հայ քաղաքագետ, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Վրացյան (Սիմավոն Ղազարոսի Գռուզյան) (մարտի 24, 1882[1], Մեծ Սալա, Ռոստովի շրջան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1969, Բեյրութ, Լիբանան) (դասական ուղղագրությամբ՝ Սիմոն Վրացեան), հայ հասարակական-քաղաքական, ազգային պետական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։
Սիմոն Վրացյան Սիմոն Վրացեան | |||
| |||
---|---|---|---|
Նոյեմբերի 25, 1920 - Դեկտեմբերի 2, 1920 | |||
Նախորդող | Համո Օհանջանյան | ||
Հաջորդող | Պաշտոնը կասեցվել է | ||
| |||
Նոյեմբերի 25, 1920 - Դեկտեմբերի 2, 1920 | |||
Նախորդող | Համո Օհանջանյան | ||
Հաջորդող | Պաշտոնը կասեցվել է | ||
| |||
Ապրիլի 3, 1920 - Նոյեմբերի 23, 1920 | |||
Նախորդող | Թադևոս Թոշյան | ||
Հաջորդող | Արշակ Հովհաննիսյան | ||
| |||
Ապրիլի 3, 1920 - Նոյեմբերի 23, 1920 | |||
Հաջորդող | Արշակ Հովհաննիսյան | ||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Կրթություն՝ | Գևորգյան հոգևոր ճեմարան (1906) և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1910) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քաղաքագետ, գրող, իրավաբան և լրագրող | ||
Ծննդյան օր | 1882 | ||
Ծննդավայր | գ. Մեծ Սալա, Նոր Նախիջևան (Ռուսաստան) | ||
Վախճանի օր | Մայիսի 21 1969 | ||
Վախճանի վայր | Բեյրութ (Լիբանան) | ||
Թաղված | Բեյրութ | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստան | ||
Ի ծնե անուն | Սիմոն Գռուզեան | ||
Սիմոն Վրացյանը ծնվել է 1882 թվականի մարտի 24-ին Ռոստովի մերջակայքում՝ Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում, Ղրիմից գաղթած գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը հարուստ, բայց աղքատացած Մերկյան Քերոբի ժառանգներից էր՝ չարքաշ հողագործ և վարձու աշխատավոր։ Ավելի ուշ, երբ տնից հեռու էր, հայրը՝ Ղազարոսը, Նոր Նախիջևանում իջևանատուն ուներ և ապրում էր ավելի բավարար նյութական պայմաններում։ Ղազարոսի ընտանիքը կրում էր Գռուզյան (Գրուզյան) ազգանունը, համաձայն ընտանեկան ավանդության «գռուզ» (գանգուր) մազեր ունենալու պատճառով, որը դպրոցում դարձավ Գրուզինյան, ապա թարգմանվեց հայերեն՝ Վրացյան[2]։
Ընտանիքի կազակական բնակավայր տեղափոխվելու պատճառով՝ Ս․Վրացյանը սկզբնական կրթությունը ստացել է ռուսական դպրոցում, մի հանգամանք, որը չափազանց վշտացրել է ավանդապահ ու հավատացյալ մորը։ Ինչպես վկայում է Սիմոն Վրացյանն իր հուշերում, մայրն անընդհատ կրկնում էր․ «Վախ, վախ, զավակներս ձեռքե կերթան», իսկ երբ հայրը նրան տանում է ռուսական դպրոց, մոր վերջին խոսքը լինում է «Նայե , հայնակ չմոռնաս»։
Հայրենի գյուղում, ուր ընտանիքը շուտով վերադառնում է, Ս․Վրացյանի առաջին ուսուցիչը եղավ Խաչիկ վարժապետը, որը դասավանդում էր գյուղական Ս․ Համբարձումյան ծխական դպրոցում։ Լավ երգում էր և վայելում գյուղացիների սերն ու հարգանքը։ Գյուղի տարրական նախակրթարանն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակում է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Հուշագրության էջերում նա երախտագիտությամբ է հիշում թեմականում սովորելու տարիները, հատկապես դպրոցում տիրող ավանդապաշտ հայկական ոգին․ հանդեսներում արտասանում էին Գամառ Քաթիպայի հրաշունչ ազատության երգերը։ Սիրված երգերն էին «Ծիծեռնակ», «Արի, իմ սոխակ» և այլն։
