Պուրիմ (/ˈpʊərɪm/; եբրայերեն՝ פּוּרִים Pûrîm פור pur[1],, աքքադերեն՝ pūru), հրեական տոն, որը հիշատակում է հրեա ժողովրդի փրկությունը Համանից, որը պլանավորել էր սպանել հրեա ժողովրդին Աքեմենյան պետության օրոք։ Պատմությունն արձանագրված է աստվածաշնչյան Էսթերի գրքում (եբրայերեն՝ מגילת אסתר Megillat Ester):

Արագ փաստեր Պուրիմ, Պաշտոնապես ...
Պուրիմ
Thumb
18-րդ դարի աղոթագիրք Պուրիմի հրաշքների մասին
ՊաշտոնապեսՊուրիմ
פּוּרִים
ՏեսակՀրեական կրոն, մշակույթ
Ենթադասհրեական տոներ
Ամսաթիվ14 Adar?
Կրոնհուդայականություն
Փակել

Ըստ Էսթերի գրքի՝ պարսից Ահասերուս (համարվում է Պարսկաստանի Քսերքսես I կամ Արտաքսերքսես I)[2][3][4][5] թագավորի վեզիր Համանը նախատեսել էր սպանել թագավորության բոլոր հրեաներին, սակայն նրա ծրագրերը չիրագործվեցին Մորդեխայի և նրա զարմուհու և որդեգիր դստեր՝ Պարսից թագուհի դարձած Էսթերի շնորհիվ։ Փրկության օրը դարձավ խնջույքի և ուրախության օր։

Հիմք ընդունելով Էսթերի գիրքը[6]՝ «[...], որ նրանք պետք է տոնեն և ուրախ օրեր անցկացնեն, միմյանց բաժին ուղարկեն և աղքատներին նվերներ», Պուրիմը հրեաների կողմից տոնվում է

  • Սննդամթերքի և խմիչքների երկկողմանի փոխանակմամբ, որը հայտնի է որպես mishloach manot
  • Բարեգործություն աղքատներին, հայտնի է որպես mattanot la-evyonim[7]
  • Տոնական ուտեստի ճաշակում՝ se'udat Purim
  • Էսթերի գրքի հրապարակային արտասանում («մեգիլահի ընթերցում»), հայտնի է որպես kriat ha-megillah, սովորաբար սինագոգում
  • Լրացուցիչ արտասանումներ, որոնք հայտնի են որպես Al HaNissim, ամենօրյա աղոթքներ և գոհունակություն ընթրիքից հետո

Այլ սովորույթներ ներառում են գինու կամ այլ ալկոհոլային խմիչքների, դիմակների և բեմական հագուստների օգտագործում և հանրային տոնակատարություններ[8]։

Պուրիմն ամեն տարի նշվում է եբրայական օրացույցի համաձայն Ադար ամսի 14-ին, հրեաների՝ իրենց թշնամուն հաղթելու հաջորդ օրը։ Աստվածաշնչյան Յոշուայի ժամանակ պատով պաշտպանված քաղաքներում Պուրիմը փոխարինվում է Ադարի 15-րդ օրը, որը հայտնի է որպես Շուշան Պուրիմ, քանի որ Շուշան քաղաքում մարտնչումը շարունակվել էր Ադարի 14-րդ օրը[9]։ Այսօր, միայն Երուսաղեմում և մի քանի այլ քաղաքներում է Պուրիմը տոնվում Ադարի 15-ին։

Պուրիմի պատմություն

Thumb
Մորդեխայի հաղթանակը, նկարիչ՝ Պիտեր Լաստման

Էսթերի գիրքը սկսվում է Պարսկաստանի և Մարաստանի բանակի, ինչպես նաև իր թագավորության 127 սատրապների և իշխանների համար պարսից թագավոր Ահասերուսի կազմակերպած վեցամսյա (180-օրյա) տոնակատարությամբ, Շուշան քաղաքի հարուստ և աղքատ բնակիչների համար յոթօրյա խմիչքների խնջույքով և թագավորական բակի տաղավարում Աստին թագուհու (Vashti) կողմից կազմակերպված կանանց համար առանձին խմելու տոնակատարությամբ։

