From Wikipedia, the free encyclopedia
Էլ Պարդոյի պայմանագիր, ավելի ընդլայնուն՝ Իսպանիայի և Պորտուգալիայի միջև բարեկամության, երաշխիքի և առևտրի մասին պայմանագիր, 1778 թվականի մարտի 11-ին կնքված երկկողմ պայմանագիր, որով Իսպանիան և Պորտուգալիան կիսում են Ատլանտյան օվկիանոսի հարավարևելյան ափին փռված Ռիո դե լա Պլատայի երկրամասը[1], իսկ նախկինում պորտուգալական գաղութ հանդիսացող Հասարակածային Գվինեան անցնում է Իսպանիայի թագավորությանը։
Էլ Պարդոյի պայմանագիր | |
---|---|
Իսպանիայի և Պորտուգալիայի միջև բարեկամության, երաշխիքի և առևտրի մասին պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | երկկողմ պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
մարտի 11, 1778 Էլ Պարդոյի թագավորական դղյակ, Մադրիդ, Իսպանիա |
Ստորագրել են | Իսպանիա Պորտուգալիայի թագավորություն |
Լեզու | իսպաներեն, պորտուգալերեն |
Պայմանագիրը ստորագրվում է Մադրիդի Էլ Պարդո արվարձանի թագավորական դղյակում։ Իսպանական կողմից այն վավերացնում է Խոսե Մոնյինոն, իսկ պորտուգալացիներից՝ Ֆրանսիսկո Կոուտինյուն[2]։
300 տարվա ընթացքում Տորդեսիլյասի պայմանագրի տարբեր մեկնաբանությունները հանգեցնում են Ռիո դե լա Պլատայի երկրամասում Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքային վեճերի ծագմանը։ Պորտուգալական արքունիքը թույլատրում է իր երկրի առևտրականներին երկրամաս ներմուծել Իսպանիայի կողմից սահմանափակված ապրանքատեսակներ, որն էլ ժամանակի ընթացքում Բուենոս Այրեսը դարձնում է աշխարհի ամենամաքսանենգ կենտրոններից մեկը[3]։
Երկու պետությունների միջպետական սահմանը ձևավորվել է 1750 թվականի Մադրիդի պայմանագրի համաձայն, որն էլ 1761 թվականին անվավեր է ճանաչվել Իսպանիայի թագավոր Կառլոս III-ի կողմից։ 1762 թվականին Իսպանիան պատերազմ է սկսում Ֆրանսիայի դեմ, իսկ Պորտուգալիան օգտվելով առիթից զավթում է Ամերիկայում գտնվող Սակրամենտոյի գաղութը[4]՝ միաժամանակ ներխուժելով նաև Նոր Իսպանիայի փոխարքայությանը պատկանող Ուրուգվայի գաղութ։ Այնուամենայնիվ, 1763 թվականի Փարիզի պայմանագրով Պորտուգալիայի թագավորությունը ստիպված է լինում Սակրամենտոն վերադարձնել։
Հաջորդ տասնամյակում Պորտուգալիան միանում է Ռիո Գրանդե դո Սուլի անջատողական պատերազմին, որն էլ սանձազերծում է իսպանա-պորտուգալական բաց պատերազմ։ Պատերազմն ավարտվում է 1777 թվականի փետրվարին՝ Իսպանիայի բացարձակ հաղթանակով։ Արդյունքում կողմերի միջև կնքվում է զինադադար և ապա՝ Էլ Պարդոյի պայմանագիրը։
Պայմանագիրը հաստատում է Պորտուգալիայի գերիշխանությունը Բրազիլիայում և Իսպանիայինը նախորդ տասնամյակում պորտուգալացիների կողմից զավթված Սակրամենտոյում։ Բացի այդ, պայմանագրով Պորտուգալիան Իսպանիային էր հանձնում Հասարակածային Գվինեայի աֆրիկյան գաղութը[5]։
Պայմանագիրն ուներ նաև առևտրային կարևոր նշանակություն։ Նախ և առաջ այն կարգավորում էր ծխախոտի և ստրուկների առևտրին վերաբերվող կարևոր հարցեր։ Իսպանիան վերականգնում էր աֆրիկյան ստրուկների առևտուրը և հրաժարվում 1479 թվականի Ալկասովասի պայմանագրի դրույթներից։
Պորտուգալիայի հետ առևտրային հարաբերությունները կարգավորելուց հետո Իսպանիան նպատակ ուներ զարկ տալ տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ նվաճելով նոր տիրույթներ։ Իսպանիայի կառավարության այս նպատակի իրագործման գլխավոր խոչընդոտը դառնում է Մեծ Բրիտանիան[6], որը 1779-1783 թվականներին պատերազմում է Մադրիդի դեմ։ 1805 թվականին տեղի ունեցած Թրաֆալգարի ճակատամարտում Ֆրանսիայի զորակցությամբ գործող իսպանական նավատորմի պարտությունն էլ ավելի է ցածրացնում Իսպանիայի միջազգային վարկանիշը։
Դրան հաջորդում են Հյուսիսային Ամերիկայի իսպանական գաղութների անկախացման գործընթացը։ 1810-1818 թվականներին անկախության արդյունքում իրեն անկախ է հռչակում նաև Լա Պլատան՝ Արգենտինա անվան տակ։ Կորցնելով հարավամերիկյան իր գաղութները՝ Իսպանիան իր ուշադրությունը կենտրոնացնում է աֆրիկյան իսպանահպատակ տարածքների վրա։ Սակայն, ստրկավատիրության արգելումը նվազեցնում է այդ գաղութների արդյունավետությունը։ 1968 թվականին իսպանական Գվինեան ևս իրեն հռչակում է Մադրիդի կառավարությունից անկախ՝ ստեղծելով սեփական սուվերեն պետությունը՝ Հասարակածային Գվինեա անվանումով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.