1900 թվականներին Վրացյանը իբրև նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձության որդեգիր՝ ընդունվում է Գևորգյան ճեմարանի դպրոցական բաժնի 4-րդ դասարանը։ Ճեմարանի լսարանն ավարտում է 1906 թվականին։ Նրա ավարտական թեզի՝ «Ղրիմի հայերի գաղթականությունն ու պատմությունը» աշխատանքի վրա ճեմարանի բազմամյա ուսուցիչ Ս․ Կանայանը մակագրում է «Հույժ գովելի»։ Ս․ Վրացյանը «գովելի» գնահատականով ճեմարանն ավարտելով՝ ստանում է մանկավարժ-ուսուցչի որակավորում (որը համազոր է մեր ժամանակի բարձրագույնին)։ Ճեմարանում Վրացյանն աշակերտում է 20-րդ դարի առաջին տասնամյակների լավագույն հայ գիտնական, հասարակական, գրական գործիչ-մանկավարժների, Եվրոպայի և Ռուսաստանի մանկավարժական, գիտական օջախներում կրթություն ստացած առաջադեմ գաղափարներով տոգորված հայրենասերների։ Դրանք էին Մ․Աբեղյան, Հ․Մանանդյան, Գ․Հովսեփյան,Կ․ Տեր-Մկրտչյան,Կոմիտաս, Ս․ Կանայան և այլն։
Վրացյանը ճեմարանի հանդեպ ունեցել է հատուկ վերաբերմունք և այն անվանել է «լույսի աղբյուր»։ 1906 թվականին Վրացյանն ավարտելով Գևորգյան ճեմարանը, վերադառնում է հայրենի քաղաք՝ Նոր Նախիջևան՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նոր-Նախիջևանից Ս. Վրացյանը թղթակցում է «Մշակին», տեղի հայությանը հուզող հարցերին վերաբերող նյութերով։ Այսպես, 1907 թվականի փետրավրի 8-ին նա ընդարձակ հոդված է ուղարկում «Մշակին»՝ քաղաքի արհեստավորական դպրոցի կրթական խնդիրների վերաբերյալ «Վուլկան» ստորագրությամբ։ «Նոր կյանքում» նա հանդես էր գալիս Սիգ, Մար-Շիմոն, Մամուրյան, Մորգան և այլ կեղծանուններով[3]։ Այստեղ նա գործուն մասնկացություն է ունենում տեղում հրատարակվող «Նոր կյանք» թերթի աշխատանքներին, խմբագրում է այն, սակայն նրան միայն 1908 թվականին հաջողվում է ընկերների նյութական աջակցությամբ մեկնել Ս․ Պետերբուրգ։ 1908-1910 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ նաև բարձրագույն ուսումնական ճեմարանում։
1906 թվականից սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ Գևորգյան ճեմարանում գործում էին դաշնակցական մի շարք գաղտնի խմբեր Վաղարշապատի կոմիտոի վերահսկողության ներքո։ Խմբերն ունեին պայմանական անուններ՝ Դաշույն, Վրեժ, Սասուն, Չոբանքյարա և այլն[4]։
Սիմոն Վրացյանի գործուն մասնակցությամբ Պետերբուրգում հիմնադրվում է գրական-գեղարվեստական խմբակ, որն իր հավաքույթներում քննարկում էր ժամանակի գրական նոր ստեղծագործությունները, հետևում թատերական կյանքին, արվեստի նորույթներին, այցելում թանգարաններ, ունկնդրում հայտնի դասախոս-տեսաբանների ելույթներ։ Համալսարանում նա ներկա է լինում Ն․ Ադոնցի առաջին դասախոսությունը, այնուհետև հայ ուսանողների հետ կազմակերպում որոշակի թվով ուսանողների ներկայության Ն․Ադոնցի դասերին, որն անհրաժեշտ էր նրա պաշտոնավարության համար։
Պետերբուրգում ուսանելու ժամանակ Ս․Վրացյանը Թիֆլիսի մամուլի պաշտոնական թղթակից էր և հաճախ ներկա էր լինում Պետական Դումայի նիստերին, տեղեկություններ և իր տպավորությունները հաղորդում Թիֆլիս։ Ս․ Վրացյանն իր բարձրագույն կրթությունն ավարտել է 1910 թվականին։ Պետերբուրգում եղած ժամանակ հնարավորություն է ունենում մոտիկից ծանոթանալու, լսելու ժամանակի առաջադեմ գործիչների, մանկավարժների դասախոսությունները, դիտելու ներկայացումներ, մի խոսքով հաղորդակցվելու մայրաքաղաքի հասարական ու մշակութային, կրթական կյանքի կարևոր իրադարձություններին։ «Պետերբուրգը լրացրեց էջմիածնի ճեմարանի թերիները, - գրում է հետագայում Ս.Վրացյանը[5]։ Ուսանելուն զուգահեռ նա թղթակցում է Թիֆլիսի մամուլին «Ս. Վրացյան» ստորագրությամբ, ինչպես նաեւ Կ.Պոլսի «Ազատամարտին»։