Տոնակատարության ժամանակ Ահասերուսը հարբում է, և հրամայում կնոջը՝ Աստինին, իր գեղեցկությունը ցուցադրել ազնվականների և ժողովրդի առջև իր թագավորական թագով (Չգրված Թորայի ռաբբիները հասկանում են, որ արքան ուզում էր, որ թագուհին միայն լինի արքայական թագով, նշանակում է, մերկ լինել, մի բան, որ նա կուզեր, բայց մաշկի պատճառով հրաժարվում է դա անել)։ Թագուհու հրաժարվելուց հետո Ահասերուսը նրան հեռացնում է թագուհու պաշտոնից և պատվիրում բոլոր երիտասարդ կանանց ներկայացնել իրեն, որպեսզի նա կարողանա նոր թագուհի ընտրել՝ փոխարինելու Աստինին։ Ներկայացված աղջիկների թվում էր նաև Եսթերը, որը որբացել էր դեռահաս տարիքում և գտնվում էր իր զարմիկ Մորդեխայի խնամակալության ներքո։ Որոշ ռաբինիստական մեկնաբաններ նշում են, որ նա իրականում Մորդեխայի կինն էր, քանի որ Թորան թույլ է տալիս հորեղբորն ամուսնանալ իր զարմուհու հետ։ Արքան նկատում է Էսթերին և նրան ընտրում նոր թագուհի։ Էսթերը չի բացահայտում, որ ինքն հրեա է։

Կարճ ժամանակ անց Մորդեխայը բացահայտում է երկու պալատական պահակների՝ Բիգթանի և Թերեշի դավադրությունը, որոնք պատրաստվում էին սպանել Ահասերուսին։ Նրանց ձերբակալում և կախում են, և Մորդեխայի արքունի ծառայությունը արձանագրվում է դատարանի ամենօրյա գրառումներում[10]։

Ահասերուսը Համանին նշանակում է փոխարքա։ Մորդեխային, որ նստում էր պալատի դարպասների մոտ, հրաժարվում է խոնարհվել Հանանի առջև։ Պարզելով, որ Մորդեխայը հրեա է, Համանը մտադրվում է սպանել ոչ միայն Մորդեխային, այլև կայսրության հրեա փոքրամասնությանը։ Ահասերուսի թույլտվությունն ու իր ծրագրի իրականացման և գումար ստանալու համար նա վիճակ է գցում ("purim") ընտրելու Ադար ամսվա տասներեքերորդ օրը։ Երբ Մորդեխայը հասկանում է նրա ծրագրերը, նա կոպիտ գործվածից հագուստ է հագնում, որը սգո նշան է, հրապարակայնորեն լացում և աղաղակում, նույնն անում են Շուշանում և Ահասերուսի կայսրության այլ մասերում շատ այլ հրեաներ՝ որպես տառապանք և ծոմապահություն։ Էսթերը տեղեկանում է, թե ինչ է պատահել, պալատական սպասավորի միջոցով խոսք փոխանակում Մորդեխայի հետ, որը խնդրում է Էսթերին միջնորդել թագավորին հանուն հրեաների. Էսթերը պատասխանում է, որ ոչ ոք չի կարող թագավորին խնդրել, երբ մահվան դատավճիռ կա։ Մորդեխայը զգուշացնում է նրան, որ պալատում նա ավելի անվտանգ չի լինի, քան որևէ այլ հրեա, ասում է, որ եթե լռի, փրկությունը հրեաների համար կգա մի այլ տեղից, բայց «դու և քո հոր տունը կկորչեն» և ասում է, որ նա թագուհի է դարձել, որպեսզի օգնի նման իրավիճակներում։ Էսթերն ասում է, որ ինքն երեք օր կաղոթի, այնուհետև օգնության համար կմոտենա թագավորին. «եթե ես կործանվելու եմ, թող կործանվեմ»։ Նա նաև խնդրում է, որ Մորդեխայն ասի Շուշանի բոլոր հրեաներին, որ երեք օր շարունակ աղոթեն նրա հետ միասին։ Երրորդ օրը նա հանդիպում է թագավորին և նրան Համանի ուղեկցությամբ հրավիրում է խնջույքի։ Տոնի ժամանակ նա խնդրում է, որ հաջորդ երեկոյան մյուս տոնին մասնակցեն։ Մինչդեռ, Համանը նորից խիստ վիրավորվել էր Մորդեխայից, որ հրաժարվել էր իրեն խոնարհվելուց։ Նա Մորդեխայի համար կախաղան էր պատրաստել, որտեղ մտադիր էր հաջորդ օրը նրան կախել[11]։

