Յուպիտերի օղակներ
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտերը ունի մոլորակային օղակների համակարգ, որը հայտնի է որպես Յուպիտերի օղակներ կամ Յուպիտերյան օղակների համակարգ։ Սա երրորդ օղակների հայտնաբերված համակարգն է Արեգակնային համակարգում, Սատուրնի և Ուրանի օղակների հայտնաբերումից հետո։ Օղակների գոյությունը ենթադրել է դեռևս 1960 թվականին ռուս աստղագետ Սերգեյ Վսեխսվյատսկին[1][2][3]. որոշ գիսաստղերի ուղեծրերի հեռակա կետերի ուսումնասիրության հիման վրա Վսեխսվյատսկին ենթադրեց, որ այդ գիսաստղերը կարող են առաջանալ Յուպիտերի օղակում, իսկ այս օղակը կարող էր առաջանալ Յուպիտերի արբանյակների վրա հրաբխային գործունեության հետևանքով (Իոյի վրա հրաբուխները հայտնաբերվեցին երկու տասնամյակ անց)[4]։ Առաջին անգամ Յուպիտերի օղակները նկատվել են «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից ստացված լուսանկարներում, երբ նա մոտենում էր Յուպիտերին 1979 թվականին[5], օղակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ հնարավոր եղավ ստանալ 1990-ականներին, շնորհիվ «Գալիլեո» ԱՄԿ-ի առաքելության[6]։ Օղակները նույնպես դիտվել են Հաբբլ աստղադիտակով, ինչպես նաև Երկրի մակերևույթից[7]։ Երկրի մակերևույթից դիտարկումները կարելի է կատարել միայն առավել մեծ աստղադիտակներով[8]։
Յուպիտերյան օղակների համակարգը թույլ է և կազմված է հիմնականում փոշուց[5][9]։ Օղակների համակարգը կարելի է բաժանել հիմնականում չորս մասի՝ հաստ փոշու մասնիկներ թոր, որն անվանում են «Հալո-օղակ» (անգլ.՝ halo ring) կամ պարզապես Հալո; համեմատաբար պայծառ, չափազանց բարակ «Հիմնական օղակը»; և երկու լայն և թույլ պայծառությամբ արտաքին օղակները, որոնք անվանում են «Սարդոստայնային օղակներ» (Gossamer rings - օղակները բարակ և թափանցիկ են ինչպես սարդոստայնը), այս օղակները անվանում են նրանց ձևավորող արբանյակների անուններով՝ Ամալթեայի և Թեբեյի[10]։
Հիմնական օղակը և Հալոն բաղկացած են հիմնականում Մետիսի, Ադրաստեայի և հնարավոր է նաև որ մի քանի այլ արբանյակներից գոյացող փոշուց, ինչ բարձր արագության տակ բախումների հետևանք է[6]։ «Նյու Հորիզոնս» ԱՄԿ-ից 2007 թվականին ստացված բարձր որակի լուսանկարները թույլ տվեցին տեսնել հիմնական օղակի հագեցած և բարակ կառուցվածքը[11]։
Սպեկտրի տեսանելի մասում և ինֆրակարմիրին մոտ, օղակները ունեն կարմրավուն գույն, բացառությամբ «Հալո-օղակի», որն ունի չեզոք կամ կապույտ գույն[7]։ Օղակների մեջ փոշեհատիկների չափերը տարբեր են, սակայն ոչ գնդաձև մասնիկների հատման մակերեսը բավականին մեծ է մոտ 15 միկրոմետր բոլոր օղակներում, բացի Հալո-օղակից[12]։ Հավանաբար Հալո օղակում գերակայում են մասնիկներ, որոնց հատման մակերեսը միկրոմետրից փոքր է։ Օղակների համակարգի ընդհանուր զանգվածը հնարավոր չէ ճշգրիտ գնահատել, նրա գնահատականները տատանվում են 1011-ից մինչև 1016 կգ սահմաններում[13]։ Օղակների տարիքը հայտնի չէ, սակայն նրանք կարող էին գոյություն ունենալ Յուպիտերի վերջնական ձևավորումից ի վեր[13]։
Հնարավոր է, որ գոյություն ունի ևս մի օղակ Հիմալիայի ուղեծրի վրա, եթե այն, ինչպես ենթադրում են բախվել է S/2000 J 11-ի հետ[14]։