Դաշնակցության դեմ սկսված հալածանքները հարկադրեցին Ս. Վրացյանին թողնել Պետերբուրգը եւ ապաստանել Թուրքիայում։ 1910 թ. նա գտնվում էր Կարինում, որտեղ դասավանդում է Սանասարյան վարժարանում՝ մանկավարժություն և Հռիփսիմյան օրիորդաց դպրոցում՝ Հայոց պատմություն։ 1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայել «Պսակ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունն առգրավել է։ Վախենալով հետապնդումից՝ Վրացյանը փախել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդել է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրել է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ Թուրքիայում ապրելու ժամանակահատվածում Ս․ Վրացյանը հնարավորություն է ունենում մոտիկից ծանոթանալու արևմտահայության որոշ հատվածների տնտեսական ու հասարակական կյանքին։ Նշանավոր քաղաքական պետական հասարակական գործիչ Սիմոն Վրացյանի խմբագրական-լրագրողական աշխատանքը եղել է նրա բազմաբնույթ գործունեության անբաժանելի օղակը և կարող է պատիվ բերել յուրաքանչյուր մասնագետ լրագրողի, խմբագրի։
Ս. Վրացյանի կյանքի առաջին շրջանից սկսած նրա գործունեության բոլոր դրսևորումներին զուգահեռ ընթացել է լրագրողական, խմբագրական աշխատանքը։Կարինում Ս. Վրացյանը 1910-1911 թթ. խմբագրում է «Յառաջ» թերթը։ «Իմ գլխավոր զբաղումը Կարինում, -իհարկէ, «Յառաջի» խմբագրութիւնն էր» և ապա արտաքին բարեփոխումներից զատ, որ կատարում է խմբագիրը, գլխավորն իհարկե բովանդակությունն էր, ընդգրկման սահմաններն էին, խնդիրների բազմազանությունը, որ արծարծում էր «Հայրենիք» և դրանով իսկ ձեռք բերում հեղինակություն Կարինի հայոց շրջանակներում։
1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։
1918 թվականին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի, ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։
Անկախության հռչակումից հետո (1918) թվականին նշանակվել է Հարավ Ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920 թվականի մայիսին նշանակվել է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար։ 1920 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որն ընթանում որն ընթանում էր Ամերիկայից նոր վերադարձած Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր Հրաժարականը։ Այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ 34 կողմ և մեկ ձեռնպահ։ Նիստում ձայների նույն հարաբերակցությամբ վարչապետ է ընտրվում Խորհրդարանի անդամ, Հ. Օհանջանյանի կառավարության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար Սիմոն Վրացյանը։ Նա նիստում ներկայացնում է կառավարության հայտարարագիրը(դեկլարացիան)։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921 թվականի փետրվարին տեղի ունեցել է փետրվարյան ապստամբությունը խորհրդային կառավարության անիրավությունների դեմ։ Դրանից հետո, Վրացյան, որն ապստամբության նախօրյակին գտնվել է ընդհատակում և դեմ է եղել ապստամբության գաղափարին, գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Ավելի քան մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի անհաջող ելքի պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ դուրս է եկել երկրից։ 1921 թվականի օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում՝ շարունակելով քաղաքական գործունեությունը։
