Գիսաստղ
From Wikipedia, the free encyclopedia
Գիսաստղ (Երկար մազեր՝ ծամեր ունեցող, պոչավոր, միջազգային comet բառը ծագել է հունարեն՝ κομήτης, komḗtēs – մազավոր բառից), փոքր երկնային մարմին, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուրջ շատ ձգված ուղեծրով։ Արեգակին մոտենալու հետ զուգընթաց գիսաստղի շուրջ առաջանում է վարս (ժամանակավոր մթնոլորտ) և որոշ դեպքերում գազից և փոշուց կազմված պոչ։ Այս երկու երևույթները առաջանում են արեգակի ճառագայթման և արեգակնային քամու գիսաստղի միջուկի հետ փոխազդեցության արդյունքում։ Գիսաստղերը մարդկությանը հայտնի են անհիշելի ժամանակներից։
| |||
Գիսաստղեր – միջուկ, վարս և պոչ՝
|
Գիսաստղի աստղագիտական սիմվոլն է (☄), որը բաղկացած է փոքր սկավառակից երեք գծերով, որոնք ցույց են տալիս պոչը[1]։
Տիեզերքի խորքից ժամանող գիսաստղերը, երևում են որպես մշուշոտ մարմիններ, որոնց հետևից ձգվում է պոչ, որը երբեմն հասնում է մի քանի միլիոն կիլոմետրի։ Գիսաստղի միջուկը իրենից ներկայացնում է պինդ մասնիկներից և սառույցից կազմված մարմին, այն շրջապատված է մշուշոտ ծածկույթով, որը կոչվում է վարս։ Մի քանի կիլոմետր տրամագծով միջուկը կարող է ունենալ շուրջ 80 հազար կմ տրամագծով վարս։ Արեգակնային լույսի հոսքերը դուրս են մղում գազի մասնիկները վարսից և մղում են դեպի ետ, ձևավորելով մեծ մշուշոտ պոչ, որը շարժվում է գիսաստղի հետևից տարածության մեջ։ Գիսաստղերը տարբերվում են աստերոիդներից պոչի և վարսի առկայությամբ։ Այնուամենայնիվ, ծեր գիսաստղները, որոնք արդեն շատ անգամ են անցել Արեգակի մոտով, կորցրել են իրենց մեջ պարունակող ցնդող նյութերի համարյա ամբողջ պաշարը, և վերածվել են փոքր ձգված ուղեծրերով աստերոիդների[2]։ Ենթադրվում է, որ աստերոիդները ունեն այլ ծագման աղբյուր, քան գիսաստղերը։ Աստերոիդները ձևավորվել են Յուպիտերի ուղեծրի ներսում, իսկ գիսաստղերը արտաքին Արեգակնային համակարգում[3][4]։ Սակայն վերջերս կատարված հիմնական գոտու գիսաստղերի և ակտիվ կենտավրոսների հայտնաբերումը լղոզեցին աստերոիդների և գիսաստղերի տարբերակումը։
Գիսաստղերի պտույտի պարբերությունները գտնվում են չափացանց լայն միջակայքում, տատանվելով մի քանի տարուց մինչև հարյուր հազարավոր տարիներ։ Կարճ պարբերությամբ գիսաստղերը առաջացել են Կոյպերի գոտում, կամ նրան հաջորդող Ցրված սկավառակում[5], որոնք ընկած են Նեպտունի ուղեծրից այն կողմ։ Ենթադրաբար, երկար պարբերությամբ գիսաստղերերը հասնում են մեզ Օորտի ամպից, որում գտնվում են հսկայական քանակով գիսաստղային միջուկներ։ Արեգակնային համակարգի ծայրամասերում գտնվող մարմինները որպես կանոն բաղկացած են ցնդող նյութերից (ջրային, մեթանային և այլ սառույցներ), որոնք ցնդում են Արեգակին մոտենալիս։ Ավելի հազվագյուտ հիպերբոլիկ գիսաստղերը անցնում են ներքին Արեգակնային համակարգով և դուրս են շպրտվում միջաստղային տարածություն հիպերբոլիկ հետագծերով։ Էկզոգիսաստղերը, գիսաստղեր Արեգակնային համակարգից դուրս, նույնպես դիտարկվել են, և կարող են հանդիպել Ծիր կաթին գալակտիկայում[6]։
2014 թվականի օգոստոսի դրությամբ հայտնի էին 5186 գիսաստղեր[7], և նրանց քանակը անընդհատ աճում է։ Այնուամենայնիվ, սա ընդհանուր հավանական գիսաստղերի բնակչության միայն չնչին մասն է, քանի որ արտաքին Արեգակնային համակարգում հնարավոր է, որ կան տրիլիոնի կարգի գիսաստղանման մարմիններ[8]։ Գիսաստղների պայծառությունը մեծապես կախված են նրանց պերիհելիի կետում Արեգակից հեռավորությունից։ Բոլոր գիսաստղներից միայն մի փոքր մասն է մոտենում Արեգակին ու Երկրագնդին այնքան, որպեսզի նրանք դառնան տեսանելի անզեն աչքով։ Նրանցից առավել նկատելիները, երբեմն անվանում են «Մեծ գիսաստղեր»։ Մոտավորապես մեկ գիսաստղ հնարավոր է լինում դիտարկել անզեն աչքով ամեն տարի[9]։
2014 թվականի հունվարի 22-ին ԵՏԳ գիտնականները հայտարարեցին ջրի գոլորշու արտանետման մասին գաճաճ մոլորակ Սերեսի մակերևույթից[10], որը աստերոիդների գոտու ամենամեծ մարմինն է։ Այս հայտնագործությունը անսպասելի էր, քանի որ մինչ այդ աստերոիդների մակերևույթից արտանետումներ չէին գրանցվել։ Այս հայտնագործությունը մշուշոտ է դարձնում գիսաստղերի և աստերոիդների միջև սահմանը։