Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք
From Wikipedia, the free encyclopedia
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք (բառացի՝ «թուրքերի հայր») (թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk) (ոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1881, Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 10, 1938(1938-11-10)[1][3][4][…], Դոլմաբահչե, Բեշիքթաշ, Թուրքիա[5]), թուրքական օկուպացիոն բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուրքական ռազմական ակադեմիա (1902), Մանաստիրի ռազմական բարձրագույն դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ (հունվարի 11, 1905) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ, գրող, հեղափոխական և բանակի սպա |
Ազգություն | Թուրքեր |
Ծննդյան օր | ոչ վաղ քան 1880 և ոչ ուշ քան 1881 |
Ծննդավայր | Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանի օր | նոյեմբերի 10, 1938(1938-11-10)[1][3][4][…] |
Վախճանի վայր | Դոլմաբահչե, Բեշիքթաշ, Թուրքիա[5] |
Թաղված | Անըթքաբիր[6] և Անկարայի ազգագրական թանգարան[6] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Ali Rıza oğlu Mustafa |
Հայր | Ալի Ռըզա Էֆենդի |
Մայր | Զյուբեյդե Հանըմ |
Ամուսին | Լատիֆե Ուշաքլըգիլ |
Զավակներ | Սաբիհա Գյոքչեն, Յուլքյու Ադաթեփե, Աբդուրահիմ Թունջաք, Աֆեթ Ինան, Զեհրա Այլին, Ռուքիյե Էրքին, Նեբիլե Իրդելփ և Սըղըրթմաթ Մուստաֆա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը[7]։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրել է արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքն իրականացրել է քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Ներկայացրել է նաև լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինել է օսմանյան այբուբենին։ Աթաթուրքի նախագահության շրջանում թուրք կանայք ձեռք են բերել քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից[8]։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին իրավունք են ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացել՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ[9]։
Աթաթուրքի կառավարությունն իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ[10][11]։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն[12], ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի[13][14]։ 1934 թվականին թուրքական կառավարությունը նրան շնորհել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր»՝ ի նշանավորումն նրա ունեցած դերի ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կառուցման գործում[15]։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչե պալատում[16], կատարվել է պետական հուղարկավորություն։ Իսկ նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Իսմեթ Ինյոնյուն[17]։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։
1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարգել են նրա հիշատակը՝ հայտարարելով «աշխարհում Աթաթուրքի տարի» և ընդունել են Աթաթուրքի հարյուրամյակի հետ կապված բանաձև՝ նրան բնութագրելով որպես «գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ առաջին պայքարի ղեկավար» և որպես «մարդկանց մեջ փոխըմբռնման ունակության և կայուն խաղաղության զարգացմանը նկատելի չափով աջակցած անձ, որն իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է զարգացնել ներդաշնակություն և համագործակցություն մարդկության շրջանում առանց խտրականության»[18][19]։ Ի պատիվ Աթաթուրքի՝ Թուրքիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում կան շատ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազմաթիվ տեղանուններ։ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսն Աթաթուրքի անունը 1934 թվականին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[20]։