1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ հուշագիր է ներկայացրել Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության վրա։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանի տնօրենն էր։
Գրել է պատմագիտական և հուշագրական արժեքավոր աշխատություններ («Հայաստանի Հանրապետություն», 1928թ., «Կյանքի ուղիներով», հ.1-6, 1955-67թթ, «Հին թղթեր նոր պատմության համար», 1962թ., նամակների ժողովածու և այլն), հրատարակել է «Վեմ» հանդեսը (1933-38թթ), կարդացել զեկուցումներ («Քաղաքական մոմենտի մասին» և այլն)։ Մահացել է Բեյրութում։
Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը ունեցել է մի քանի հրատարակություն։
1918-1920 թվականներին Հայաստանը հայտնվել էր ներքին և, հատկապես, արտաքին քաղաքական տագնապալի վիճակում։ Հյուսիսից սպառնում էր Խորհրային Ռուսաստանը, Հարավ-արևմուտքից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ու Ալեքսանդրապոլը գրաված քեմալական Թուրքիան, իսկ արևելքից Նախիջևանի թուրքերն ու մուսավաթական Ադրբեջանի ասկյարները։ Իսկ Վրաստանը, չեզոքության քողի տակ Հայաստանի հետ կնքած ժամանակավոր համաձայնագրով զորքերը մտցնելով Բորչալուի գավառ, ձգտում էր այն վրացական անվիճելի տարածք դարձնել։ Հ. Օհանջանյանի կառավարությունն իրեն սպառել էր արդեն[6]։
Հասարակական-քաղաքական շրջաններում երկու լուծում էին տեսնում։ Մի մասը համարում էր, որ բոլոր կուսակցությունները պետք է համախմբվեն այնպիսի մեկի նախագահությամբ, ով կկարողանար միավորել բոլոր քաղաքական ուժերը և վստահություն ներշնչեր թուրքերին։ Մյուս մասը իրավիճակի ելքը տեսնում էր «ձախակողմյան» կառավարություն կազմելը, որով հնարավոր կլիներ ընդհանուր լեզու գտնել բոլշևիկների հետ[7]։ Ընտրությունը կանգ էր առել Քաջազնունու թեկնածության վրա, ով դեռևս 1918 թվականինօ օգոստոսի 3-ին արտահայտվել էր հատկապես թուրքերի հետ խաղաղության հաստատման կարևորության օգտին[8], բայց Դաշնակցություն կուսակցության ներսում պետական-կուսակցական սկզբունքային հակասություններ կային, որը մի երրորդ խումբ էր կազմում.
Մի խումբ էլ կար միջին տեղը բռնող Վրացյանի, Ջամալյանի գլխավորությամբ, որ կամուրջն էր այսպես ասած ռուսական կամ բոլշևիկյան ուղղության և ծայրահեղ անկախության կողմնակիցների կամ ավելի շուտ ազգայնականների միջև... Սրանց ձգտումն էր Հայաստանը և կառավարությունը հայացնել լեզվով, սովորույթով ու օրենքով, անխնա լինել բոլոր նրանց դեմ, որոնք դեմ են անկախ Հայաստանին, և տատանվողներին չհավատալ[9]։ - Զինվորական նախարար Ռուբեն |
Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել[10]։ 1920 թվականի նոլեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը՝ որպես «ձախ» կառավարություն։ Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ[11]։ Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»[12]։
Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում Խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին։ Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ, ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցւթյամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով։ Իմ կողմից ես խոստանում եմ թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր Հանրապետության բարգավաճման համար։ Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարության կազմը ձեզ ներկայացնելու համար[13]։ - Սիմոն Վրացյան |
Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24 ֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը[14].
