Հարավային Ամերիկա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Ամերիկա, երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Արևմտյան կիսագնդում (բացառությամբ Բուվե) կղզու, որը երբեմն ներառվում է Հարավային Ամերիկայի կազմի մեջ) և մեծամասամբ՝ Հարավային կիսագնդում։ Մայրցամաքի հյուսիսային հատվածը գտնվում է Հյուսիսային կիսագնդում։ Որոշ աշխարհագրագետներ Հարավային Ամերիկան դիտարկում են որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հարավային ենթամայրցամաքը։
Տարածք | 17 840 000 կմ² |
---|---|
Բնակչություն | 387 489 196 (2011) |
Բնակչ. խտություն | 21,4 մարդ/կմ² |
Երկրներ | 12 պետություն |
Կախյալ երկրներ | 3 |
Լեզուներ | իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, Կեչուա լեզուներ և այլն։ |
Ժամային գոտիներ | UTC-2-ից UTC-5 |
Խոշոր քաղաքներ | Սան Պաուլու Լիմա Բոգոտա Ռիո դե Ժանեյրո Սանտյագո Կարակաս Բուենոս Այրես Բահիա Սալվադոր Բրազիլիա Ֆորտալեզա |
Հարավային Ամերիկայի ափերն արևմուտքում ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը, հյուսիսից և արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի։ Հարավային Ամերիկայից հյուսիս-արևմուտք ընկած են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքն ու Կարիբյան ծովը։ Հարավային Ամերիկայում կա 12 ինքնիշխան պետություն. Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Էկվադորը, Գայանան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը Վենեսուելան։ Բացի այդ, կան նաև կախյալ տարածքներ՝ Ֆոլկլենդյան կղզիները և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիները, որոնք երկուսն էլ հանդիսանում են Բրիտանական անդրծովյան տարածքներ, սակայն ժամանակին Արգենտինան նրանց նկատմամբ հավակնություններ է ունեցել։ Հարավային Ամերիկայում կա նաև մեկ օտարերկրյա վարչական միավոր՝ Ֆրանսիական Գվիանան (Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից մեկը)։ Ի հավելումն, Նիդերլանդների Թագավորությանը պատկանող ABC կղզիները, Համբարձման կղզին (Բրիտանական անդրծովյան տարածքների մաս կազմող Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյայի կախյալ տարածք), Բուվե կղզին (Նորվեգիայի կախյալ տարածք), Պանաման ու Տրինիդադ և Տոբագոն ևս կարող են համարվել Հարավային Ամերիկայի մասեր։
Հարավային Ամերիկայի տարածքը կազմում է 17,840,000 կմ²։ 2022 թվականի դրությամբ՝ մայրցամաքի բնակչությունը կազմում է ավելի քան 437 միլիոն մարդ[1]։ Իր տարածքով Հարավային Ամերիկան չորրորդ ամենամեծ մայրցամաքն է՝ Եվրասիայից, Աֆրիկայից և Հյուսիսային Ամերիկայից հետո։ Բնակչության թվով ևս չորրորդն է՝ դարձյալ Եվրասիայից, Աֆրիկայից և Հյուսիսային Ամերիկայից հետո։ Բրազիլիան Հարավային Ամերիկայի բնակչությամբ ամենամեծ երկիրն է, որտեղ բնակվում է մայրցամաքի բնակչության կեսից ավելին։ Նրան հաջորդում են Կոլումբիան, Արգենտինան, Վենեսուելան և Պերուն։ Վերջին տասնամյակներին Բրազիլիան ապահովում է նաև մայրցամաքի ՀՆԱ-ի կեսը և հանդիսանում Հարավային Ամերիկայի առաջատար երկիրը[2]։
Բնակչության մեծ մասը բնակվում է մայրցամաքի արևմտյան և արևելյան ափերին, մինչդեռ կենտրոնական հատվածն ու ծայր հարավը քիչ բնակեցված է։ Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածի մեծ մասն զբաղեցնում է Անդերը։ Ի հակադրություն սրա, արևելյան հատվածում գերակշիռ են ինչպես բարձրադիր շրջանները, այնպես էլ ընդարձակ հարթավայրերը, որտեղով հոսում են Ամազոն, Օրինոկո և Պարանա գետերը։ Մայրցամաքի տարածքի մեծ մասն ընկած է արևադարձային գոտիներում, բացառությամբ Հարավային կոնի մեծ հատվածի, որը տեղակայված է միջին լայնություններում։
Մայրցամաքի մշակութային և ազգային ձևավորումը տեղի է ունեցել բնիկների, եվրոպացի գաղութարարների և ներգաղթյալների՝ հատկապես աֆրիկյան ստրուկների միախառնման արդյունքում։ Եվրոպական գաղութատիրության հետևանքով Հարավային Ամերիկայի բնակչության գերճնշող մասը խոսում է իսպաներեն կամ պորտուգալերեն։ Բնակչության շրջանում տարածված են արևմտյան ավանդույթները։ Ի տարբերություն Եվրոպայի, Ասիայի կամ Աֆրիկայի, 20-րդ դարի ընթացքում Հարավային Ամերիկան եղել է համեմատաբար խաղաղ մայրցամաք, որտեղ քիչ թվով պատերազմներ են եղել[3]։