Այդ գիշերը Ահասերուսը տառապում է անքնությունից, և արքունի հրովարտակների ընթերցումն օգնում է նրան քնել. նա տեղեկանում է Մորդեխայի մատուցած ծառայությունների մասին և հարցնում է, թե արդյոք ինչ-որ բան արվել է Մորդեխայի համար և տեղեկանում, որ նա թագավորի կյանքը փրկելու համար չի խրախուսվել։ Այդ ժամանակ հայտնվում է Համանը, և Ահասերուս թագավորը հարցնում է նրան, թե ինչ պետք է արվի այն մարդու համար, որին թագավորը ցանկանում է պատվել։ Մտածելով, որ թագավորը խոսում է իր՝ Համանի մասին, Համանը ասում է, որ պարգևատրվողը պետք է հագնի թագավորի արքայական հագուստը և թագավորի արքունի ձին հեծնի։ Ի զարմանս Համանի՝ թագավորը նրան հանձնարարում է նման հարգանք ցուցաբերել Մորդեխայի հանդեպ[12]։

Այդ երեկո Ահասերուսը և Համանը մասնակցում են Էսթերի երկրորդ ճաշկերույթին, որտեղ նա բացահայտում է, որ ինքը հրեա է, և որ Համանը մտադիր է ոչնչացնել իր ժողովրդին, այդ թվում և իրեն։ Ահասերուսը վրդովում է և փոխարենը հրամայում Համանին կախել այն ծառից, որը նա պատրաստել էր Մորդեխայի համար։ Հրեա ժողովրդի դեմ նախորդ հրովարտակը չեղյալ չէր կարող համարվել, ուստի թագավորը Մորդեխային և Էսթերին թույլ է տալիս մեկ այլ հրովարտակ գրել, ինչպես իրենք են ցանկանում։ Արդյունքում Ադար ամսի 13-ին Շուշանում սպանվում են հինգ հարյուր հարձակվողներ և Համանի տասը որդիները։ Կայսրության ողջ ընթացքում հրեա ժողովուրդների թշնամիներից 75 հազարը սպանվում է[13][14]։

Մորդեխայը ստանձնում է Ահասերուսից հետո երկրորդ պաշտոնը և հաստատում է հրեա ժողովրդին ոչնչացումից փրկելու մասին ամենամյա հիշատակում[15]։

Պատմական տեսակետներ

Ավանդական պատմաբաններ

Բերոսոսը (մ.թ.ա. 3-րդ դար) արձանագրում է ամբողջ Պարսկական կայսրությունում «Անահիտայի» պաշտամունքը Արտաքսերքսես II-ի օրոք[16]։

