Էլթոն Ջոն
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Է՛լթոն Հերկուլես Ջոն (անգլ.՝ Elton Hercules John), իսկական անունը՝ Ռե՛ջինալդ Քե՛ննեթ Դուայթ (անգլ.՝ Reginald Kenneth Dwight), մարտի 25, 1947(1947-03-25)[1][1][2][…], Փիններ, Միդլեքս), բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար։ Նկատելի ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։ Համարվում է 1970-ական թվականների շահութապես ամենահաջողակ և Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված ռոք-կատարողներից մեկը։ Իր ողջ գործունեության ընթացքում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վաճառել է ավելի շատ ալբոմներ, քան մեկ այլ բրիտանացի կատարող[9]։
Էլթոն Ջոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Elton Hercules John |
Ի ծնե անուն | անգլ.՝ Reginald Kenneth Dwight |
Նաև հայտնի է որպես | Elton John |
Ծնվել է | մարտի 25, 1947(1947-03-25)[1][1][2][…] (77 տարեկան) Փիններ, Միդլեքս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք, փոփ ռոք, գլեմ ռոք, սոֆթ ռոք և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, ստեղնահար, դաշնակահար, ստուդիական երաժիշտ, ՁԻԱՀ ակտիվիստ, երաժիշտ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Universal Records, Island Records, Philips Records, DJM Records, Uni?, Geffen Records, Paramount Records?, Մերկուրի Ռեքորդս, MCA Records, Def Jam Recordings, Congress?, The Rocket Record Company?, IL?, Chrysalis Records, A&M Records, Regal Zonophone?, Stateside Records? և Cube Records? |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա, Լոնդոնի համալսարան և St. Thomas Aquinas High School? |
Ամուսին | Renate Blauel? և Դեյվիդ Ֆերնիշ |
Պարգևներ | |
Կայք | eltonjohn.com |
Elton John Վիքիպահեստում |
1967 թվականից աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում[10][11][12]։ Ունի ավելի քան 40 հիթ սինգլների բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում և Billboard Hot 100-ում, այդ թվում՝ յոթը՝ Մեծ Բրիտանիայում և ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում[13][14]։ Նրա ալբոմներից յոթը գրավել են առաջին տեղը Billboard 200-ում[15], 23 սինգլ եղել է ամերիկյան Թոփ-40-ում, 16-ը՝ առաջին տասնյակում, իսկ 6-ը բարձրացել են առաջին հորիզոնական[16]։ Էլթոն Ջոնի սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական թոփ-40-ում[17]։ Դրանցից մեկը՝ «Candle in the Wind 1997»-ը (1973 թվականի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը), որ նվիրվել է արքայադուստր Դիանային, աշխարհում վաճառվել է ավելի քան 33 միլիոն օրինակով[18] և համարվում է ամենավաճառվող սինգլը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների պատմության մեջ[19][20][21]։ Էլթոն Ջոնը նաև զբաղվել է ձայնագրությունների պրոդյուսերությամբ և երբեմն նկարահանվել ֆիլմերում։ 1976 -1987 և 1997- 2002 թվականներին եղել է «Ուոթֆորդ» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերը և համարվում է ակումբի ցմահ պատվավոր նախագահը։
Մեծանալով Լոնդոնի Փիններ շրջանում՝ Էլթոն Ջոնը վաղ տարիքում սովորել է դաշնամուր նվագել, իսկ 1962 թվականին ստեղծել է ռիթմ ընդ բլյուզ (R&B) ժանրի «Bluesology» խումբը, որի կազմում նվագել է մինչև 1967 թվականը։ 1967 թվականին նա հանդիպել է Բերնի Տոպինի հետ, և երկու տարի շարունակ նրանք երգեր են գրել այլ կատարողների համար, որոնց թվում նաև երգչուհի Լուլուն էր։ Ջոնը նաև իբրև երաժիշտ աշխատել է տարբեր արտիստների, այդ թվում՝ Հոլիզի և Սքաֆոլդի համար։ 1969 թվականին թողարկվել է Ջոնի դեբյուտային՝ «Empty Sky» ալբոմը։ 1970 թվականին «Elton John» ալբոմից նրա առաջին հիթային սինգլը՝ «Your Song»-ը մտել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների լավագույն տասնյակի մեջ։ Էլթոն Ջոնը նաև հաջողություն է ունեցել երաժշտական ֆիլմերում ու թատրոնում․ 1994 թվականին ստեղծել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտական ադապտացիան[22], «Աիդա» և «Բիլի Էլիոթ» մյուզիքլները։
Էլթոն Ջոնն ունի հինգ «Գրեմմի», հինգ «Brit», երկու «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», «Թոնի», «Դիսնեյի լեգենդներ» մրցանակներ և «Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր»[23]։ 2004 թվականին Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի 50 լավագույն կատարողների ցանկում երգիչն զբաղեցրել է 49-րդ տեղը[24]։ 2013 թվականին Billboard ամսագիրը նրան համարել է ամենահաջողակ արտիստն ըստ Billboard Hot 100-ի և երրորդը՝ The Beatles-ից ու Մադոննայից հետո[25]։ 1992 թվականին Էլթոն Ջոնի անունը տեղ է գտել Երգերի հեղինակների փառքի սրահում, իսկ 1994 թվականին՝ նաև Ռոքնռոլի փառքի սրահում։ Հանդիսանում է Երգահանների և հեղինակների բրիտանական ակադեմիայի անդամ։ «Երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ավանդի համար» 1998 թվականին Եղիսաբեթ II թագուհու կողմից արժանացել է Ասպետ-բակալավրի կոչման։
Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել մի քանի թագավորական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ 1997 թվականին Վեստմինստերյան աբբայությունում արքայադուստր Դիանայի հուղարկավորության, 2002 թվականին Եղիսաբեթ II-ի ոսկե հոբելյանի պատվին տրված բրիտանական երաժշտական համերգի և 2012 թվականին Բուքինգհեմյան պալատում թագուհու ադամանդե հոբելյանի առթիվ տրված համերգի ժամանակ։
Էլթոն Ջոնը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, մասնավորապես՝ մեծ է նրա ներդրումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ 1992 թվականին նա հիմնադրել է «Էլթոն Ջոնի հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում», իսկ մեկ տարի անց սկսել կազմակերպել ՁԻԱՀ-ի ֆոնդի ամենամյա երեկույթները։ Ստեղծման օրվանից հիմնադրամը հավաքել է ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ[26]։
1976 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռական լինելու մասին, իսկ 1988 թվականից նա բացահայտ գեյ է։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ից երգիչը քաղաքացիական ամուսնության մեջ է Դևիդ Ֆերնիշի հետ․ նրանք ամուսնացել են այն բանից հետո, երբ 2014 թվականից միասեռական ամուսնություններն Անգլիայում և Ուելսում դարձել են օրինական։ 2019 թվականին Էլթոն Ջոնին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «մեղեդու հանճար»՝ բարձր գնահատելով Ջոնի ջանքերը ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության գործում։
2018 թվականին Էլթոն Ջոնը մեկնել է հրաժեշտի եռամյա շրջագայության[27]։