Արտաշես Ա Բարեպաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Արտաշես Ա (հին հունարեն՝ Αρταξίας, մոտ մ.թ.ա. 230 – մ.թ.ա. 160, Բակուրակերտ, Վասպուրական), հայտնի է նաև որպես Բարեպաշտ, Արտաշես Մեծ, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության հիմնադիր-արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։ Նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։
Արտաշես Ա Բարեպաշտ Αρταξίας Α΄ της Αρμενίας | |||
Արտաշես Բարեպաշտ արքան ըստ Բերկ Ֆեներչիի (1897-1920) | |||
| |||
---|---|---|---|
մ.թ.ա. 189 թվական - մ.թ.ա. 160 թվական | |||
(Արտաշես Ա Բարեպաշտ անվան տակ) | |||
Նախորդող | Երվանդ Դ Վերջին | ||
Հաջորդող | Արտավազդ Ա | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | հայոց ավանդական կրոն | ||
Ծննդյան օր | հայտնի չէ | ||
Ծննդավայր | Մեծ Հայքի թագավորություն | ||
Վախճանի օր | մ.թ.ա. 160 թվական | ||
Վախճանի վայր | Բակուրակերտ, Բաքրան, Վասպուրական | ||
Դինաստիա | Արտաշեսյանների արքայատոհմ | ||
Քաղաքացիություն | Մեծ Հայք | ||
Հայր | Զարեհ Երվանդունի | ||
Ամուսին | Սաթենիկ | ||
Զավակներ | Արտավազդ Ա, Տիգրան Ա և Մաժան | ||
Օգտվելով Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանների կրած պարտությունից և թուլացումից՝ Արտաշեսն իրեն հռչակում է Մեծ Հայքի արքա՝ հիմնելով նոր արքայատոհմ, որն իր՝ որպես հիմնադրի անունով կոչվել է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի կառավարման սկզբնամասում թագավորությունը սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական նահանգներով, սակայն վերջինիս հաջողվում է կարճ ժամանակում Հայաստանին վերամիավորել Երվանդունյաց թագավորությունից անջատված և հարևանների կողմից զավթված հայոց ծայրագավառները։ Իր միավորիչ գործունեության արդյունքում, Արտաշես Բարեպաշտը ստեղծում է միաձույլ պետություն, որի կենսունակությունը խարսխված էր էթնիկ միատարրության հիմքի վրա։ Նրա կառավարման օրոք Մեծ Հայքի դրոշի ներքո միավորվում են հայկական բոլոր տարածքները՝ բացառությամբ Փոքր Հայքի, Կոմմագենեի և Չորրորդ Հայքի (Ծոփք), որտեղ իշխում էր դաշնակից-արքա Զարեհ Երվանդունին։
Կովկասյան չորս արքաների արշավանքին դիմագրավելուց և Կուրի ճակատամարտում հաղթանակելուց հետո Արտաշեսը ամրապնդում է Մեծ Հայքի թագավորության դիրքերը որպես տարածաշրջանային ազդեցիկ տերություն։ Արտաշես Ա-ն վարում է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան տերության թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործում ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը, սակայն միևնույն ժամանակ երբեք չի դաշնակցում Հռոմեական հանրապետության հետ։ Ավելին, իր կառավարման տարիներին Մեծ Հայքում է ապաստանում Հռոմի երդվյալ թշնամի, Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա-ի բանակը պատերազմում է Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի զորախմբերի դեմ և հաջողությամբ ետ մղում վերջիններիս հուժկու հարձակումը՝ պաշտպանելով Արտաշեսյանների թագավարության անկախությունը։
Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրականացնում է բազմաթիվ բարեփոխումներ։ Դրանցից ամենանշանավորը հողային բարենորոգումներ են, որի նպատակն էր կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը՝ մեղմելով հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Նրա օրոք երկիրը վարչականորեն բաժանվում է 120 ստրատեգիաների։ Արտաշես Ա-ն մեծացնում և մարտական պատրաստության պատշաճ մակարդակի է բերում հայոց բանակը՝ այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, ապա կազմավորում է նաև արքունի գործակալությունները։ Արտաշես Բարեպաշտը խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա կառավարման ժամանակահատվածում Հաննիբալի խորհրդով Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը հիշատակվում է «Հայկական Կարթագեն» անվանումով։
Իր մեծամեծ գործերի համար Արտաշես Ա-ն ժողովրդի կողմից ստանում է «Բարեպաշտ» պատվանունը։
Արտաշես Ա-ն վախճանվում է մ․թ․ա․ 160 թվականին Վասպուրական նահանգի Բակուրակերտ բնակավայրում՝ ծերունական տարիքում։ Արտաշեսին փոխարինում է ավագ որդին՝ Արտավազդ Ա Արտաշեսյանը։ Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շնորհիվ է միայն հաջորդ տասնամյակներում Տիգրան Բ Մեծին հաջողվում հիմնել Հայկական աշխարհակալությունը։