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Սիմոն Վրացյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն | |
Դրաստամատ Կանայան | ՀՀ Ռազմական նախարար | ՀՅԴ | |
Համբարձում Տերտերյան | ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Վահան Մինախորյան | ՀՀ Կրթության նախարար | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն | |
Արշամ Խոնդկարյան | ՀՀ Կապի նախարար, Արդարադատության նախարար | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն | |
Արշակ Հարությունի Հովհաննիսյան | ՀՀ Գյուղատնտեսության և աշխատանքի նախարար | ՀՅԴ, Բաքվի «Արև» թերթի խմբագիր[15] |
Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև[16]։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը[17]։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին[15]։
Կառավարության հայտարարագրում (դեկլարացիա) Սիմոն Վրացյանը կարևորել է Հաստատում թուրքերի և հարևան երկրների հետ «խաղաղ համակեցության» հաստատումը, «երկրի ուժերի հավաքումը և ժողավրդական կուռ բանակի կազմակերպումը», պետության ներքին կյանքում «պետության հիմքերը փորող բոլոր ուժերի և երևույթների դեմ» պայքարելը, «օրենքի գիտակցումն» ուժեղացնելը, «հանցավորներին պատժելը», «պարենավորման սուր ճգնաժամը մեղմելը և գաղթականների ծանր վիճակը թեթևացնելը», ինչպես նաև «երկիրը արտաքին փոթորիկներից հեռու պահելը» և Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։
Եթե Կիլիկիայից մինչև Շուշի շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, ապա Նոր Բայազետի ու Երևանի շրջաններից կազմված մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք։ Եվ այժմ քննադատելով մեր անցյալ գործելակերպը չպետք է ընկնենք չափազանցությունների մեջ և մեր ձգտումները հարմարացնենք մեր ուժերին»։ - Սիմոն Վրացյան, «Հառաջ» 28 նոյեմբերի 1920 |
Իր կառավարման տասն օրերի ընթացքում մի շարք օրենքներ և որոշումներ ընդունվեցին. ռազմական նախարար Դ. Կանայանի ներկայացրած 36-37 տարեկան զինապարտներին բանակից զորացրելու օրինագիծը (ավելացվեցին նաև 33, 34 և 35 տարեկանների զորացրումը), բանակը սնունդով ապահովելու որոշումներ, 1920 թվականի նոյեմբերի 28֊ին բոլշևիկների հարկադրանքով[18] բանտարկությունից ազատ արձակվեցին քաղաքական բոլոր կալանավորները։ Թեև ռուսական կողմն ի պատասխան դրան խոստացել էր ազատ արձակել Խորհրդային Ռուսաստանում ու Ադրբեջանում բանտարկված դաշնակցականներին, սակայն խոստումը թղթի վրա մնաց[19]։
Սիմոն Վրացյանին վիճակված էր իր տրամաբանական վերջնագծին հասցնել հայ-թուրքական ու հայ-ռուսական բանակցությունները։ Ի պաշտոնե նա և՛ վարչապետ էր, և՛ արտաքին գործերի նախարար։
Ալեքսանդրապոլում տեղակայված քեմալական Թուրքիայի ներկայացուցիչ Քյազիմ Կարաբեքիր փաշան 1920 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանին պարտության մատնելուց հետո վերջնագիր էր ներկայացրել հրաժարվել Սևրի պայմանագրից և վերջնաժամկետ էր նշանակել նոյեմբերի 25-ի ժամը 6:45-ը։ Նախքան հրաժարական տալը, Օհանջանյանի կառավարությունն արդեն որոշել էր Կարաբեքիր փաշայի հետ բանակցություններ վարելու նպատակով Ալեքսանդրապոլ մեկնող պատվիրակության կազմը[20]։ Բանակցությունների վերսկսումը նախատեսվում էր նոյեմբերի 24-ի երեկոյան 24-ը։ Ուշագրավն այն է, որ զարմանալի զուգադիպությամբ Բ. Լեգրանը նոյեմբերի 19-ին էր Երևան ժամանել։ Այդպիսով, ակնհայտ էր ռուս-թուրքական պայմանավորվածության իրողությունը. Ռուսաստանն ակնդետ հետևում էր թուրքական բանակի առաջխաղացմանը։
...Փոխանակ Սևրի դաշնագրի իրագործման, Հայաստանն ունեցավ նոր պատերազմ փաստորեն երկու ճակատի վրա Թուրքիայի և Ռուսաստանի հետ[21][22][23][24],։ - Սիմոն Վրացյան |
Վրացյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո փորձում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ Լեգրանի միջոցով, որը Բաքվից Երևան էր վերադարձել նոյեմբերի 19֊ին, թեպետև 1920 թվականի հոկտեմբերի 28-ին ուղևորվել էր Մոսկվա՝ Հայ֊ռուսական պայմանագրի կազմված նախագիծը ստորագրելու ու հաստատելու նպատակով։ Պայմանագիրը Հայաստանի համար բավականին նպաստավոր կետեր էր պարունակում (հատկապես 2-րդ և 4-րդ կետերը)[25], սակայն Լեգրանը կանգ էր առել Բաքվում։ Այդ ժամանակ Ստալինի և Օրջոնիկիձեի ստորագրությամբ հեռագիր է ուղարկվում Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին և Լենինին։ Հեռագրում ասվում էր, որ պայմանագիրը «պետք է հանգամանալից քննարկվի և ենթարկվի էական փոփոխության։ Թուրքիան պետք է Ռուսաստանի ճնշման տակ նահանջի մինչև 1914 թվականի սահմանը»[26]։ Բացի այդ նոյեմբերի 16-ին Ստալինը Լենինին հեռագրով տեղյակ էր պահում, որ Մդիվանիին հրահանգել է, որ «դաշնակների պատճառով թուրքերի հետ չկռվել»։
Եվ ահա, Լեգրանը Երևանում, նոյեմբերի 19֊ին Կովկասյան բյուրոյի անդամ Բ. Մդիվանիի մասնակցությամբ երեք ժամ տևողությամբ զրույց է ունենում վարչապետ Հ. Օհանջանյանի և զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանի հետ։
Սիլինին գրած նամակում Լեգրանը գրել է, որ Ստալինի ղեկավարած խորհրդակցությունը բացասական ազդեց Հայ-ռուսական պայմանագրի վրա և «մենք փաստորեն ոչինչ չենք կարող անել թուրքերի հարձակման կապակցությամբ»[27]։
Այս պայմաններում, նոյեմբերի 23-ին Հայաստանի Խորհրդարանը վարչապետ է ընտրում Ս. Վրացյանին, որն էլ անմիջապես բանակցություններ է սկսում Բ. Լեգրանի հետ։ Բանակցությունների կարևոր թեմաներն էին.
Բանակցություններն արդյունավետ չեղան, քանի որ «Հայաստանի Խորհրդայնացման հարցը նախորդ ամիսներին արդեն լուծվել էր Մոսկվայում և Բաքվում։ Սակայն հայ ժողովրդի ֆիզիկական ապահովությունից ելնելով բանակցությունները շարունակվում էին Ալեքսանդրապոլում՝ թուրքերի, Երևանում՝ Լեգրանի հետ։ Թուրքերը կտրականապես մերժեցին Ալեքսանդրապոլում ռուսական կողմը ներկայացնող Մդիվանիի միջնորդությունը։ Իսկ Լեգրանը մերժման այդ հանգամանքով մեկնաբանում է, թե ինչու չի ստացվում թուրքերին Հայաստանի վերաբերյալ պայմաններ առաջադրել։ Մեկ այլ դեպքում ասում է, որ Մդիվանին լիովին թուրքերի ազդեցության տակ է[29]։ Ըստ Խատիսյանի. «...ան ավելի շատ խանգարեց մեզ, քան օգնեց»[30]։
Բաքվում կազմված Հայաստանի Հեղկոմը Կարմիր բանակի ոչ մեծաթիվ զորամասերի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին մուտք է գործում Իջեանի գավառ և հայտարարում խորհրդային իշխանության հաղթանակը ողջ Հայաստանում[31]։ Վրացյանը Լեգրանին է դիմում, որից նախ հերքում է ստանում, ապա որոշ ժամանակ անց հաստատում է։ «Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի էր»[32]։ Հնարավոր է, որ Լեգրանն իրոք տեղյակ չէր. նա Գ. Չիչերինին ուղղած հեռագրով պահանջում է դադարեցնել ռուսական զորքի առաջ խաղացումը՝ այն հետաձգելով մինչև դեկտեմբերի 3-ը և նշելով, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար բանակցություններ է վարում Դրոյի հետ[33]։
1920 թվականի սեպտեմբերի 17-ին Բաքվում ծրագիր էր մշակված, ըստ որի «թուրքական զորքերը կսկսեն հարձակվել Հայաստանի վրա, իսկ մենք մեր մամուլում և Եվրոպայում գտնվող ազատ մարմինների միջոցով սարսափելի աղմուկ կբարձրացնենք նոր հայ-թուրքական կոտորածի մասին, այն վերջնականապես դադարեցնելու անհրաժեշտության և կոտորածի դադարեցման համար մեր զորքը Հայաստան կմտնի...»[34]։
Հայաստանի Հեղկոմը իմ ստացած տեղեկությունների համաձայն, մտել է Հայաստանի սահմանները[35][36]։ - Հայաստանում ՌՍՖՍՌ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրան» 1920 թվականի դեկտեմբերի 1 |
