Լոլա Ալվարես Բրավո
մեքսիկացի լուսանկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Լոլա Ալվարես Բրավո (իսպ.՝ Lola Álvarez Bravo, ծննդյան անունը՝ Դոլորես Մարտինես դե Անդա, ապրիլի 3, 1903(1903-04-03)[2] կամ 1907[3], Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - 1993[3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։ Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և ամուսնու՝ Մանուել Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ։
Լոլա Ալվարես Բրավո | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Dolores Concepción Martínez de Anda |
Կեղծանուն | Lola Álvarez Bravo[1] |
Ծնվել է | ապրիլի 3, 1903(1903-04-03)[2] կամ 1907[3] |
Ծննդավայր | Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | 1993[3] |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5] |
Կրթություն | Escuela Nacional Preparatoria? |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ամուսին | Մանուել Ալվարես Բրավո |
Դոլորես Մարտինես դե Անդան ծնվել է հարուստ ընտանիքում Մեքսիկայի Խալիսկո նահանգի Լագոս դե Մորենոս քաղաքում։ Մայրը մահացել է, երբ Լոլան երկու տարեկան է եղել, հինգ տարի հետո՝ 1916 թվականին, մահացել է հայրը[6]։ Եղբոր հետ հաստատվել են մեծ եղբոր մոտ Մեխիկոյում։ Լոլան սովորել է Սագրադո Կորասոն քոլեջում[7]։
1925 թվականին Լոլան ամուսնացել է իր երկար տարիների ընկեր Մանուել Ալվարես Բրավոյի հետ[8] և տեղափոխվել Օախակա, որտեղ Մանուելն աշխատել է ֆեդերալ կառավարությունում, իսկ Լոլան սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները[6][9]։ Նրանք Մեխիկո են տեղափոխվել և 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մանուել կրտսերը։ Լոլան և ամուսինը խնդիրներ են ունեցել և առանձնացել են 1934 թվականին, ամուսնալուծվել են 1948 թվականին[9]։
Մանուելը լուսանկարչությամբ զբաղվել է պատանի տարիքում։ Նա Լոլային սովորեցրել է լուսանկարել և միասին լուսանկարներ են ստեղծել Օախակայում։ Մանուելը Լոլային նաև սովորեցրել է ֆիլմեր ստեղծել, ինչպես նաև մութ սենյակում դրանք տպել։ Երբ նա լրջորեն սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, Լոլան դարձել է նրա օգնականը, չնայած Լոլայի մոտ մեծ է եղել ինքնուրույն նկարիչ դառնալու ցանկությունը։ Նրանց բաժանումից հետո Լոլան պահել է Ալվարես Բրավո ազգանունը[7]։
1930-ական թվականներին ամուսնուց բաժանվելուց հետո Լոլան տարրական դպրոցում աշխատել է որպես արվեստի ուսուցիչ, այնուհետև՝ Կրթության վարչությունում զբաղեցրել է լուսանկարներ ցուցակագրողի պաշտոնը[9]։ Պատահական հանդիպման ժամանակ լուսանկարել է կրթության նախարարին, ով հավանելով նկարը՝ Լոլայի աշխատանքները ցույց է տվել ազդեցիկ մարդկանց, ովքեր 1930-ական թվականներին նրան աշխատանքի են տեղավորել El Maestro Rural (Գյուղական ուսուցիչ) ամսագրում՝ որպես գլխավոր լուսանկարիչ[10]։ Լոլան լուսանկարում էր Մեքսիկայի դպրոցները, գործարանները, ագարակները, որբանոցները, հրշեջ կայանները, հիվանդանոցները, որոնք հայտնվում էին ամսագրի հոդվածներում։ Ալվարես Բրավոն հայտնի է դարձել, երբ 1940-ական թվականներին լուսանկարել է իր մոտ ընկերոջը՝ Ֆրիդա Կալոյին, որտեղ արտիստին լուսանկարել է ավտոբուսի պատահարի և Դիեգո Ռիվերայի հետ հարաբերությունների ցավը վերապրելու ժամանակահատվածում։
Լոլա Ալվարես Բրավոն եղել է Գեղարվեստի ազգային ինստիտուտի լուսանկարների բաժնի տնօրեն։ 1951 թվականին նա բացել է պատկերասրահ և առաջինն է եղել, որ Մեխիկոյում ցուցադրել է Ֆրիդա Կալոյի աշխատանքները[11]։ Լոլան Սան Կառլոս ակադեմիայում լուսանկարչություն է դասավանդել[փա՞ստ]:
Շուրջ 50 տարի Լոլան լուսանկարել է տարբեր թեմաներ՝ ստեղծելով Մեքսիկայի գյուղերի ու քաղաքների փողոցների առօրյա կյանքի վավերագրական պատկերներ[11], տարբեր երկրների առաջնորդների դիմանկարներ։ Նա հմտացել է նաև ֆոտոմոնտաժի գործում։ Լուսանկարել է մինչև 79 տարեկան հասակում կուրանալը[12]։
Լոլայի աշխատանքները վավերագրում են Մեքսիկան և նրա ժողովրդի կենսակերպը մարդասիրական տեսանկյունից[7]։ Նա առաջին լուսանկարիչն է եղել, ում աշխատանքները ցուցադրվել են Մեքսիկական պլաստիկայի սալոնում, և նա դարձել է այս հաստատության անդամ[7]։ Լոլա Ալվարես Բրավոյի աշխատանքների արխիվը գտնվում է Թուսոնի Արիզոնայի համալսարանի Ստեղծարար լուսանկարչության կենտրոնում (CCP)[11], որը տնօրինում է նրա աշխատանքների հեղինակային իրավունքը[13]։