղվելով գիտական և գրական աշխատանքով։
Նրա երկերը կազմում են գիտական հետազոտության ինդուկտիվ մեթոդաբանության հիմքը։ Ինդուկտիվ մեթոդը հաճախ անվանում են «Բեկոնի մեթոդ»։ Գիտության խնդիրների նկատմամբ իր մոտեցումները Բեկոնը շարադրել է «Նոր օրգանոն» աշխատությունում, որը լույս է տեսել 1620 թվականին (թարգմանվել է հայերեն)։ Այդ տրակտատում նա գիտության նպատակ է հռչակում բնության նկատմամբ մարդու իշխանության ավելացումը։[11] Բնությունը համարում է անհոգի նյութ, որի կոչումն է ծառայել մարդուն, օգտագործվել մարդու կողմից։
Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլ երկեր։[12]