Թուրքիայի զինված ուժեր
ոճրագործների մի խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի զինված ուժեր (թուրքերեն՝ Türk Silahlı Kuvvetleri (TSK))՝ Թուրքիայի հանրապետության զինված ուժերն են։ Դրանք բաղկացած են Թուրքական բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, Թուրքական նավատորմից կամ ռազմածովային ուժերից և Թուրքական ռազմաօդային ուժերից (տե՛ս Թուրքիայի ռազմաօդային ուժերը)։ Թուրքական ժանդարմերիան և Թուրքական առափնյա պահպանություն ուժերը միաժամանակ ունեն իրավապահ մարմնի և ռազմական ուժի գործառույթներ և խաղաղ ժամանակ գործում են ներքին անվտանգության ուժերի բաղադրամասի կարգավիճակով, ենթակա լինելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Պատերազմական ժամանակներում այս ժանդարմերիան և առափնյա պահպանության ուժերը համապատասխանաբար ենթարկվում են բանակին և նավատորմին։ Թուրքիայի հանրապետության նախագահը զինված ուժերի բոլոր տեսակների ընդհանուր հրամանատարն է։ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է։ Նրա դերն ավելի բարձր է, քան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարինը։
Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պաշտոնական տվյալներով կազմում է 639,551, ներառյալ[1](դասվում է աշխարհում 8-րդ տեղում)
- 51,863 քաղաքացիական անձնակազմը,
- 170,295 ժանդարմերիան,
- 4,702 առափնյա պահպանությունը,
- 412,691 զինծառայողները:
Ցամաքային զորքերի թվաքանակը կազմում է 410 500 (2015 թ. դրությամբ)։ 2007 թ. թվաքանակը եղել է 596 130, որից[2]՝
- 410 500 - ճակատային կամ գծային զորքերը,
- 185 630 - ռեզերվային կամ պահեստային զորքերը։
Թուրքիայի ցամաքային զորքերը NATO-ի բլոկում անձնակազմի թվով երկրորդն են՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերից հետո։ Պատերազմական ժամանակ զորահավաքի և լրահամալրման համար օգտագործվում է ռազմական ուսուցված պահեստազորը, որի թիվը կազմում է մինչև 90 000, այդ թվում՝ 38 000-ը՝ առաջին հերթի պահեստազոր։ Ռազմաօդային ուժերը՝ 56.000, ռազմածովային ուժերը՝ 61.000-ից ավելի։
Թուրքական զինված ուժերը համալրվում են զորակոչով։ Զորակոչային տարիքն է՝ 20-21 տարեկան։ Պարտադիր զինծառայության ժամկետը՝ տևողությունը, կազմում է 6 - 15 ամիս։ Զինված ուժերից զորացրվելով, քաղաքացին համարվում է զինապարտ և զինված ուժերի պահեստազորում է մնում մինչև 45 տարեկան հասակը։ Պատերազմական ժամանակ, օրենքի համաձայն, զինված ուժեր կարող են զորակոչել 16 - 60 տարեկան տղամարդկանց և 20 - 46 տարեկան կանանց, որոնք ընդունակ են զենք կրելու։