Առաջին դարի պատմաբան Հովսեփոս Փլավիոսը շարադրում է Պուիմի ծագումը հրեաների հնադարյան 11-րդ գրքում։ Նա շարունակում է Էսթերի եբրայերեն գիրքը, սակայն ներկայացնում է լրացուցիչ նյութեր հունարեն տարբերակում («Սեպտուագինտա»), որտեղ նա Ահասերուսին ներկայացնում է որպես Արտաքսերքսես I և ներկայացնում է թագավորի նամակի տեքստը։ Նա նաև լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում Եզրաս և Նեեմիային վերաբերող իրադարձությունների մասին[17]։ Հովսեփոսը արձանագրում է նաև հրեաների պարսկական հետապնդումը և նշում է, որ հրեաներն ստիպված են երկրպագել Պարսկաստանում ստեղծված սրբավայրերը[17][18]։

Տասներորդ դարի հրեական պատմությունը կազմող Յոզիպպոնը Պուիմի ծագմանն անդրադառնում է 4-րդ գլխում։ Այն շարունակում է աստվածաշնչյան բովանդակությունը և ներառում լրացուցիչ ավանդույթներ, որոնք համապատասխանում են հունարեն տարբերակին և Հովսեփոսի մոտ (որոնք հեղինակը համարում է որպես աղբյուր), բացառությամբ վերջինիս աշխատանքներում հայտնաբերված նամակների մանրամասների։ Այն նաև տրամադրում է այլ համատեքստային տեղեկություններ, որոնք վերաբերում են հրեական և պարսկական պատմությանը, օրինակ Դարիուս Մարաստանցու նույնականացումը որպես Կյուրոսի հորեղբայր և հայր[19]։

Իրադարձությունների վերաբերյալ հակիրճ պարսկական պատմություն ներկայացնում է իսլամական պատմիչ և աստվածաբան Մուհամմադ իբն Ջարիր ալ-Տաբարին իր «Մարգարեների և թագավորների պատմության» մեջ (ավարտվել է մ.թ. 915 թ.)[20]: Հիմնվելով հրեա և քրիստոնեական աղբյուրների վրա՝ Տաբարին լրացուցիչ մանրամասներ է տրամադրում, օրինակ «Էսթերի» պարսկական բնօրինակ «Աստուրիա» ձևը[21]։ Նա իրադարձությունները ներկայացնում է Արդաշիր Բահմանի (Արտաքսերքսես II) օրոք[22], բայց շփոթում է նրան Արդաշիր ալ-Տավիլ ալ-Բայի (Արտաքսերքսես I) հետ, մինչդեռ Ահասերուսը համարում է համաղեկավարի անունը[21]։ Մեկ այլ կարճ պարսկական գրառում արձանագրված է Մասուդիի «Ոսկու հովիտներում» (ավարտվել է մ. թ. 947-րդ դ.)[23]: Նա անդրադառնում է մի հրեա կնոջ, որն ամուսնացել է պարսից թագավոր Բահմանի (Արտաքսերքսես II) հետ և ազատել իր ժողովրդին[22][24][25]՝ հաստատելով Ահարերուսի նույնականացումը։ Նա նաև նշում է կնոջ դստերը՝ Խումային, որը հայտնի չէ հրեական ավանդության մեջ, բայց հիշատակվում է պարսկական բանահյուսության մեջ։ Ալ-Տաբերին նրան անվանում է «Խումանի» և պատմում է, թե ինչպես է նրա հայրը (Արդաշիր Բահմանը) ամուսնացրել նրան։ Ֆիրդուսին իր Շահնամեում (մոտ. 1000 թ.) նույնպես նկարագրում է, թե ինչպես է Բահման թագավորն ամուսնացնում Խումեյին[26]։

19-րդ դարի աստվածաշնչյան մեկնաբանությունները ընդհանուր առմամբ Ահասերուսին նույնացնում են Պարսկաստանի Քսերքսես I-ի հետ[27]։