Լեգրանի Հայաստանի կառավարության նախագահին հանձնած այս հայտարարությունը վերջնագրի է նման։ Խորհրդարանի դաշնակցության խմբակցության դեկտեմբերի 1-ի երեկոյան վերջին նիստում վերջնական որոշում է ընդունվում իշխանությունը հանձնել Դրոյին՝ որպես զորաբանակի ընդհանուր հրամանատար, իսկ նրա խորհրդական-կոմիսար նշանակել Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Սիլինին։
Դեկտեմբերի 2-ին կողմերը ստորագրում են երկու փաստաթուղթ, որոնցից մեկը կոչվում է ակտ, հայտնի է հայերեն և ռուսերեն տպագիր օրինակներով, մյուսը հայ-ռուսական համաձայնագիր։ Նախքան ակտը կազմելը, ըստ Վրացյանի, համաձայնագիր է կնքվել ՌՍԴԽՀ և Հայաստանի կառավարության միջև։ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել են Դրոն և Հ. Տերտերյանը, Խորհրդային Ռուսաստանի կողմից՝ Լեգրանը։ Ակտի բովանդակությունը հեռագրով հաղորդվել է տեղական իշխանություններին, նաև Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեկզադյանին։
Դեկտեմբերի 2-ին, ռադիոյով ստացած տեղեկության համաձայն ԱՄՆ պրեզիդենտ Վ. Վիլսոնը Ազգերի Լիգային տեղեկացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդ լինելու իր համաձայնության մասին և որ կարող է բարոյական ճնշում գործադրել Թուրքիայի վրա[37]։
Երբ Արևելյան Հայաստանը վտանգված էր և հայերը կը պարտավորեին Թուրքիո գլուխ ծռել, նոյեմբերի 22-ին էր միայն որ Նախագահ Ուիլսըն կը ստորագրեր իր իրավարարությունը Հայաստանի սահմաններու մասին, որ պիտի ընդգրկեր Վանը, Մուշր, Էրզրումը և Տրապիզոնը։ 10 օգոստոսեն 22 նոյեմբեր այս ձգձգումը ի միջի այլոց քաջալերած էր թուրքերր հայ-թրքական պատերազմը սկսելու[38]։ - Զ. Մսորլյան «Երեք Դաշնագիր» |
Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 1920 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական ու քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին։
- Նախարարների խորհրդի նախագահ` Ս. Վրացյան |
1921 թվականին, հունվար փետրվար ամիսներին, սոցիալական և քաղաքական հողի վրա դժգոհությունների ալիք բարձացավ հայության մեջ և երկու տասնյակ հայորդիներ վերջին ճիգերով փորձեցին վերականգնել Հայաստանի անկախությունը։ 1921 թվականի փետրվարի կեսերին Հայրենիքի փրկության կոմիտեի խորհուրդը գաղտի նիստ է անցկացնում Ճաթղռան՝ Գեղաշեն գյուղում տեր հայր Գարեգին Սարգսյանի տանը[39]։ Կոմիտեի հաջորդ գաղտնի ժողովը անցկացվում է Զառ գյուղում[40]։։
1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբություն տեղի ունեցավ։ Հակախորհրդային ապստամբությունը առաջնորդեց Հայրենիքի փրկության կոմիտեն, կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանինը, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ․Սարգսյանը, Եփրեմ Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։ 1921 թվականի ապրիլի 2-ին բոլշևիկները գրավում են Երևանը։ Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Դարալագյազ (Եղեգնաձոր)։ Մայիսի սկզբներին Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ Եփրեմ Սարգսյանը կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ որպեսզի վերջին անգամ տեսակցի իր հարազատների հետ։ Այդ այցի մասին պատմել է գինոսեց Հունաի կինը՝ Արփո Սարգսյանը ,Եփրեմի հորեղբոր աղջիկը։ Եփրեմ Սարգսյանը առավոտ շուտով սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր և այդես էլ նա այլևս չվերադարձավ իր հայրենիք այս պատմությունը պատմել է Արփո Սարգսյանը[41]։
1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները անցան Պարսկաստան[42]։։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.