Ժամանակակից տեսակետներ

Մերձավոր Արևելքի և Պարսկաստանի որոշ պատմաբաններ պնդում են, որ Պուրիմն իրականում պատմական հիմք չունի։ Ամնոն Նեցերը և Շաուլ Շաքեդը պնդում են, որ «Մորդեխայ» և «Էսթեր» անունները նման են բաբելոնյան աստվածներ Մարդուկ և Ինաննա անուններին[28][29][29][30][31]։ Ամելի Կուրրթը ասում է, որ Էսթերի գիրքը կազմվել է հելլենիստական ժամանակաշրջանում և այն ցույց է տալիս պարսկական պալատի հեռանկարը, որը նույն է, ինչ դասական հունական գրքերում[32]։ Շաուլ Շաքեդն ասում է, որ գրքի ստեղծման ամսաթիվն անհայտ է, բայց հավանական է, որ Աքեմենյան թագավորության անկումից հետո չի եղել, այլ պարթևական ժամանակաշրջանում, թերևս, մ.թ.ա. երրորդ կամ երկրորդ դարում[29]։ Մակքլուն նաև առաջարկում է, որ Հերոդոտոսը գրի է առել Քսերքսեսի թագուհու անունը որպես Ամեստրիս (Օթանեսի դուստրը) և ոչ թե որպես Էսթեր[31]։ Գիտնականներ Ալբերտ Բաումգարտեն և Ս. Դեյվիդ Սփերլինգը և Ռ. Ջ. Լիթմանն ասում են, որ ըստ Հերոդոտոսի, Քսերքսեսը կարող էր միայն ամուսնանալ իր հայր Դարիուս I-ի վեց դաշնակիցներից մեկի դստեր հետ[33][34]։

Աստվածաշնչյան և ռաբբիական աղբյուրներ

Thumb
Եսթերի գիրքը

Պուրիմի ծագման վերաբերյալ բնագիր աղբյուրը Էսթերի գիրքն է, որը դարձավ Եբրայերեն Աստվածաշնչի 24 գրքերից վերջինը, որը սրբացվել է Մեծ ժողովի իմաստունների կողմից։ Այն թվագրված է մ.թ.ա. չորրորդ դար[35] և ըստ Թալմուդի Մորդեխայի բնագիր տեքստի Մեծ ժողովի կողմից խմբագրված տարբերակն է[36]։

Միշնայում Մեգլիա տրակտատը (վերախմբագրված մ.թ. 200) արձանագրում է պուրիմին վերաբերող օրենքները։ Դրան զուգահեռ հրեական սուրբ գիրքը՝ Թոսեֆթան (վերախմբագրվել է նույն ժամանակահատվածում) և Գեմարան (Երուսաղեմում և Բաբելոնյան Թալմուդը վերախմբագրվել է մ.թ. 400-ական թվականներին և համապատասխանաբար 600-ական թվականներին)[37] արձանագրում է լրացուցիչ մանրամասներ, որ Աստին թագուհին եղել է Բալթասարի դուստրը, ինչպես նաև մանրամասներ, ըստ Հովսեփոս Փլավիոսի, որ Էսթերը թագավորական ծագում ունի։ Էսթերի մասին կարճ հիշատակում կա Հուլլին տրակատում (Bavli Hullin 139b), Համանի երկրպագությանը վերաբերող կռապաշտությունը քննարկվում է Sanhedrin տրակատում (Sanhedrin 61b):

Էսթեր Ռաբբա ստեղծագործությունը միդրաշային տեքստ է՝ բաժանված երկու մասի։ Առաջին մասը վերագրվում է մ. թ. 500 թ. և մեկնում է Էսթերի հրեական գրքի առաջին երկու գլուխները և աղբյուր է հանդիսանում Targum Sheni-ի համար։ Երկրորդ մասը վերախմբագրվել է 11-րդ դարում և ներառում է մեկնություններ Եսթերի մնացած գլուխների մասին։ Այն նաև պարունակում է լրացուցիչ նյութ, որը հանդիպում ենք Josippon-ում (Ադամից մինչև Տիտոսի ժամանակների հրեական պատմության քրոնիկ, որը ենթադրվում էր, որ գրվել է Յոսիպպոնի կամ Յոզեֆ բեն Գորիոնի կողմից)[38]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.